Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այս շաբաթ ծավալվող անցուդարձից «Իրավունք» թերթը առանձնացնում է կառավարությունում նախարարությունների ու գերատեսչությունների հաշվետվությունը՝ նախանշելով, թե «այդ հաշվետվությունների ընթացքում թռնելու են որոշ նախարարական ու փոխնախարարական գլուխներ, եւ շարունակվելու է կոալիցիոն նշանակումների շքերթը՝ ներգրավելով նաեւ «Ժողպատգամավոր»-ի ու ՄԱԿ-ի կադրերին»:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վերջին հեռուստաելույթին, «Իրավունք»-ի մեկնաբանը ընդհանրացնում է. - «Այն պարագայում, երբ օրակարգային է Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդին պատրաստելու խնդիրը, անսպասելի չեն ընտրարշավային պահեր պարունակող ելույթները ցանկացած պետական կամ քաղաքական կարկառուն գործչի կողմից»: Ըստ մեկնաբանի, նախընտրական տարրեր է պարունակում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի թեման, մասնավորապես՝ Դաշնակցությունը փորձում է «տակառ գլորել» հարկային ու մաքսային կառույցների վրա: Նկատի ունենալով եւ ընդդիմության աճող ակտիվությունը, մեկնաբանը եզրափակում է. - «Հավանաբար հենց փետրվարի ընթացքում կպարզվի, թե ինչքան ժամանակում պետք է լուծվի Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի հարցը՝ ամիսների՞, թե՞ տարիների ընթացքում»:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր գնահատականով, թե Հայաստանում քիչ են կառույցները, որտեղ հնարավոր է կոռուպցիա՝ փաստորեն հակադրվել էր կառավարության ծրագրի՞ն, որում առկա են կոռուպցիայի ծավալների մասին այլ գնահատումներ հարցին ի պատասխան, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Ես իհարկե չեմ կարող ասել, թե ինչի վրա են հենվում պրն Սարգսյանի այդ գնահատականները, բայց համարում եմ, որ քանի դեռ բացակայում են օբյեկտիվ չափանիշները, կարող են լինել տարբեր տիպի գնահատումներ»: «Արմեն Ռուստամյանը համաձայն չէ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի տեսակետին, թե Հայաստանում ընդհանրապես քիչ են կառույցները, որտեղ հնարավոր է կոռուպցիա», - շեշտվում է այսօր «Առավոտ»-ում: «Բազմիցս նշվել է Հայաստանում հիսուն տոկոսից ավելի ստվերային տնտեսության մասին, եւ ես կարծում եմ, դա առաջի՛ն հերթին պայմանավորված է կոռուպցիայով», - ասում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչը:

«Պետությունը ձեռնպահ է, դատախազությունը՝ դեմ» խտացման ներքո է «Հայկական ժամանակ» թերթն արձանագրում, որ Դաշնակցությունը կտրականապես դեմ է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գոյությանն ու առավել եւս՝ հանձնաժողովի որեւէ նիստ Հայաստանում անցկացնելու հեռանկարին: Ըստ Արմեն Ռուստամյանի, եթե իսկապես հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նիստը նախատեսվի անցկացնել Հայաստանում, ապա հանձնաժողովն իր այդ քայլով խիստ դրական իմիջ կստեղծի Թուրքիայի համար եւ կնպաստի նրա տարեվերջյան անդամակցությանը Եվրամիությանը: ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի պնդմամբ, իրենց կուսակցությունը եւս դեմ է, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացվի Հայաստանում, սակայն, ի տարբերություն ՀՅԴ-ի, նման նախաձեռնության դեպքում հանրապետականները բողոքի հատուկ միջոցառումներ չեն կազմակերպի եւ նիստի աշխատանքներին չեն խոչընդոտի. - «Մենք ո՛չ թուրք ենք եւ ո՛չ էլ ադրբեջանցի, որ որեւէ նիստի խոչընդոտենք»: Հանրապետության նախագահի եւ արտգործնախարարքության խոսնակների արձագանքից էլ «Հայկական ժամանակ»-ը բխեցնում է. - «Պետության համար բացարձակապես միեւնույն է, թե որեւէ հասարակական կազմակերպություն որտեղ կանցկացնի իր հերթական նիստը»:

«Հայոց աշխարհ» թերթի գնահատականով՝ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը 2004-ին եւ մանավանդ նրա նիստերը Երեւանում անցկացնելու ցանկությունը կարող է դառնալ հրաշալի քարոզչություն՝ Եվրամիություն ձգտող Թուրքիայի համար: «Վերջերս Թուրքիայի որդեգրած՝ ոչ էական հարցերում զիջումներ անելու եւ դրանով միջազգային հանրությանը գոնե մինչեւ 2004-ի դեկտեմբերը ապակողմնորոշելու գործելակերպի տեսանկյունից Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի երեւանյան նիստը նոր հնարավորություններ կբացի ցույց տալու համար, որ թուրքական կողմը այդ առումով որեւէ արգելք չի տեսնում», - գրում է մեկնաբանը: - «Իսկ ահա, եթե դրան գումարվի նաեւ հայերի կողմից հանձնաժողովի գործունեությունը խոչընդոտելու եւ անգամ բողոքի ցույց կազմակերպելու փորձը, ապա դա եւս կդառնա նոր հրաշալի առիթ թուրքական քարոզչության համար»:

«Հայ ընտրյալները տհաճ անակնկալ են մատուցում Ղարաբաղին՝ ապացուցելով, որ իրենք ոչ թե դիվանագետներ են, այլ շաղակրատներ» վերնագրի տակ «Ազգ» թերթը անդրադառնում է հունվարի 7-ին Փարիզում կայացած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Ղարաբաղին վերաբերող տհաճ ձեւակերպմանը, թե՝ «որեւէ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների առնչությամբ»: «Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի անփույթ աշխատանքի պատճառով է նաեւ ընդունվել հայկական եւ ղարաբաղյան կողմի համար խիստ տհաճ ձեւակերպում», - մեղադրում է մեկնաբանը: - «Հայ պատգամավորները խոստանում են անել հնարավորը, որպեսզի զեկույցի տեքստից հանվի «այլ» բառը... Եթե անգամ դա մեր խորհրդարանականներին հաջողվի, ապա, միեւնույն է, Հայաստանը կրում է դիվանագիտական լուրջ պարտություն։ Առնվազն՝ քարոզչական առումով»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG