Մատչելիության հղումներ

Արթուր Աղաբեկյան. «ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանը մասնակցի այս զորավարժություններին»


Հայաստանի պաշտպանության փոխնախարարի պնդմամբ, Հայաստանի զինվորականները ամեն բան կանեն, որպեսզի մասնակցեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գալիս ամռանը Ադրբեջանում անցկացվելիք «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժություններին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ասաց, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը «պարտադրում է» Հայաստանի զինվորականներին մասնացել ինչպես զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսներին, այնպես էլ բուն զորավարժություններին:

Անդրադառնալով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան կողմից օրերս Բաքվում կայանալիք նախնական պլանավորման կոնֆերանսի հայ մասնակիցներին մուտքի արտոնագրեր տալու մերժմանը, Աղաբեկյանը ասաց. - «Հրավերները ուղարկում է ոչ թե ադրբեջանական կողմը, այլ զորավարժությունը կազմակերպող հրամանատարությունը: Կոնկրետ այս պարագայում՝ Մադրիդի հրամանատարությունը: Հայկական կողմը ստացել է հրավեր»:

«ՆԱՏՕ-ն բավականին շահագրգռված է, որպեսզի Հայաստանը մասնակցի այս զորավարժություններին», - շարունակեց Հայաստանի պաշտպանության փոխնախարարը: - «Այլապես անիմաստ է դառնում այդ համագործակցությունը»:

Աղաբեկյանի խոսքերով, Հայաստանում անցկացված «Լավագույն համատեղ ջանք - 2003» զորավարժություններին նախապատրաստվելիս Երեւանը փորձել է համոզել Բաքվին, որպեսզի ադրբեջանցի զինվորականները մասնակցեն դրանց:

«Մենք միշտ պահանջել ենք, որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա կազմակերպել տարածաշրջանային համագործակցություն», - ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանը կողմ է այդպիսի համագործակցության ցանկացած դրսեւորման:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանի՝ երեկ տարածված հայտարարության մեջ նշվել էր, որ եթե հայկական կողմին չհաջողվի ստանալ մուտքի արտոնագրեր Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը, ապա հայ սպաները կփորձեն մուտքի արտոնագրեր ստանալ Բաքվի օդանավակայանում:

Արթուր Աղաբեկյանը ասյօր ընդգծեց, որ եթե հայ սպաները Բաքվի օդանավակայանում էլ մուտքի արտոնագրեր չստանան ու չկարողանան մասնակցել նախնական պլանավորման կոնֆերանսին, դա չի նշանակի, թե հայ զինվորականները չեն մասնակցի բուն զորավարժություններին: Փոխնախարարը վստահեցրեց, որ հայկական կողմը «հետ չի կանգնելու» այդ կոնֆերանսին մասնակցելու մտադրությունից:

«Գտնում ենք, որ Ադրբեջանի այս պահվածքը անընդունելի է, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրների համար եւ վստահ ենք, որ նրանք հավատարիմ կմնան իրենց սկզբունքներին եւ կշարունակեն պարտադրել Ադրբեջանին, որ անի ամեն ինչ, որպեսզի հայկական կողմը մասնակցի պլանավորման կոնֆերանսին», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարութան մեջ:

Մինչդեռ, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Զերկալո» թերթը, ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախաձեռնությամբ երեկ բողոքի ակցիա է կազմակերպվել Բաքվի մամուլի ակումբում, եւ նշված կազմակերպության փոխնախագահը հայտարարել է, թե իրենք պատանդ կվերցնեն հայ սպաներին, եթե վերջիններս ժամանեն Բաքու:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG