Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի գնահատականով, այն որ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը «մեծ ցանկություն» է հայտնել ներկա գտնվել Վրաստանի նորընծա նախագահ Սահակաշվիլու երդման արարողությանը, ԱՊՀ երկրների պատմության մեջ աննախադեպ երեւույթ է. - «Այդպիսի վերաբերմունքը այլեւս ակնհայտ է դարձնում, որ, չնայած Վրաստանի նոր ղեկավարների կողմից վերջին շրջանում Ռուսաստանի հասցեին ավելի ու ավելի հաճախ շռայլվող հաճոյաբանություններին, Վրաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը «վերջնականապես եւ անշրջելիորեն միտված է դեպի Միացյալ Նահանգներ, որն իր հերթին ըստ արժանվույն է գնահատում դա»: Այս տեսանկյունից անդրադառնալով Հայաստանին, «Առավոտ»-ը նշում է. - «Մենք աշխարհի համար այնքան էլ հետաքրքիր չենք: Դա է վկայում թեկուզ այն, որ Հայաստանի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության հանրահավաքներին CNN-ը անդրադարձավ ընդամենը երկու թե երեք անգամ: Այնինչ՝ Ռուսթավելու փողոցից նույն հեռուստաընկերությունը ժամերով ուղիղ հեռարձակումներ էր կազմակերպում: Դա շատ թանկ հաճույք է: Իսկ երբ ամերիկացիները փող են ներդնում, նրանք իրենց նպատակին հասնում են»:

Տեղեկությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է առաջին պաշտոնական այցով Ռուսաստան ժամանել փետրվարի սկզբներին, առիթ դարձավ ամենատարբեր մեկնաբանությունների: Մի մասի կարծիքով, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, Ռուսաստանի անդրկովկասյան քաղաքականության մեջ որեւէ լուրջ տեղաշարժ պետք չէ սպասել, առաջիկա բանակցությունները որեւէ կերպ չեն անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մյուսներն ընդհակառակը, պնդում են, որ Ռուսաստանը փոխում է իր քաղաքականությունը մեր տարածաշրջանում եւ որ ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները նշանավորում են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության որոշակի սահմանափակում, ու այդ ամենը կարող է լրջորեն փոխել ուժերի հարաբերակցությունը: Ըստ «Հայոց աշխարհ» թերթի՝ ճշմարտությունն այս ծայրահեղ ու հակադիր մոտեցումների արանքում է: «Արդեն որերորդ անգամ մեզ չխաբենք այն մտայնությամբ, թե ռուսները չգիտեն իրենց շահը, չեն հասկանում, թե այս տարածաշրջանում ով է իրենց ռազմավարական կայուն դաշնակիցը: Շատ լավ էլ գիտեն: Այնպես որ խանդի տեսարաններն ավելորդ են», - ընդգծում է «Հայոց աշխարհ»-ը: - «Ներկայումս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հասել են այն հանգրվանին, երբ նրանց զարգացման հաջորդ, ավելի բարձր շրջափուլը կարող է լինել միայն ընդհանուր պետության ստեղծումը... Մի խոսքով, այս իրավիճակ-ընթացքում անհանգստանալու բան չկա»:

Խմբագիր-հրապարակախոս Այդին Մորիկյանի հայացքով, Հայաստանի իշխանությունը աներեր շարունակում է «երկրի ու ինքնոչնչացման գործընթացը»: «Մասնավորապես, սակագների ընթացիկ ու առաջիկա թանկացումն էլ կրկնակի ձեռնտու է իշխանությանը. կոտրում է ժողովրդի ե'ւ ֆիզիկական, ե'ւ բարոյական դիմադրողականությունը», - գրում է նա այսօր «Առավոտ» թերթում: - «Երկրից շարունակում է հեռանալ ժողովրդի ակտիվ մասը, որ ընդունակ է եւ ի զորու պայքարել ու գլուխը պահել, որ օտար երկրում հաց աշխատելու դուխ ունի, ու նրա հեռանալով երկրում մեխանիկորեն պակասում է ակտիվ ընդդիմության թիվը, մնում են ընտելացածները, որոնց աղքատության դեմ պայքարելու համար հերիք են նպաստներն ու փոխհատուցումները, մնում են հույսները կտրածները, որոնք իշխանության ով ու ինչ լինելու վրա խորապես թքած ունեն»:

Հայտնի գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Մեծ հիասթափություն ունեմ, որովհետեւ մեր ժամանակները բարոյականության անկման ժամանակներ են։ Սովորական մարդիկ, նույնիսկ արվեստագետները գազանների նման սկսեցին հարձակվել պաշտոնների վրա, մրցանակների վրա, շքանշանների վրա, սկսեցին քծնել իշխանավորներին... Մեծ հաշվով, հիմա դուրսպրծուկների ժամանակն է, այնպիսի մարդիկ են հիմա ասպարեզում, որոնց նորմալ ժամանակներում ուղղակի մարդու տեղ էլ չեն դրել։ Եւ դրանք իրենց բանի տեղ չդնելու համար այսօր վրեժխնդիր են լինում սեփական ժողովրդից»։ «Դու, ասենք, 10 տարի առաջ եղել ես սովորական, աղքատ մարդ, այսօր էդ մաքուր բիզնեսը ոնց բերեցին քեզ տվեցին, որը քեզ ամսական կես միլիոն շահույթ է բերում։ 10 տարի առաջ, երբ ես կոնյակ էի խմում, ախր, դու հագիդ շալվար չունեիր, այդ ինչպե՞ս մաքուր բիզնեսով դարձար մեծահարուստ։ Ցինիզմ է դա», - որակում է Վարուժան Վարդանյանը: - «Դու չես թաքցնում քո 20 միլիոնանոց հսկա վիլլան քո աղքատ ժողովրդի աչքի առաջ, դու չես թաքցնում ու հեկտարներով ծառեր ես հատում, որպեսզի քո հյուրանոցները տեղավորես էս քաղաքում։ Ոչինչ չի թաքցնում եւ սրա նմանին կանգնում ու քծնում են անամոթաբար»: «Լավ է, որ գոնե առայժմ Արարատ լեռը մերը չէ։ Թե չէ այնտեղ, ստորոտում լիքը վետերոկներ, սրճարաններ կլինեին արդեն, պահածոյի տուփեր, աղբ, լեռը աղտոտված... Դե իսկ մեր լավ տղերքից մեկը անպայման Մասիսի գագաթին արդեն մի հատ տուն կսարքեր իր օբյեկտի կողքին, օբյեկտն էլ կկոչեր «Նոյյան տապան»,- դառնությամբ ասում է գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG