Մատչելիության հղումներ

Հարկային փոփոխությունները ներկայացվեցին խոշոր գործարարներին


Անցյալ տարեվերջին Ազգային ժողովի ընդունած հարկային փոփոխությունների ծավալուն փաթեթին ծանոթացնելու եւ հավելյալ պարզաբանումներ տալու նպատակով Հարկային պետական ծառայությունը երեքշաբթի օրը հանդիպման էր հրավիրել երկրի ավելի քան 200 խոշոր հարկատու ընկերությունների ներկայացուցիչների։

2004 թվականի պետական բյուջեի կատարմանը կապակցված այս հարկային փոփոխություններում հիմնական շեշտը դրված է հարկային վարչարարության խստացման վրա: Հատկապես էական են շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի գծով փոփոխությունները: Օրինակ, անկախ նրանից, թե տնտեսավարողը շահույթ է ստացել թե վնաս կրել, նա պարտավոր է նախորդ ամսվա համախառն եկամտի 1 տոկոսի չափով շահութահարկի կանխավճար մուծել: Կամ՝ ասենք, հարկային փաթեթը հավելյալ 200 ներկրվող ապրանքատեսակներից գանձվող ավելացված արժեքի հարկի գանձումը տեղափոխվում է մաքսային սահման։

Ավելի քան 500 մեծ ու փոքր փոփոխությունների նկատմամբ խոշոր հարկատուների վերաբերմունքը միանշանակ չէ: «Դա ճիշտ չէ, որ նախօրոք վճարես», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանդիպման մասնակիցներից շինարարական մի ընկերության տնօրեն: - «Դու պիտի գումար ունենաս, որ վճարես: Մենք գիտենք, որ հիմա ոչ միշտ է հիմնարկը ժամանակին ստանում գումարները: Եթե դու ժամանակին չես ստանում, ինչպե՞ս կարող ես վճարել»:

Շահութահարկի 1 տոկոսանոց կանխավճար պետք է մուծեն նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունները, ինչից, բնականաբար, նրանց ներկայացուցիչները դժգոհ են: Մասնավորապես, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսական տնօրեն Մնացական Մկրտչյանն իրենց նկատմամբ «Շահութահարկի մասին» օրենքի այս նորմի կիրառումը «լրիվ անհեթեթություն» է համարում: Նրա խոսքերով, իրենք բոլոր միջոցներով պայքարելու են, որպեսզի իրենց նկատմամբ օրենքի այդ կետը չկիրառվի, քանի որ իրենք վնասով աշխատող հիմնարկ են, իսկ վնասները ծածկում է Հայ բարեգործական ընդհանուր միությունը։

Խոշոր բիզնես ունեցող առեւտրային ընկերությունների ներկայացուցիչներից «Միկա ցեմենտ» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի պատկերացմամբ, մինչդեռ, եթե բարեխիղճ հարկատուն շահույթ է ստանում, ապա տարբերություն չկա, թե դրա մի մասը երբ է վճարում:

Հարկային փոփոխությունների ընդունված փաթեթը նաեւ ստուգումների ռեժիմի որոշակի խստացում է ենթադրում։ Հունվարի 1-ից հարկային տեսուչները այսպես կոչված թեմատիկ ստուգում անցկացնելու նպատակով ցանկացած պահի կարող են մտնել տվյալ ձեռնարկություն եւ ուսումնասիրություններ անցկացնել: «Երեւանի աղի հանք» ընկերության ներկայացուցիչ Սոֆյա Վարդանյանի կարծիքով, եթե ստուգումների մասին օրենքի բոլոր պահանջները կատարվեն, ապա իրենք դժգոհելու առիթ չենք ունենա: Սակայն, նրա խոսքերով, որոշ տեսուչներ կարող են չարաշահել այս պահանջը:

Հարկային ծառայության պետի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ, ստուգումների հիմնական տեսակների՝ բյուջեի հետ փոխհարաբերություների եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ստուգման քանակի փոփոխություն չի եղել, մինչդեռ, թեմատիկ ստուգումների սահմանափակումները օրինաչափորեն հանվել են, քանի որ դրանց միջոցով ընդամենը ճշտվում են այսպես կոչված ելակետային տվյալները, օրինակ՝ երթուղի դուրս եկած տրասնպորտային միջոցների կամ կազինոյի խաղասեղանների թիվը կամ, ասենք, տոնավաճառի տարածքը:

Ըստ Արմեն Ալավերդյանի, խոշոր հարկ վճարողները ներկայումս ապահովում են պետական բյուջեի հարկային մուտքերի կեսից ավելին. անցյալ տարի նրանք պետական գանձարան են փոխանցել 73 միլիարդ դրամի հարկեր։ Իսկ ընդհանուր առմամբ 2003 թվականին բոլոր հարկատուները պետական բյուջե են փոխանցել մոտ 118 միլիարդ դրամի հարկ՝ շուրջ 3 տոկոսով ավելի, քան բյուջեով ծրագրածն էր։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG