Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե Եվրախորհրդի հանդեպ կողմերի ստանձնած պարտավորությունների փաթեթից Ադրբեջանը 10 տոկոսն է իրականացնում, իսկ Հայաստանը՝ 90-ը, միեւնույն է, Եվրոպան նրանց մոտենում է՝ ելնելով հանրահայտ 50-50 սկզբունքից: Այս հանգամանքը եւս սկսել են գիտակցել եւ հետեւողականորեն շահարկել ադրբեջանական իշխանությունները», - ուշադրություն է սեւեռում «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ թարմ օրինակ բերելով նկատվող երկակի մոտեցումը «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքի հարցում: «Մտայնություն կա, որ Եվրոպան պետք է բացառություն անի Ադրբեջանի հանդեպ եւ թույլ տա վերջինիս, խախտելով ստանձնած պարտավորությունները, ամրապնդել սեփական բանակը եւ հարձակվել Հայաստանի վրա», - գրում է մեկնաբանը՝ զգուշացնելով. - «Եթե միջազգային կառույցները համապատասխան հետեւություններ եւ դրանցից բխող կոնկրետ քայլեր չձեռնարկեն՝ սահմանափակելու Ադրբեջանի զանազան քմահաճույքների օրավուր մեծացման ներկա գործընթացը, ապա ակամայից կնպաստեն այդ երկրում ագրեսիվ տրամադրությունների ուժեղացմանը եւ ի վերջո՝ պատերազմի սանձազերծմանը»:

Առաջիկա տարում արտաքին ճակատից միայն Ղարաբաղյան հիմնահարցը չէ, որ Հայաստանում կարող է հանգեցնել իշխանության ցնցումների: «Շատ ծանր է, օրինակ, ընտրակեղծիքների խնդիրը», - մատնանշում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն իր ասուլիսում տեղեկացրեց, որ Հայաստանի առջեւ եվրոպական կառույցների կողմից դրվել է մինչեւ տարվա վերջ ընտրակեղծիքների բոլոր մասնակիցներին պատժելու պարտավորությունը, եւ Հայաստանը դա ընդունել է.. Նման գործընթացի իրականացումը ի վիճակի է առաջացնել ներիշխանական շատ լուրջ ցնցումներ, ու դժվար չէ կանխատեսել, որ կեղծարարներին պատժելու գործը կիսատ-պռատ է իրականացվելու (եթե ընդհանրապես իրականացվելու է), ու տարեվերջին կրկին կլինեն անախորժ պահեր Եվրախորհրդի հետ հարաբերություններում»:

Ներքին կյանքի բարդություններից «Իրավունք»-ում առանձնացված են եւ սակագների բարձրացմանը հետեւելիք լարումներն ու այն հանգամանքը, որ «օրախնդիր է դառնում նախագահի պաշտոնի ժառանգորդի հարցը»: «Դա նշանակում է, որ անպակաս են լինելու ինչպես ներիշխանական ինտրիգները, այնպես էլ գերտերությունների հետ տարատեսակ խաղերը», - գրում է «Իրավունք»-ը: - «Բայց տարին դժվարություններով է սկսվում ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության համար»: Ինչպես շեշտված է՝ այն իր վարկանիշը կարող է բարձրացնել միայն վճռական գործողություններով, իսկ այդ առումով կրկին ծառանալու է առաջնորդի հարցը:

Ընդդիմադիրների շրջանակում հիմա կարծես ծավալվում է մտայնությունը, թե «բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք սահմանադրական կարգի վերականգնման կողմնակիցն են, պարտավոր են հենց այդ մեկ խնդրի շուրջ ձեւավորել լայն քաղաքական դաշինք: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է. - «Այս անգամ առաջարկվելու է քաղաքական գործողությունների կոնկրետ ծրագիր, որը բերելու է սահմանադրական կարգի վերականգնման: Բոլոր այն ուժերը, որոնք կմասնակցեն այդ ծրագրին՝ լավ, որոնք չեն մասնակցի՝ այլեւս մենք չենք պատրաստվում մեր գործողությունները պայմանավորել որեւէ քաղաքական ուժի դիրքորոշումներով կամ վարքագծով»:

«Ընդդիմադիր նոր դաշինքը կարող է նախորդներից տարբերվել նրանով, որ դրան մաս կազմեն ՀՀՇ-ն եւ լիբերալ մյուս ուժերը», - նշում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Նախկինում ե'ւ «Հանրապետություն» կուսակցությունը, ե'ւ «Ազգային միաբանություն»-ը խուսափել են ՀՀՇ-ի հետ բարիկադի միեւնույն կողմում հայտնվելուց: Նրա հետ համագործակցելու ներկայիս պատրաստակամությունը, թերեւս, արդյունք է այն գիտակցման, որ Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ է ընդդիմության ամբողջական միավորում»: «Ընդդիմադիր դաշտում հրաշալի հասկանում են, որ եթե իրենց չհաջողվի հասնել վստահության հանրաքվեի անցկացման, ապա Քոչարյանին հրաժեշտ տալու սահմանադրական բոլոր ճանապարհները սպառվում են», - շեշտվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Ուստի, առաջիկա մեկ-երկու շաբաթը ՀԺԿ-ն, «Հանրապետություն»-ը, «Ազգային միաբանություն»-ը եւ Կոմկուսը մարզերում ու մայրաքաղաքում ծրագրել են հանրահավաքների շարք՝ ժողովրդին վերստին ակտիվացնելու եւ խորհրդարանում վստահության հանրաքվեի քննարկման ժամանակ համապատասխան կոնդիցիայի բերելու համար»:

Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը արձանագրում է, որ բնակչության սպառածը «Հայռուսգազարդի» մատակարարած գազի ընդհանուր ծավալի միայն շատ փոքր մասն է: Այնպես որ՝ «սակագնի բարձրացումը բնակիչների գրպաններին կհարվածի, բայց գազամատակարարի բացասական հաշվեկշռի ցավին դարման չի անի»։ Միեւնույն ժամանակ, այս թանկացումը ազդելու է ոչ միայն բաժանորդ բնակիչների, այլեւ միջին ու փոքր բիզնեսի այն սուբյեկտների վրա, որոնք, ինչպես եւ քաղաքացիները, շատ մեծ ծավալ չեն սպառում: Դա, հետեւաբար, կբարձրացնի իրենց ծառայությունների եւ ապրանքների գները: «Թեթեւ գրպանի համար ամեն սակագին էլ ծանր է» վերնագրի տակ մեկնաբանն ի վերջո եզրափակում է. - «Իսկ ինչու պետական «համապատասխան կառույցների» մտքով չի անցնում մշակել ու իրականացնել այնպիսի տնտեսական քայլեր, որոնք կխթանեն գազի սպառման ծավալների, այլ ոչ թե սակագնի աճը։ Թե չէ, անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երկրիս «համապատասխան կառույցների» աչքը մեր խեղճուկրակ գրպանից այն կողմ չի տեսնում»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG