Մատչելիության հղումներ

Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումները կարող են դադարեցվել


Չնայած էլեկտրաէներգիա ներմուծող վրացական «Թելասի» ընկերությունը պաշտոնական գրությամբ դիմել էր Հայաստանից էլեկտրաէներգիա արտահանող Միջազգային էներգետիկ կորպորացիային՝ հայտնելով, որ հրաժարվում է հոսանքի մատակարարումից՝ սակագնի բարձրացման պատճառով, «Հայէներգո»-ի կարգավորման կենտրոնի տնօրեն Կարեն Սարգսյանի փոխանցմամբ, էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստանին դեռեւս չի դադարեցվել:

Միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մելս Հակոբյանի խոսքերով, հոսանքի մատակարարումը պետք է ընդհատված լիներ անցած գիշեր:

«Սակայն խոշոր վթար էր Վրաստանի էներգահամակարգում, որի հետեւանքները լրիվ վերացված չեն», - պարզաբանեց Հակոբյանը: - «Եթե մենք անջատեինք, Վրաստանը կընկներ շատ սարսափելի ծանր իրավիճակի մեջ: Մենք ընդառաջացինք վրացական կողմի բանավոր խնդրանքին՝ հետաձգել անջատման պահը»:

Հունվարի 22-ից «Բարձրավոլտ էլկետրացանցեր» ընկերության ծառայության սակագինը հոսանքի տեղափոխման համար բարձրացվել է 6 անգամ, ինչի արդյունքում սահմանի վրա Վրաստանը հոսանքը պետք է գնի ոչ թե 2,54, այլ 2,61 ցենտով: Դա ձեռնտու չէ վրացական կողմին, եւ նրանք դադարեցնում են համագործակցությունը:

«Ափսոսում եմ, որ ընդհանրապես շուկան ենք կորցնում», - ասաց Հակոբյանը: - «Մենք հույս ունենք եւ բոլորն էլ գտնում են, որ Հայաստանը, ունենալով այսպիսի էներգետիկ պոտենցիալ, կարող էր տարածաշրջանում լինել արտահանող»:

Նրա խոսքերով, Հայաստանը կարող է արտահանել այնքան, որքան սպառում է ներքին շուկայում: «Եվ դա կբերի ե'ւ սակագների կայունացման, ե'ւ տնտեսության շահութաբերության բարձրացման, ե'ւ... եթե շատ մեծանան ծավալները՝ սակագների իջեցման», - ավելացրեց նա: - «Ցավը այս պայմանագրի կորուստը չէ... Եթե դու կնքում ես պայմանագիր, մատակարարում ես ամսից էլ ավելի, եւ կեսից փոխում ես խաղի կանոնները՝ համարում եմ ոչ կոռեկտ որոշում հանձնաժողովի որոշումը»:

Հակոբյանը նկատի ունի Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի դեկտեմբերի 22-ի որոշումը, որը ուժի մեջ է մտնում վաղվանից, եւ ըստ որի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության կողմից էլեկտրաէներգիայի փոխանցման ծառայության սակագինը բարձրանում է:

Միջազգային էներգետիկ կորպորացիան, որի հիմնադիրն է ՌԱՕ ԵԷՍ ռուսաստանյան ընկերությունը, Հայաստանից հոսանք է մատակարարում միայն Վրաստանին, եւ արտահանում է միայն Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էներգիան:

Մինչդեռ «Թելասի» ընկերությունը պայմանագիրը չթարմացնելու մասին գրության մեջ նաեւ շեշտել է, թե մտադիր է մեծացնել ներմուծման ծավալները՝ գրեթե եռապատկելով՝ եթե սակագինը չվերանայվի:

Հակոբյանի կարծիքով, արտահանվող էներգիան բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի իրավասությունների դաշտից դուրս է:

«Դա ազատ դաշտ է, ռեգիոնալ շուկա է, որտեղ շուկան իր խաղի կանոնները ունի եւ չի կարող կարգավորվել որեւէ երկրի հանձնաժողովի կողմից», - ասաց նա:

Հարցը ունի քաղաքական կողմ՝ ոչ միայն հայ-վրացական, այլ ռուս-վրացական հարաբերությունների տեսակետից: Հայկական ու վրացական կողմերի միջեւ բանակցությունները կսկվեն վաղվանից, երբ Հայաստան կժամանեն Վրաստանի էներգետիկայի նախարարն ու «Թելասի» ընկերության տնօրենը: Բանակցություններ են ընթանում նաեւ Ռուսաստանում՝ ՌԱՕ ԵԷՍ ընկերության տնօրինության հետ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG