Մատչելիության հղումներ

Հայ սպաներին թույլ չի տրվել մեկնել Բաքու


Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գալիք ամռանը Ադրբեջանում կայանալիք զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսին մասնակցելու նպատակով երեքշաբթի ուշ երեկոյան պիտի Ստամբուլից մեկներ Բաքու, պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, թույլ չի տրվել մեկնել Բաքու:

Շահսուվարյանի փոխանցմամբ, դա արվել է Թուրքիայում Ադրբեջանի հյուպատոսի միջամտությամբ: Ավելի վաղ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը մերժել էր հայ սպաներին մուտքի արտոնագրեր տալ:

Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել էր պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, հայկական կողմը ամեն կերպ փորձելու էր մասնակցել ինչպես այս ու հաջորդ կոնֆերանսներին, այնպես էլ բուն զորավարժություններին: Եվ հայկական պատվիրակությունը մեկնել էր Ստամբուլ՝ ակնկալելով, որ այնտեղից Բաքու հասնելուց հետո կփորձեն մուտքի արտոնագրեր ստանալ օդանավակայանում:

«Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունների նախնական պլանավորման եռօրյա կոնֆերանսը իր աշխատանքը Բաքվում սկսել է հունվարի 13-ին: Հայաստանի պատվիրակությունը ծրագրում էր այդ օրը հասնել Բաքու, սակայն Երեւան - Ստամբուլ թռիչքի ուշացման պատճառով, հայ սպաները ուշացել էին Բաքվի չվերթից:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է այս արարքը եւ գտնում է, որ տվյալ փաստը ամբողջապես հակասում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ոգուն, տառին եւ տրամաբանությանը», - այս կապակցությամբ տարածված հայտարարության մեջ ասել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - «Ադրբեջանական իշխանությունների այս աննախադեպ քայլը հարցականի տակ է դնում Գործընկերության այն հիմնական նպատակների իրականացումը, որոնք ուղղված են եվրատլանտյան տարածաշրջանի ազգերի եւ մասնավորապես Հարավային Կովկասի պետությունների միջեւ փոխվստահության եւ երկխոսության ընդլայնմանը»:

Պատասխանելով հարցին, թե ինչու էր Հայաստանի պատվիրակությունը դիմել Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն՝ մուտքի արտոնագրեր ստանալու համար այն դեպքում, երբ, ըստ Բիշքեկի համաձայնագրի, կոնֆերանսին մասնակցելու համար չկա մուտքի արտոնագրի անհրաժեշտություն, արտգործնախարարը ասաց. - «Մենք արել ենք այն քայլերը, որոնք մեզ թելադրվել են ՆԱՏՕ-ի կողմից, որովհետեւ իրենք են կազմակերպիչները: Իրենք են հուշել մեզ փորձել վիզա վերցնել, իրենք են հուշել մեզ գնալ Ստամբուլի ճանապարհով»:

Օսկանյանը նաեւ հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը «սկզբունքայնություն կցուցաբերի եւ կձեռնարկի համապատասխան քայլեր այս իրավիճակը շտկելու համար»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG