Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի կազմակերպիչը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի նկատմամբ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող Լեւոն Աբրահամյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեքշաբթի օրը դատապարտեց 6 տարվա ազատազրկման:

Անցած սեպտեմբերին կանխված մահափորձի նախաքննությունն ու դատավարությունը ավարտվեցին հայաստանյան չափանիշներով շատ արագ: Դատավճիռ կայացնելու համար, օրինակ, դատարանը բավարարվեց ընդամենը հինգ նիստով:

Երեքշաբթի կայացած վերջին նիստում ամբաստանյալի շահերի պաշտպան Մարինա Ջանոյանը իր պաշտպանական ճառում, փորձելով հիմնավորել, թե գործով ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման վճիռ կայացնել եւ կալանքից ազատ արձակել:

Աբրահամյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր գործով որպես վկա անցնող Արային Նարիմանյանի ցուցմունքների հիման վրա: Վերջինս համապատասխան մարմիններին պատրաստվող մահափորձի մասին տեղեկացրել էր, ինչից հետո ձայնագրվել ու տեսագրվել էին իր եւ Աբրահամյանի բոլոր հանդիպումները: Հենց այդ ձայնագրությունների ու տեսագրությունների՝ գործին կցված սղագրությունները նկատի ուներ փաստաբան Ջանոյանը:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Աբրահամյանը: Վերջինիս խոսքերով, 2003 թվականի սեպտեմբերի 15-ին իրեն բերման ենթարկելուց հետո, գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը փորձել է իրեն համոզել, որ Սերժ Սարգսյանի սպանությունը պատվիրված է, սպանության գաղափարը Աբրահամյանինը չէ, եւ նրա թիկունքում ընդդիմությունից ինչ-որ մարդիկ կան կանգնած:

Լեւոն Աբրահամյանի խոսքերով, «սլաքն ուղղված էր» Արտաշես Գեղամյանի դեմ, որովհետեւ քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը անվայելուչ էր արտահայտվում հենց «Ազգային միաբանության» առաջնորդի հասցեին: Միրզոյանը հորդորել է իրեն ասել, թե «ով է պատվիրատուն»:

«Միայն այդ դեպքում [Միրզոյանը] կարող է բարեխոսել Սերժ Սարգսյանի մոտ, որ ինձ դատեն մինիմալ ժամկետներով», - հայտարարեց Աբրահամյանը: - «Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ դու գործել ես միայնակ, քեզնից կքերենք կաշին, իսկ ընտանիքի անդամներին ռեպրեսիաներ կանենք»:

Լեւոն Աբրահամյանը նույնպես պնդեց, թե դատարանը պարտավոր է արդարացման վճիռ կայացնել եւ իրեն անհապաղ ազատ արձակել:

Ամբաստանյալի որոշ ակնարկներ հիմք են տալիս ենթադրել, որ ոչ ցանկալի վճիռ կայացնելու դեպքում վճիռը բողոքարկելու է վերին ատյաններում, անհրաժեշտության դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG