Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Նկատե՞լ եք, թե Ստրասբուրգ կատարած պարբերական այցերը որքան բարերար են ազդում մեր քաղաքական գործիչների վրա՝ ստիպելով գիտակցել եվրոպական ժողովրդավարական արժեքների կարեւորությունը», - մատնանշում է այսօր «Առավոտ» թերթը: - «Նման այցերից հետո մեր հայրենի գործիչները, նույնիսկ նախկին խորհրդային նոմենկլատուրայի աշխատակիցները, ինչպես նաեւ նժդեհական հանրապետականներն ու դրոյական դաշնակցականները, աչքիդ առաջ կերպարանափոխվում են՝ առավել հանդուրժող դառնալով ամեն կարգի, անգամ սեռական փոքրամասնությունների հանդեպ, երկու ձեռքով կողմ են քվեարկում մահապատժի վերացմանը, էլ չենք խոսում այլընտրանքային զինծառայության մասին: Եվ ինչն է հատկանշական. անգամ ամենառուսամետ գործիչները, մասնակցելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեկ-երկու նիստի, հանկարծ դառնում են մոլի արեւմտամետ»: «Իսկ եթե մեր երեքմիլիոնանոց բնակչությունն էլ նրանց պես չափչփեր եվրոպաները, շփվեր ժողովրդավարական երկրների բնակիչների հետ, ապա՝ գոնե ժողովրդավարական արժեքների կայացման առումով, Արեւմուտքը մեր երկրի հետ խնդիրներ չէր ունենա», - բխեցնում է «Առավոտ»-ը: - «Այնպես որ, եթե Եվրախորհուրդը իրոք շահագրգռված է, որ ժողովրդավարական առումով Հայաստանը զարգանա, ապա այս ուղղությամբ միակ արդյունավետ քայլը՝ մեզնից յուրաքանչյուրին գոնե Ստրասբուրգ ուղեւորելն է... Այդ միջոցառումը Եվրախորհրդի վրա թերեւս ավելի էժան նստի, քան հայ գործիչներից իրական ժողովրդավարներ «կերտելու»՝ մինչ օրս իրեն այդպես էլ չարդարացրած ծրագիրը»:

Ըստ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը օրերս Հանրային հեռուստատեսությամբ իր հարցազրույցով տվեց նոր նախագահական ընտրությունների մեկնարկը: «Ինչու պետք է պաշտպանության նախարարը վերլուծություններ կատարեր ներքաղաքական զարգացումների շուրջ, այն դեպքում, երբ բանակն ապաքաղաքականացված է», - ասել է Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին: - «Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը քնում եւ արթնանում է մեկ երազանքով՝ զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը: Նա գիտակցում է, որ ինքն է եղել վերջին երկու նախագահական ընտրությունների ժամանակ կատարված զանգվածային ընտրակեղծիքների քավորը եւ դիրիժորը, ու մտածում է՝ եթե ես դա արեցի իմ ընկերոջ համար, ինչու նույնը չեմ կարող անել ինձ համար»: Գեղամյանը կարծում է, որ նախագահական հաջորդ ընտրությունները լինելու են արտահերթ, եւ դա է ցանկանում նաեւ Սերժ Սարգսյանը: «Հայկական ժամանակ» -ում բերցած է նաեւ Արտաշես Գեղամյանի սահմանումը, թե՝ «արդեն ակնհայտ է, որ եթե իր հետ որեւէ բան պատահի` Հայաստանում, թե Հայաստանից դուրս, դրա ետեւում կանգնած է Սերժ Սարգսյանը, որովհետեւ ինքը որեւէ այլ թշնամի չունի»:

«Ընդդիմադիր դաշտը միավորելու՝ «Հանրապետություն» կուսակցության ջանքերը կարծես թե չեն արդարանում», - փոխանցում է այսօր «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, որը հանդիպել է ընդդիմադիր այլ թեւերի ներկայացուցիչների հետ: Դրան ընդդիմանում են նախ եւ առաջ հենց ընդդիմադիրները: Վերջիններիս առանձնապես չի ոգեւորում, ինչպես ասել է նրանցից մեկը՝ «ողջ ընդդիմադիր դաշտից աջաբսանդալ սանքելու գաղափարը»:

«Հայոց աշխարհ» թերթը ուշադրություն է սեւեռում ընդդիմադիր մյուս ուժերի՝ ՀՀՇ-ի հանդեպ հանդուրժողականության մեծացման, ՀՀՇ-ի աշխուժացման եւ ակտիվ քաղաքականության ասպարեզ վերադառնալու անթաքույց ձգտումների միտումներին: «Ակնհայտ է, որ ՀՀՇ-ի նպատակը արմատականների խիստ հավակնոտ լիդերների կողմից ղեկավարվող ապագաղափարական կոնգլոմերատը հստակ քաղաքական, մանավանդ արտաքին-քաղաքական եւ գաղափարախոսական ուղենիշերով օժտելու ձգտումն է», - մատուցում է մեկնաբանը:

«Արմատ» կենտրոնի հիմնադիրներից Արա Սահակյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Շատ էլ մեծ նշանակություն չեմ տալիս ընդդիմության դաշտում խմորվող այս համագործակցության նախաձեռնությանը։ Ներկայացվող համախմբման, միասնության այս ձեռնարկը դեռ պետք է խորքային ու էական դրսեւորումներ ունենա, ինչը առայժմ չկա»։ Միաժամանակ, Արա Սահակյանը ընդգծում է. - «Ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող երկրի համար առաջնորդի գործոնը այդչափ էական չէ։ Ընդդիմության մեջ կան փորձառու եւ սկզբունքային գործիչներ, որոնց ժողովուրդը կարող է իր նախապատվությունը տալ։ Ընդ որում, նոր առաջնորդը կարող է լինել պակաս փորձառու, խելացի, կամային, քան Ռոբերտ Քոչարյանը, եւ չտիրապետել 7 կամ 10 լեզուների։ Սակայն դա կլինի ժողովրդի կամքի արտահայտությունը, եւ ժողովուրդը պատասխանատու կլինի իր ընտրության համար։ Սխալ ընտրություն կատարած ժողովուրդը հետո նաեւ հնարավորություն կունենա փոխել իր առաջնորդին։ Ժողովրդավարության իմաստն ընտրովի ու փոփոխելի առաջնորդ ունենալն է, ոչ թե աստվածահաճոյին գտնելը»։

«Արդեն մի քանի օր է, մշակույթի նախարար Թամար Պողոսյանը ոչ ուտում, ոչ խմում ու ոչ էլ քնում է։ Աչքը ջուր կտրած սպասում է իր պահապան հրեշտակին, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում», - ուրվագծում է «Ազգ» թերթը՝ ավելացնելով - «Շուտով տկն Պողոսյանի վիճակում կհայտնվի քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն անխնա մեր քաղաքի դեմքն ու գեղեցկությունը հավասարեցրեց իրեն, ձեւեց ու չափեց իր չափսերով, հասցրեց փչացնել մարսողությունը։ Իհարկե, նա մենակ չէր կարող մարսել յուղալի պատառները, ո՞վ նրան թույլ կտար առանց վերեւից «դաբրո» ստանալու մենակ սեղան նստել»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG