Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի շրջագծմամբ, այն, որ հայ սպաներին չհաջողվեց մտնել Բաքու, նշանակում է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցությունը առայժմ չի ստացվում՝ «անգամ՝ հանուն խաղաղության, անգամ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում»: Միեւնույն ժամանակ, թերթը գրում է. - «Հայաստանն այս իրավիճակում արեց ամեն ինչ՝ հնարավորինս թշվառ, ստորացված ու վիրավորված երեւալու ուղղությամբ: Թերեւս տեղին կլիներ վիրավորվել այն ժամանակ, երբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը մերժեց մեր պատվիրակությանը մուտքի վիզա տրամադրել: Ինչքանո՞վ էր տրամաբանական պարտիզանական եղանակներ բանեցնել ու փորձել Բաքու սողոսկել Ստամբուլով՝ հույսը դնելով այն բանի վրա, թե Ադրբեջանի մուտքի վիզաներ հնարավոր կլինի ձեռք բերել հենց Բաքվի օդանավակայանում: Եթե կոմպլեմենտարիզմը ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, հզոր պետությունների, միջազգային մյուս կառույցների առաջ մեր ծառայամտությունը ցուցադրելն է՝ մեր արժանապատվության հաշվին, ապա դա, հավանաբար, այնքան էլ հեռանկարային քաղաքականության չէ...»:

«Հայ արիական միաբանություն» կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում կրկին պնդել է, թե պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը լուծում է հանրապետության նախագահ դառնալու խնդիր: Ըստ Ավետիսյանի, իշխանական եւ ընդդիմադիր դաշտի գործիչների հետ իր ունեցած հանդիպումները վկայում են, որ Հայաստանի քաղաքական դաշտում խուճապային իրավիճակ է. - «Բոլորն էլ մտահոգված են, որ այդ ստրկամիտ երիտասարդը Հայաստանը Ֆրանսիայի առաջնորդությամբ կտանի լիակատար կործանման»: «Հայկական ժամանակ»-ն այսօր նաեւ արձանագրում է, որ խորհրդարանը ձեռք է բերել մի քանի նոր ավտոմեքենա, մասնավորապես՝ Արթուր Բաղդասարյանը, քիչ համարելով Արմեն Խաչատրյանից իրեն մնացած զրահապատ լիմուզինը, այսուհետ ձմեռները շրջելու է «զիմնի» ջիփով, որը գնվել է 70 հազար դոլարով:

«Փողի վրա նստածները ձյուն մաքրող մեքենաների համար փող չունեն» վերնագրի տակ է «Ազգ» թերթի մեկնաբանը անդրադառնում փողոցները ձնից մաքրելու հերոսական հաշվետվություններ ներկայացնող Երեւանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով ակնհայտ ու անխիղճ ստախոսության մեջ: «Ի վերջո, ինչքան կարելի է մարդկանց ներշնչել, թե իրականությունն այն է, ինչ պաշտոնյաներն են ուզում համարվի», - տարակուսում է մեկնաբանը:

«Հայոց աշխարհ» թերթի ընդգծմամբ, ընդդիմության ճամբարում ներկայումս տեղի ունեցող գործընթացները վաղուց սպասվող սերնդափոխության եւ նոր ուժերի ու նոր առաջնորդների ի հայտ գալու որոշակի հույսերն են ներշնչում: Մեկնաբանը գրում է. - «Ընդդիմության ներկա շերտերից եւ ո՛չ մեկը իր ներկա «հրամկազմով», անկասկած, ի վիճակի չէ նոր, թարմ խոսք եւ անխոցելի քաղաքական կեցվածք ապահովել ողջ ընդդիմության հավանական միավորման համար: Ուրեմն, գումարային-թվաբանական միավորումը կդառնա այն ծուղակը, որի մեջ ներքաշվելով, այդ ուժերն ու գործիչները կհայտնվեն առաջնության համար մեկը մյուսի դեմ պայքարի մեջ: Սրան կգումարվի հակառակորդ՝ իշխանական ճամբարի դիմադրությունը՝ ողջ ընդդիմությանը դնելով «խաչաձեւ կրակի» տակ: Այսպիսով, միայն նոր ուժերի ու նոր դեմքերի հայտնությունն է շանս տալիս ընդդիմությանը ի մի բերելու իր տարասեռ բեկորները»: Այս առումով, մեկնաբանի հայացքով, հավանական է, ընդդիմադիր դաշտում ավելի մեծ շանս ունենան ոչ թե նոր ուժերը, որոնք առայժմ նոր են սոսկ իրենց անվանումներով, այլ այն (պայմանականորեն նոր) անհատները, որոնք նախկինում առաջին դեմքեր չէին ո՛չ ՀՀՇ-ում, ո՛չ էլ մյուս ուժերի շարքում. - «Նրանք ունեն մի շարք առավելություններ՝ կարծրացած կառույցների եւ հանրահայտ դառնալու պատճառով ժողովրդին ձանձրացրած առաջնորդների համեմատությամբ»: Մեծ հաշվով՝ «Հայոց աշխարհ»-ում հարցադրումը խտացված է այսպես. - «Կգիտակցի՞ ընդդիմությունը, որ իշխանափոխության խնդրի բարձրացումը պետք է սկսել հենց իր ներսում՝ առանձին քաղաքական ուժերի մեջ իշխանափոխություն անելուց, թե՞ կգնա տրորված արահետով, որի վերջում ամենքիս արդեն ծանոթ փակուղիներն են»:

Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Աբրահամյանը իր վերջին խոսքում մի հետաքրքիր հայտարարություն արեց, թե գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը իրեն պարտադրել է ցուցմունք տալ, որ Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպված մահափորձի պատվիրատուն Արտաշես Գեղամյանն է: Արձագանքելով սրան, Անդրանիկ Միրզոյանը «Հայոց աշխարհ» թերթում այսօր ասում է. - «Որպես կանոն, մեղադրվող անձինք պատժից խուսափելու նպատակով ընդունակ են ցանկացած հերյուրանք տարածելու: Որքանո՞վ կարող է լուրջ մարդը, էլ չեմ ասում քաղաքական գործիչը, առանց երկմտելու, անվերապահորեն, միանգամից հալած յուղի տեղ ընդունել Աբրահամյանի նման կերպար ունեցողի հայտարարությունները: Այն, ինչ Աբրահամյանը հայտարարել է դատարանի դահլիճում, չի համապատասխանում եւ չէր էլ կարող համապատասխանել իրականությանը»: Այդ վարկածի ծագման բացատրությունը, ըստ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի, շատ պարզ է. - «Աբրահամյանը Գեղամյանի կուսակցության համակիրներից է: Եւ նա, ըստ իս, Գեղամյանին քաղաքական «կեր» է տվել: Գեղամյանին իրոք քաղաքական «կեր» էր պետք քաղաքական դաշտում վերակենդանանալու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG