Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կոռուպցիայի դեմ պայքարող առանձին մարմին ստեղծելը լավ ձեւ է կոռուպցիայի դեմ պայքար նմանակելու համար», - արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այս միտքը «Հայկական ժամանակ» թերթը շեշտված հակադրում է նման մարմին ստեղծելու՝ Դաշնակցության ղեկավարների դրսեւորվել շարունակվող ցանկությանը՝ ակնարկելով իշխանական ճամբարում որոշակի դիմակայությունների խորացում: Կոռուպցիայի թեմայով անդրադառնալով հատկապես կրթական համակարգում դրա ավերիչ հետեւանքներին, «Առավոտ» թերթը խմբագրականում այսօր ընդգծել է. - «Կրթական համակարգը վառ արտահայտված իներցիոն բնույթ ունի։ Այսինքն՝ դպրոցների եւ բուհերի տգետ շրջանավարտները այդպես էլ տգետ կմնան։ Կաշառակեր դատավորներին, դատախազներին եւ ոստիկաններին տեսականորեն կարելի է փոխարինել ազնիվ պաշտոնյաներով։ Նախարարներին եւ թաղապետերին՝ նույնպես։ Իսկ ահա կաշառքով դպրոցը կամ բուհն ավարտած անգրագետներին, եթե դա կրկնվում է տարեցտարի, տասնամյակներ շարունակ՝ գրագետներով փոխել անհնար է։ Այդ կորուստը չի կարելի որեւէ բանով փոխհատուցել»։

«Գոլոս Արմենիի» թերթում այսօր տրվում է ընդդիմադիր քաղաքական դաշտի այսպիսի ուրվագիծ. - «Հանրապետություն» կուսակցությունը «Արդարություն» դաշինքը մղում է դեպի ՀՀՇ, Ալբերտ Բազեյանն ու Արամ Սարգսյանը որոշել են վերադառնալ իրենց արմատներին: Ու նաեւ քարոզչություն են ծավալել Ստեփան Դեմիրճյանի դեմ»: Մեկնաբանն ընդգծում է. - «Խորհրդարանական ընդդիմության մոտ նոր գաղափարների եւ կառուցողական ծրագրերի բացակայության, նրա պառակտվածության ու առաջնորդների վարկանիշի ակնհայտ անկման պայմաններում նախկին իշխանության կուսակցության առաջնորդները, որոնց մտավոր ունակությունները կասկած չեն հարուցում, անշտապ, բայց հաստատուն քաղաքականությամբ առաջին պլան են մղվում արմատական փոփոխությունների իրենց սցենարով»:

«Մեր քաղաքական էլիտան պետք է ուժ գտնի իր մեջ, հաղթահարի անձնական ամբիցիաները եւ կլինի միասնական պայքար՝ չարիքի դեմ։ Եթե դեն նետվեն կիսատ-պռատ գաղափարախոսությունները եւ համախմբվեն Աստծուց կոչված լիդերի շուրջ՝ ժողովուրդը կընդունի նրանց եւ կգնա նրանց հետեւից», - այս համոզմունքին է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը։ Իսկ հնարավոր միակ լիդերը Գեւորգյանի համար՝ Հայաստանի առաջին նախագահն է։ «Առավոտ» թերթն այսօր փոխանցում է վերջինիս նաեւ հետեւյալ գնահատականները. - «Մենք արյան գնով ձեռք բերեցինք անկախություն եւ շատ արագ կորցնում ենք... Մենք ունեցանք անկախություն, եղան սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, ու այդ շրջանում մեր իշխանությունը կարողացավ ճիշտ քաղաքական կողմնորոշում ունենալ։ Հետո ժողովրդի հին հիվանդությունն արթնացավ՝ կախվել Ռուսաստանի ոտքերից։ Այս ամենի արդյունքում ծնվեց «Գույք պարտքի դիմաց» «հանճարեղ» ծրագիրը, որը մեր ազգի խայտառակությունն է», - ասում է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամը։

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Պատմության մեջ չկա նախադեպ, որ հաղթանակի լիդեր չունեցող հեղափոխությունը։ Ո՞վ է այսօր մեր ընդդիմության լիդերը, ի՞նչ է նա առաջարկում, ոչ ոք չգիտի։ Հավաքվելու, միտինգ անելու ու ցրվելու գործելակերպը ապագա չունի»: Արամ Կարապետյանը հիմա կողմնակից է ոչ թե իշխանափոխության, այլ՝ որ «բոլոր հնարավոր միջոցներով ճնշում գործադրվի իշխանությունների վրա՝ իրավիճակը փոխելու նպատակով։ Գուցե բարեփոխումների լավագույն տարբերակը Հայաստանում կայուն ու շարունակական զարգացումներն են, որի մի փուլում, հերթական ընտրությունների ճանապարհով, իշխանությունը կհանձնվի հենց այն գործչին, ով առավել արդյունավետ կկարողանա շարունակել սկսված գործընթացը։ «Իմ հեղափոխական ճառերին բոլորն են ծանոթ, բայց դա ընտրական շրջանում էր», - անդրադառնում է նա։ - «Վստահ եմ, որ այսօր բարձրագույն իշխանության կազմում ազգադավ մարդիկ չկան։ Պետականությանը վտանգ սպառնացող իրավիճակում նրանցից ոչ մեկը չի խոչընդոտի, որ այդ պահին ամենապատրաստված գործիչը, եթե անգամ նա լինի ընդդիմադիր ճամբարից, իրական հնարավորություն ստանա դառնալու երկրի ղեկավար։ Ի դեպ, հիմա էլ իշխանությունն ընդդիմությանը պատերազմ չի հայտարարել եւ գործում է միանգամայն հարիր ձեւով»։

Հայաստանի ընդդիմադիր դաշտի նախկին ակտիվ դեմքերից մեկը՝ Արկադի Վարդանյանը, «Հայկական ժամանակ»-ում հրապարակված իր հոդվածում շեշտադրում է. - «Ապօրինի իշխանությունը ձեռնամուխ է լինում «կազմակերպված ընդդիմության» ձեւավորմանը: «Կազմակերպված պետությունում», որի էությունը բանաձեւվում է ծայրաստիճան հետամնաց եւ բացարձակ խոնարհ ռուսական գաղութի կարգավիճակով, ամեն ինչ պետք է կազմակերպված լինի, այդ թվում եւ՝ ընդդիմությունը»: «Դատելով քոչարյանական խունտայի հանդեպ հայ ժողովրդի համընդհանուր ատելությունից, ժողովուրդը հետաքրքրված է ոչ այնքան նրանց անփառունակ վերջաբանով, որքան Հայրենիքի ճակատագրով», - ձեւակերպել է Արկադի Վարդանյանը: - «Այնպես որ, ապօրինության եւ անպատժելիության օրերը մեր Հայրենիքում հաշված են: Քանի որ ողջախոհության, ազատության եւ արդարության ժողովրդավարական գաղափարների շուրջ համախմբված ժողովուրդը միակ անկաշառ ընդդիմությունն է, որին ոչ ոք եւ երբեք չի կարող հաղթել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG