Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Ռուստամյան. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանաձեւը այդ ձեւով չմնա»


Մինչ հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կքննարկվի եւ բանաձեւ կընդունվի Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի շուրջ, այս կառույցում Հայաստանի պատվիրակությունը մտադիր է արագ եւ լուրջ աշխատանք տանել Հայաստանի արտգործնախարարության հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մոտեցումները հստակեցվեն ու նույնացվեն:

Լիագումար նիստում քննարկման է դրվելու մոնիթորինգային հանձնաժողովի բանաձեւը, որը նախորդ շաբաթ ընդունվել է Փարիզում, եւ որում «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը» վերնագրով կետի երեք ենթակետերից մեկը, վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ, հետեւյալն է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքների ուղղությամբ բանակցությունները առաջընթաց չեն արձանագրել»:
Սրանով, փաստորեն, Լեռնային Ղարաբաղը նույնպես դիտվում է որպես գրավյալ տարածք:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բանաձեւը այդ ձեւով չմնա», - հայտարարեց պատվիրակության անդամ, Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը նաեւ իր դժգհությունը փոխանցեց ադրբեջանական կողմից, որն ամեն առիթով այսպիսի ձեւակերպումներ է փորձում անցկացնել, չնայած Ղարաբաղի հարցով առանձին զեկույց է պատրաստվում Եվրախորհրդում:

Փարիզում ընդունված բանաձեւի մյուս կետերը Հայաստանի պատվիրակության անդամներին գոհացնում են. դրանցից մի քանիսում հաշվի են առնվել նրանց առաջարկությունները:

Ըստ այդ փաստաթղթի, օրինակ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամկետը 2004-ի տարեվերջից տեղափոխվում է 2005 հունիս: Վարչական կալանքը երկրում պիտի վերացվեր մինչեւ այս ապրիլ, բայց համաձայնություն է ձեռք բերվել, որ փետրվարին փորձագետների հետ աշխատելու արդյունքում մշակվի օրենսդրական փոփոխությունը:

Եվրախորհրդի պահանջում էր անմիջապես ազատ արձակել կրոնական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափած 20 քաղաքացիներին եւ մինչեւ հունվարի վերջ գրանցել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը: Հայկական կլողմի պնդմամբ, համաձայնություն է ձեռք բերվել այդ պահանջը բավարարել այլընտրանքային զինծառայության մասին օրենքն ուժի մեջ մտնելուց՝ այս տարվա հուլիսից հետո:

Անդրադառնալով լրատվամիջոցներին վերաբերող հատվածին, Տիգրան Թորոսյանը փոխանցեց, որ բանաձեւում տեղ է գտել հետեւյալ ձեւակեպումը. - «Ափսոսում են, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը լիակատար ազատություն ունի հեռարձակման արտոնագիր շնորհելու հարցում, եւ մասնավորապես նշվեց «Ա1+»-ի դեպքը»:

Թորոսյանի խոսքերով, բանաձեւում նշված է նաեւ, որ ի գիտություն է ընդունվում Ազգային Ժողովում արդեն ընդունված փոփոխությունը, որով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային Հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալու դեպքում այսուհետ նոր նշանակման հարցը երկրի նախագահը լուծում է մրցութային կարգով:

«Այսինքն, ըստ էության, իրենք հուսով են, որ այս օրենքների ընդունմամբ ի վերջո խնդիրը կլուծվի», - եզրափակեց Տիգրան Թորոսյանը:



Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG