Մատչելիության հղումներ

Կառավարությունը օժանդակելու է ծնողազուրկ երեխաների խնամատար ընտանիքներին


Կառավարության նիստում այսօր հաստատվեցին «Երեխայի իրավունքների մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են ծնողազուրկ երեխաների իրավունքներին վերաբերող օրենսդրական դաշտը միջազգային նորմերին համապատասխանեցնելուն, ինչը հնարավորություն կտա շոշափելի օգնություն ակնկալել միջազգային դոնորներից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Եսայանի խոսքերով, առաջարկվող փոփոխություններով հստակեցվել են խնամատար ընտանիքներին պետության կողմից ցուցաբերվող աջակցության ձեւերն ու մեխանիզմները:

«Պետությունը գործող օրենսդրության շրջանակներում կընտրի ընտանիքներ, ովքեր ցանկություն կհայտնեն մանկատան կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին պահելու», - նիստից հետո լրագրողներին ասաց Եսայանը՝ ավելացնելով, որ, անկախ պետական օժանդակությունից, այսօր էլ կան նման ընտանիքներ, որոնք սեփական նախաձեռնությամբ ստանձնել են մանկատան երեխաների խնամքն ու դաստիարակությունը:

Անդրադառնալով ակնկալվող արտաքին օգնությանը, Աշոտ Եսայանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում կշարունակվի Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի համատեղ օժանդակությամբ իրականացվող խնամատար ընտանիքների աջակցման դրամաշնորհային ծրագիրը, որի գումարը մոտ 960 հազար դոլար է։ Համաշխարհային բանկը եւս 300 հազար դոլարի օժանդակություն կտրամադրի մանկատներին։ Անցյալ տարի Գեղարքունիքի մարզում սկսվել ու այս տարի կշարունակվի ՄԱԿի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) խնամատար ընտանիքների աջակցման ծրագիրը՝ մոտ 700 հազար դոլար արժողությամբ։

Նախարարը մանրամասնեց մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությանը վերաբերող ծրագիրը: 1992 թվականից ի վեր մանկատներում չափահաս դառնալուց ու այն լքելուց հետո անտուն ու թափառական են դարձել 161 երեխաներ, որոնցից 55-ը, ըստ պարոն Եսայանի, ընդգրված են հիշյալ ծրագրում։ Դրանցից 35-ն արդեն բնակարան են ստացել, ինչպես նաեւ՝ առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր: Փոխնախարարի խոսերով, առաջիկա երկու տարիներին Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ բնակարաններ կտրվեն նաեւ մնացած 20 երեխաներին:

«Դրանից հետո արդեն կունենանք տարեկան 15-20 այդպիսի երեխաներ, որոնք կլինեն մանկատների շրջանավարտներ: Այս խնդիրը արդեն կառավարությունը կվերցնի իր վրա», - հավաստիացրեց Եսայանը:

Հանրապետության 5 մանկատներում պետական բյուջեի միջոցների հաշվին 600 ծնողազուրկ երեխա է ապրում։ Եթե նրանց մի մասի խնամքը իրենց վրա վերցնեն խնամատար ընտանիքները, բնականաբար, մանկատներում մնացածների նյութական վիճակը, այլ հավասար պայմաններում, կբարելավվի՝ տնտեսված միջոցների հաշվին։

«Խնամքի եւ դաստիարակության նպատակով մանկատնից երեխա վերցնելու դեպքում խնամատար ընտանիքը միայն երեխայի սննդի հաշվով պետությունից ամսական 50 հազար դրամ օգնություն կստանա», - ասաց Աշոտ Եսայանը՝ հավելելով, թե խնամատար ընտանիքներ տեղափոխված մանկատների սաները նյութականից զատ կստանան նաեւ այլ բնույթի աջակցություն: - «Յուրաքանչյուր համայնք ունենալու է իր «Ցերեկային կենտրոնը», որտեղ երեխաները ոչ միայն զբաղվելու են, այլեւ աջակցություն են ստանալու կրթության խնդիրներում, ինչպես նաեւ ընտանիքները ստանալու են իրավական, սոցիալական աջակցություն»:

Փոխնախարարի խոսքերով, խնամատարության հավակնող ընտանիքներն ընտրվելու են մեկ տասնյակից ավելի չափորոշիչներով, մասնավորապես՝ հաշվի է առնվելու պոտենցիալ խնամատարների ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը, ընտանիքի բյուջեն, շրջապատի եւ աշխատանքային կոլեկտիվի կարծիքը եւ այլն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG