Մատչելիության հղումներ

Անդրադառնալով Ֆրանսիա կատարելիք այցի նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված բանակցություններում միջազգային միջնորդների դերի եւ բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարում է, որ եթե Ադրբեջանի նոր նախագահը կտրուկ փոփոխությունների գնա, ապա հետագայում բանակցությունների տապալման ողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի վրա:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի՝ առնվազն տարակուսանք հարուցող հայտարարությանը, թե Ադրբեջանը կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն դրա ձախողման դեպքում Բաքուն իրավունք է վերապահում պատերազմով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, Վարդան Օսկանյանը ասաց, - «Եթե նման մոտեցմամբ Ադրբեջանն առաջ շարժվի, հետագայում՝ այլ զարգացումների դեպքում միայն իրենց պետք է մեղադրեն, որովհետեւ, կարծում ենք, որ մենք այդ փուլը անցել ենք: Այսօր բոլորովին այլ որակի, այլ բովանդակության հիմքեր են դրվել բանակցությունների հետագա շարունակմանը»:

Հայաստանի արտգործնախարարը համաձայն չէ Իլհամ Ալիեւի հետ, թե Եվրոպայի անվտանգության եւ համագործակության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը վատ է աշխատում՝ նշելով, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը դժգոհություն է արտահայտում միջազգային միջնորդների աշխատանքի կապակցությամբ:

«Նրանց [ադրբեջանական կողմի] գնահատականը հիմնականում պայմանավորվում է նրանով, թե ինչքանով Մինսկի խումբը կարող է նրանց ցանկությունները կատարել», - ասաց Օսկանյանը՝ հավելելով իր կարծիքը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւոր աշխատանք է կատարում բանակցային գործընթացը կենսունակ պահելու առումով:

Արտգործնախարարը՝ փոխանցելով, որ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները վերջերս հանդիպել են Վիեննայում, ասաց. - «Նախագահողները հանդիպել են ԵԱՀԿ նոր նախագահողի հետ, նրան տեղյակ են պահել գործընթացների մասին, բայց խիստ կասկածում եմ, թե նրանք քննարկել են նոր առաջարկություններ»:

Հարցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ Մինսկի խմբի համանախագահողները, ընդառաջելով Իլհամ Ալիեւին, նոր առաջարկություններ ներկայացնեն Ղարաբաղյան կարգավորման
վերաբերյալ՝ դրանով իսկ վերջանականապես ուժը կորցրած ճանաչելով փարիզյան եւ քիուեսթյան պայմանավորվածությունները, Հայաստանի արտգործնախարարը ասաց. - «Մենք որեւէ նորություն չունենք այդ կապակցությամբ: Մենք միայն կարող ենք հույս հայտնել, որ առ այսօր ինչ-որ ձեռք է բերվել, մնա ուժի մեջ եւ դրա վրա մենք շարունակենք կառուցել: Այլապես ափսոս կլինի եւ ժամանակի կորուստ կլինի, եթե հանկարծ պրոցեսը հետքայլ կատարի եւ ինչ-որ փորձ արվի զրոյական կետից սկսելու»:

«Դեռեւս մեզ որեւէ նոր բան չի ասվել, եւ որեւէ առաջարկության մասին այս պահին խոսք չի գնում», - ավելացրեց արտգործնախարարը:

«Անկախ այս այցից, Ֆրանսիան, հատկապես՝ անձնապես նախագահ Շիրակը միշտ էլ կարեւոր դեր է խաղացել փարիզյան պրոցեսում եւ հատկապես Քի Ուեսթում», - անդրադառնալով Իլհամ Ալիեւի՝ առաջիկա փարիզյան այցին, ասաց Օսկանյանը: - «Մեզ համար ինչ-որ չափով ուրախալի է, որ Շիրակի հետ է առաջին հերթին այդ հարցը քննարկվում: Նախագահ Շիրակը հենց ինքն է փարիզյան հանդիպման նախաձեռնողներից մեկը եւ ինքը ներկա է եղել Հեյդար Ալիեւ - Քոչարյան հանդիպմանը, եւ միգուցե Իլհամ Ալիեւին ինֆորմացիա կտրվի այդ հանդիպումների բովանդակության մասին եւ կվերահաստատվեն այն դրույթները, որոնց շուրջ նախագահները իրենց բանակցությունները վարում էին Փարիզում եւ Քի Ուեսթում»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG