Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայկական պատվիրակությունը այժմ գրավոր առաջարկություն է պատրաստում՝ Հայաստանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խմբի զեկույցի նախագծում փոփոխություններ անելու նպատակով: Խոսքը «Լեռնային Ղարաբաղը եւ այլ գրավյալ տարածքներ» չարաբաստիկ ձեւակերպման մասին է: Մինչ ենթադրվում է, թե ձեւակերպումը կուղղվի, «Առավոտ» թերթը ուշադրություն է սեւեռում հարցին, թե ինչո՞ւ է այդ ձեւակերպումն առհասարակ հայտնվել մոնիտորինգի խմբի զեկույցում: Թերթի վերլուծությամբ, նման ձեւակերպումները ոչ պատահականություն են, ոչ էլ տվյալ պահին Արմեն Ռուստամյանի կամ Տիգրան Թորոսյանի «վատ աշխատանքի» արդյունքը. - «Եվրախորհրդի այս դիրքորոշումը Ղարաբաղյան հարցին պաշտոնական Երեւանի վերջին տարիների մոտեցումների տրամաբանական արդյունքն է... Դեր խաղացին նաեւ մեր ներքին խնդիրները: Մեր երկրի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կանխորոշեցին Հայաստանի դիրքը միջազգային ասպարեզում: Եթե ընտրություններն անցնեին ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճչացող խախտումների, վիճահարույց ձեւակերպումներ չէին լինի», - համոզված է «Առավոտ»-ը, որի խտացմամբ, դրանք «հայտնվեցին այն բանից հետո, երբ սկզբում մեզ քննադատում էին, իսկ հետո, հանկարծ, գնահատականները կտրուկ մեղմացան, սակայն միայն ընտրությունների առումով: Փոխարենը կոշտացան ղարաբաղյան խնդրի հետ կապված ձեւակերպումները»:

Վաղը Բրյուսելում տեղի կունենան Եվրամիության եւ Հարավային Կովկասի պետությունների համագործակցության ընդլայնման հարցի լսումներ։ Սրա հետ կապված, «Ազգ» թերթում մատնանշվում է, որ Եվրամիությունը Հայաստանի համար խիստ տհաճ, ադրբեջանամետ զեկույց է պատրաստել, մասնավորապես՝ «իրենց երկրի ներսում տեղահանված ադրբեջանցիների վերադարձը» մշտական բնակավայրեր՝ դա համարելով «ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման առաջին քայլը»: «Եթե այս զեկույցն էլ ընդունվի առանց փոփոխության, Հայաստանի արտաքին դիվանագիտության երկրորդ ձախողումը երկու շաբաթվա ընթացքում կդառնա տհաճ իրականություն», - ձեւակերպված է «Ազգ» թերթում:

«Հայոց աշխարհ» թերթն այսօր հերթական վերլուծությունն է նվիրել հայաստանյան ընդդիմությանը, ըստ որի՝ «ինչքան ավելանում է ընդդիմության համախմբման տարբերակների թիվը, այնքան ակնհայտ է դառնում, որ այդ գաղափարից առաջ են գալիս նրանից բխող առանձին «գաղափարիկներ», որոնց թվաքանակը գնալով մեծանում է՝ սպառնալով գերազանցել անգամ հիմնական ընդդիմադիր ուժերի քանակը»: «Ընդդիմության համախմբման գաղափարը ճիշտ հակառակ էֆեկտն առաջացնում Հայաստանի քաղաքական դաշտում: Պատճառն ակնհայտ է. այդ գաղափարը մեր իրականության ծնունդը չէ: Այն նետվել է դրսից», - մատուցում է մեկնաբանը՝ եզրափակելով. - «Ստացվում է, որ կրկին ական է դրվել Հայաստանի ընդդիմության ներսում, բայց գոնե այս անգամ ընդդիմությունը ներկա իշխանություններին մեղադրելու որեւէ հիմք չունի»:

«Առավոտ»-ի թղթակիցը դիմել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին. - «Լրացել է 2 ամսվա այն ժամկետը, որ Դուք նախանշել էիք իշխանափոխության համար»: «Ես հայտարարել էի 2-5 ամիս ժամկետը, որը դեռեւս չի ավարտվել», - պատասխանում է Սարգսյանը՝ ուրվագծելով. - «Մոտ օրերս մեր կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ համախմբման կոչով... Ներկայիս հասարակությունը պատրաստ է մասնակցել գործընթացներին մի պայմանով՝ երբ վստահ է, որ հաղթելու է: Հասարակությունը չի ուզում նորից պարտվել: Այդ վստահության հիմնաքարը իր համար ընդդիմադիր դաշտի միասնաբար հանդես գալն է»: «Կմիավորվե՞ն՝ շատ բարի, չի՞ ստացվի միավորումը՝ բացարձակապես դժբախտություն չէ», - ասում է Արամ Սարգսյանը: - «Միանշանակ լինելու է իշխանափոխություն, եւ ո'չ անձամբ ես, ո'չ «Հանրապետություն»-ը թույլ չենք տա, որ իշխանությունն ինքն անի իշխանափոխություն»:

Մամուլում հնչող արձագանքներից դատելով, ընդդիմության համազգային համահավաքի այս շարժման հեռանկարին գործնականում քչերն են հավատում: Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի կուսակցություններից մեկի ղեկավար Շավարշ Քոչարյանը, օրինակ, «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Կարծում եմ, որ ՀՀՇ-ն բոլորովին էլ շահագրգիռ չէ իշխանափոխության հարցում, քանի որ նրանք այսօր չունեն իշխանության գալու ներուժ եւ հնարավորություն։ Իսկ եթե իշխանափոխության արդյունքում Հայաստանում հաստատվեն ժողովրդավարական կարգեր, ապա ՀՀՇ-ն առհավետ, գոնե տեսանելի ապագայում կզրկվի քաղաքական դաշտում ազդեցիկ դեր ունենալու հեռանկարից։ Սա է պատճառը, որ այսօր ՀՀՇ-ի հիմնական թիրախը հենց ընդդիմությունն է։ Նրանք են միտումնավոր ու անընդհատ խոսում առաջնորդի ճգնաժամի մասին։ Առաջնորդին ի հայտ բերելու անհրաժեշտություն առաջանում է ընտրությունների ժամանակ։ Մինչդեռ այսօր մենք մեկ խնդիր ունենք՝ իշխանափոխություն»:

«Հայկական ժամանակ» թերթի արձանագրմամբ, երեկվանից մեկնարկեց ընդդիմության եւ իշխանության հերթական ճակատամարտը Սահմանադրության թեմայով: Իրավիճակն ուրվագծվում է այսպես. - «Եթե 2003-ի մայիսի 25-ին հանրաքվեով մերժված սահմանադրական բարեփոխումների նախագիծը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի սահմանադրությունը, ապա ընդդիմությունը նոր ստեղծվելիք սահմանադրության տարբերակը երեկ որակեց որպես կոալիցիայի սահմանադրություն... Ընդդիմությունն արդեն իսկ հստակ որոշում է կայացրել՝ չմասնակցել խորհրդարանում ստեղծվելիք սահմանադրական բարեփոխումների աշխատանքային գործընթացին եւ փոխարենը հանրաքվեի համար մշակել ու ներկայացնել սեփական սահմանադրության տարբերակը: Հերթական անգամ ներկայացնելու են կառավարման խորհրդարանական համակարգ նախատեսող իրենց տարբերակը եւ պնդելու են, որ այն, կոալիցիայի ներկայացրած տարբերակի հետ համատեղ, մինչեւ 2005-ի հունիսը դրվի հանրաքվեի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG