Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հույս է հայտնում, որ Թուրքիային չի բացի Հայաստանի սահմանը


Անցած շաբաթավերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հույս է հայտնել, որ Թուրքիան չի վերաբացի հայ-թուրքական սահմանը, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Գուլիեւի այս հայտարարությունը, որ արվել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի Բաքու կատարած այցի ընթացքում, վկայում է Ադրբեջանի մտահոգության մասին՝ վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու՝ Միացյալ Նահանգների կողմից խրախուսվող փորձերի կապակցությամբ:

«Եթե Թուրքիան նույնիսկ փոքր քայլեր անի Հայաստանին ընդառաջ, ապա դրանով վնաս կհասցնի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ սեփական ազգային շահերին», - լրագրողներին ասել է Գուլիեւը: - «Այդ բնույթի ցանկացած քայլ պետք է ամենայն մանրամասնությամբ հետազոտվի, եւ մենք հուսով ենք, որ ընդհանուր առմամբ նման քայլեր չեն արվի, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը»:

«Թուրքիան եւ Հայաստանը անկախ պետություններ են եւ անկախ են իրենց վարած քաղաքականության մեջ», - BBC-ի մեջբերմամբ, ասել է Գուլիեւը ադրբեջանական հեռուստատեսությամբ: - «Սակայն, բնականաբար, մենք, այսպես ասած, մեծ ակնկալիքներ ունենք Թուրքիայից, որովհետեւ Թուրքիան այն երկիրն է, որը մեծապես աջակցում է օկուպացումից տառապող Ադրբեջանին: Սա է պատճառը, որ մենք, բնականաբար, ընդգծված զգացմունքայնությամբ ենք հետեւում հայ-թուրքական հարաբերություններին»:

Հայաստանի հետ սահմանը Թուրքիան փակել է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում՝ 1993 թվականին՝ դրա վերաբացումը պայմանավորելով վիճահարույց տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելով: Սակայն Երեւանի հետ հարաբերությունները հայ-ադրբեջանական հակամարտությամբ պայմանավորելու Անկարայի քաղաքականությունը վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը կարծես թե մեղմել է անցած տարվա ընթացքում:

Քաղաքականության մեջ այդ փոփոխության մասին են վկայում Թուրքիայի արտգործնախարարի մի շարք հանդիպումները Հայաստանի իր գործընկերոջ հետ: Դրանցից վերջինը տեղի ունեցել դեկտեմբերի 5-ին Բրյուսելում:

«Հանդիպման արդյունքներից Հայաստանի արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել, հատկապես՝ սահմանային խնդիրների հետ կապված, բացման հետ կապված», - բրյուսելյան հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը: - «Թեկուզ փոքր, բայց դրական տեղաշարժերի առումով նախարարը գոհունակություն է հայտնել եւ գտնում է, որ այս անգամվա հանդիպումը նույնպես արդյունավետ հանդիպում էր»:

Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը մեղմելու ճնշումը պաշտոնական Անկարայի վրա գալիս է Միացյալ Նահանգների կառավարության եւ թուրք գործարար շրջանակների կողմից: Վերջիններս շահույթներ են ակնկալում Հայաստանի հետ առեւտրական կապերի ընդլայնումից: Սահմանի վերաբացման կողմնակիցներ կան նաեւ հայ գործարարների մեջ, ովքեր Թուրքիան դիտում են որպես իրենց արտադրանքի պոտենցիալ շուկա եւ էժան տարանցիկ ուղի:

Ադրբեջանը, մինչդեռ, մտավախություն ունի, որ Հայաստանի շրջափակման վերացումը կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին, ինչով կամրապնդի Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան խաղաղ բանակցություններում: Գուլիեւը ասել է, թե ինքը «միշտ» այդ հարցը բարձրացնում է Գյուլի եւ Թուրքիայի այլ ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում:

Բաքվում Աբդուլլա Գյուլը բացառել է «մոտ ժամանակներում» սահմանի բացումը: Միեւնույն ժամանակ, նա հասկանալ է տվել, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական եւ հասարակական կազմակերպությունների մակարդակով շփումները Հայաստանի հետ, որոնց բացակայությունը նախկինում «շահարկվում էր այլ երկրների կողմից»: Նախարարը չի հստակեցրել, թե որ երկրները նկատի ունի: Նա նաեւ առաջարկել է Ղարաբաղի հարցի շուրջ եռակողմ հանդիպում կազմակերպել՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG