Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը հանդիպել է Լոնդոնում


Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ այս շաբաթ Լոնդոնում տեղի է ունեցել երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն լարված հարաբերությունները բարելավելու ուղիներ որոնող Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի նիստ:

Երկու կողմերի քաղաքական փորձագետներից ու գիտանականներից կազմված այս հանձնախմբի՝ նախապես անցած հոկտեմբերին ծրագրված նիստը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ սերտ կապեր ունեցող մասնավոր հետազոտական կենտրոնում՝ Արքայական միացյալ ծառայությունների ինստիտուտում (Royal United Services Institute) սկսվել է կիրակի օրը եւ տեւել է երեք օր: Նիստի ավարտին չի հայտարարվել որեւէ որոշման կամ նոր նախաձեռնությունների մասին:

Հանձնախմբի հայ անդամներից մեկի խոսքերով, կողմերը պայմանավորվել են առայժմ տեղեկատվություն չհրապարակել իրենց գործունեության մասին: Նրա փոխանցմամբ, որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել հերթական հանդիպման ժամկետների առումով:

Սա հանձնախմբի երկրորդ նիստն էր Նյու Յորքում տեղակայված Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ջարդը ցեղասպանություն ճանաչելուց հետո: Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի խնդրանքով անցկացված անկախ այդ ուսումնասիրության արդյունքներով, անցած դարասկզբին հայերի ջարդն ու տեղահանությունը ցեղասպանության միջազգայնորեն ընդունված սահմանման շրջանակներում է:

Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի ուսումնասիրությունից հետո, որի արդյունքները ուղղակիորեն հակադրվեցին Անկարայի՝ ցեղասպանությունը հերքելու քաղաքականությանը, փոխարինվեցին հանձնախմբի վեց թուրք անդամների մեծամասնությունը, այդ թվում՝ կառավարական կապեր ունեցող նախկին դիվանագետներ Գունդուզ Աքթանը եւ Օզդեմ Սանբերքը: Հանձնախմբի գծով վերջիններս հայ գործընկերները երկուսին էլ համարում էին ցեղասպանության հարցում արմատական դիրքորոշման կողմնակիցներ:

Թուրքական կողմի հիմնադիր անդամներից մնացել են միայն երկուսը՝ նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը եւ քաղաքագետ Ուսթուն Էրղուդերը: Նրանց անցած տարի միացել են հինգ նոր անդամներ՝ հիմնականում ստամբուլաբնակ գիտնականներ:

Հանձնախմբի հայկական կողմի կազմը չի փոխվել. նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան, պաշտոնաթող դիվանագետ Դավիթ Հովհաննիսյան, ամերիկահայ իրավաբան Վան Գրիգորյան եւ ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյան:

2001 թվականին ստեղծված այս հանձնախմբի ինչպես հայ, այնպես էլ թուրք անդամները շարունակաբար կոչ են արել Անկարային վերաբացել հայ-թուրքական սահմանը՝ առանց նախապայմանների: Դրա հնարավորությունը բավական իրական էր դիտվում անցած հուլիսից ի վեր երկու երկրների արտգործնախարարների մի քանի հանդիպումներից հետո:

Հայկական որոշ աղբյուրների պնդմամբ, Թուրքիայի կառավարությունը սկզբունքորեն որոշել է վերացնել Հայաստանի շրջափակումը՝ չսպասելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, եւ այժմ փորձում է ստանալ Ադրբեջանի հավանությունը, որը կտրականապես դեմ է դրան:

Հանձնախմբի լոնդոնյան նիստում կրկին նախագահել են ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խորհրդական Դեյվիդ Ֆիլիպսը եւ ամերիկացի նախկին դիվանագետ, «զուգահեռ դիվանագիտության» հայեցակարգի հեղինակ Ջոզեֆ Մոնթվիլը: Այդ հայեցակարգը հակամարտությունների լուծման գործընթացում քաղաքացիական հասարակությունների ավելի լայն կապերի կոչ է անում: Մոնթվիլի ներկայությունը ենթադրում է, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը շարունակելու է խրախուսել թուրք եւ հայ քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների հանդիպումներն ու համատեղ ծրագրերը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG