Մատչելիության հղումներ

Երեւանում սկսվեց կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը


«Սա դեռ սկիզբն է», - անցած շաբաթավերջին ներկայացված՝ Հայաստանի կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրն ու Եվրախորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին՝ ԳՐԵԿՈ-ին անդամակցելը նկատի ունենալով, երկուշաբթի օրը Երեւանում բացված՝ «Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն միջոցները» միջազգային համաժողովում հայտարարեց ԳՐԵԿՈ֊-ի գործադիր քարտուղար Մանուել Լեզերտուան:

Լեզերտուան չի հավատում, թե ռազմավարական ծրագրերով ու սեմինարներով կոռուպցիան կարող է արմատախիլ արվել որեւէ երկրում: Նրա խոսքերով, նման ջանքերը պարզապես կրճատում են կոռուպցիան, հասարակությանն ունակ դարձնում գործելու առանց կոռուպցիայի, իսկ պատժելիությունը թույլ է տալիս մեկուսացնել նման դեպքերը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե լավատե՞ս է արդյոք Հայաստանի հարցում, Լեզերտուան չպատասխանեց՝ բացատրելով. - «Հայաստանը նոր է որոշել միանալ ԳՐԵԿՈ-ին, իրավիճակին տեղյակ չենք: Հնարավորինս շուտ կհետազոտենք, կգնահատենք: Կարեւորը, որ որոշումն ու ռազմավարությունը կան: Սպասենք արդյունքին»:

Համաժողովում «Հայաստանում կոռուպցիայի ձեւերը, պատճառներն ու հետեւանքները» զեկուցմամբ հանդես եկած Ազգային Ժողովի փոխնախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայկական կոռուպցիայի պատճառներն ուսումնասիրելիս ժամանակային առումով բավական հետ էր գնացել, բայց ներկայիս առանձնահատկությունները նորագույն պատմության մեջ նույնպես տեսնում է՝ սկսած 1988֊ի երկրաշարժի հետեւանքներից:

«Մարդասիրական օգնության հոսքը դեպի Հայաստան բացարձակապես չկառավարվեց, եւ այդ ընթացքում հարստացան բավականին ստվարաթիվ խմբեր, որոնք հետո ձեռք մեկնեցին քաղաքական իշխանության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց նա:

«Նույնը կատարվեց՝ միգուցե մի քիչ ավելի թուլացած մասշտաբներով, բայց բավականին երկարատեւ, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում», - շարունակեց Հովհաննիսյանը. - «Չվերահսկվող օգնությունը հարստացրեց ինչ-որ մարդկանց խմբերի, որոնք այդ հարստությունը կարողացան վերածել քաղաքական իշխանության»:

Վահան Հովհաննիսյանը «քաղաքական կոռուպցիայի» դրսեւորումներ է համարում ընտրակեղծիքները: Հակադրվելով պնդումներին, թե քանի դեռ երկիրը աղքատ է, ընտրակեղծիքներ կլինեն, Հովհաննիսյանը ասաց, թե ընտրակեղծիքների դեմ հնարավոր է «առնվազն պայքարել». - «Դրա համար անհրաժեշտ է իշխանության ցանկությունը եւ կամքը», - ասաց Ազգային ժողովի փոխխոսնակը: - «Մենք այսօր ունենք մի շարք արտոնյալ պետական հաստատություններ, որոնց ազդեցությունը ընտրությունների վրա հաճախակի լինում է բավականին ռադիկալ»:

Նրա խոսքերով, դա ուժային կառույցներն են՝ ներառյալ հարկային եւ մաքսային ծառայությունները» - «Մեզանում առաջացել են սովորական եւ արտոնյալ նախարարություններ: Պետք է ամեն ինչ անել, որ վերջիններիս մասնակցությունը ընտրություններին լինի մինիմալ»:

Այժմ Հայաստանում գործում է բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները հայտարարագրելու կարգ, ինչն առանց ծախսերը հայտարարագրելու անիմաստ է: Հովհաննիսյանն ասաց, որ իրենց խմբակցությունը հանդես է եկել նաեւ ծախսերը հայտարարագրելու օրենսդրական նախաձեռնությամբ: Նաեւ հարկային որոշ փոփոխություններ են պետք. - «Առնո՞ւմ ես «Մերսեդես-600», առնո՞ւմ ես, ասենք, չորս հարկանի տուն՝ հարկերդ բարձրացան»:

Երկօրյա միջազգային համաժողովին այսօր ներկա էր նաեւ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ Ստեփան Զաքարյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հավատու՞մ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողության հասնել, Զաքարյանը պատասխանեց. - «Երբ որեւէ մեկը կրի պատասխանատվություն, մենք իսկապես կհավատանք, որ ցանկություն կա: Բայց այսօր մենք նման երեւույթ դեռ չենք տեսնում»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG