Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 500 դրամով ավելացվում է ընտանեկան բազային նպաստը՝ հասցվելով 4500 դրամի: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել, որ այս տարվա բյուջեում շուրջ 30 տոկոսով ավելացվել են աղքատության ընտանեկան նպաստի հատկացումները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի պարզաբանումներով, նպաստառու այն ընտանիքները, որոնք կարիքավոր լինելով հանդերձ, ընդգրկված չէին աղքատության նպաստի համակարգում ու միանվագ օգնություն էին ստանում, այսօր ընդունված որոշմամբ կներառվեն այդ համակարգի մեջ, քանի որ մեկ միավորով իջեցվել է աղքատության նպաստի հատկացման շեմը:

Եռամսյա միանվագ ընտանեկան նպաստներին տրվող գումարների կրճատումը նախարարը հիմնավորեց տարածքային սոցիալական տեսչությունների ղեկավարների կամայական մոտեցումները կանխելու մտադրությամբ. - «Մենք այդ տոկոսը փոքրացնելով, փորձում ենք այստեղ ավելի կարգ ու կանոն հաստատել»:

Աղքատության նպաստի հատկացման շեմի իջեցումը նախարարը բացատրեց նաեւ նրանով, որ 700-800 դրամով կենսաթոշակների ավելացման հետեւանքով շուրջ 15 հազար կենսաթոշակառու մեխանիկորեն կզրկվեին 7500 դրամ ընտանեկան նպաստից։ Նույնը վերաբերում է սոցիալական նպաստ ստացող 8500 երեխաներին, որոնց նպաստը նույնպես անցյալ տարի ավելացավ 500 դրամով։

Աղվան Վարդանյանի հավաստմամբ, ընթացիկ տարվա ընթացքում կավելացվի նաեւ անչափահաս երեխաներին տրվող 2000 դրամ բազային նպաստի հավելավճարը:

«Ավելացնում ենք, բայց՝ տարբերակված մոտեցումով. ավելի աղքատ ընտանիքների պարագայում երեխաների հավելավճարը ավելի բարձր է լինում, այսինքն՝ ավելի անապահով ընտանիքը ավելի բարձր ընտանեկան նպաստ կստանա», - պարզաբանեց նախարարը՝ մանրամասնելով, որ 35-38 աղքատության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր երեխայի հաշվով կտրվի 2500 դրամ հավելավճար, իսկ 38 միավորից բարձր աղքատություն ունեցող ընտանիքների յուրաքանչյուր անչափահաս երեխայի հավելավճարը կկազմի 3000 դրամ։ Այս որոշումների կատարման արդյունքում ընտանեկան նպաստի միջին ամսական գումարը այս տարվա ընթացքում 7500 դրամից կհասնի 9300 դրամի՝ առանց նպաստառու ընտանիքների թվի էական կրճատման։

Այս բարձրացումները հազիվ թե փոխհատուցեն սպառողական գների ու կենսական մի շարք ծառայությունների սակագների թափ առնող վերելքը. արդեն այժմ աղքատության ընտանեկան նպաստը չի ծածկում նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նույնիսկ կեսը, իսկ գներն ավելի արագ են աճում, քան անապահով մարդկանց աղքատիկ եկամուտները։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG