Մատչելիության հղումներ

Ըստ ամերիկյան հետազոտության, Հայաստանի տնտեսությունն ամենաազատականն է ԱՊՀ երկրների շարքում


Ըստ ամերիկյան հեղինակավոր Heritage Foundation հաստատության եւ The Wall Street Journal-ի ամենամյա համատեղ զեկույցի գնահատականների, Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ ամենաազատականը Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսությունների շարքում:

1994 թվականից անցկացվող այս ամենամյա հետազոտության մեջ Հայաստանը պահպանել է նախորդ զեկույցի պատվավոր 44-րդ տեղը:

Աշխարհի 155 երկրների շարքում Հայաստանը այդ տեղը կիսել է այնպիսի մի երկրի տնտեսության գնահատականի հետ, ինչպիսին Ֆրանսիան է: Հարեւան Վրաստանը, օրինակ, տնտեսական ազատությունների աստիճանով զբաղեցնում է 91-րդ տեղը, Ադրբեջանը՝ 106-րդ: Այս սանդղակում Հայաստանին զիջում են Արեւելյան Եվրոպայի երկրներից, ասենք, Լեհաստանը, Սլովենիան, որոնք շուտով մտնելու են Եվրամիություն:

Տնտեսության ազատության աստիճանը որոշվում է մեկ տասնյակ գործոններով. հարկային քաղաքականությունը, տեղական տարադրամի կայունությունը, օտարերկրյա ներդրումների համար ստեղծվող պայմանները, բյուրոկրատիայի միջամտության չափը գործարար կյանքին եւ այլն: Ահա այս բոլոր գործոնները համադրմամբ, Հայաստանի տնտեսությունը համարվել է «առավելապես ազատ»: Հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի, 114-րդ տեղը զբաղեցնող Ռուսաստանի տնտեսությունները «առավելապես ոչ ազատ» են գնահատվել:

Հետազոտության հեղինակները, այդուհանդերձ, նշում են, որ Հայաստանում «համատարած է» կաշառառությունը, հատկապես ձեռնարկությունների գրանցման, լիցենզավորման, հողահատկացումների գործընթացներում: Զեկույցում նշվում է, որ թեեւ մասնավոր սեփականությունը պաշտպանված է Սահմանադրությամբ, բայց, քանի որ Հայաստանի դատարանները քաղաքական ճնշումներից անկախ չեն, ապա այդ պաշտպանվածությունը իրական կյանքում չի գործադրվում ինչպես իրավապահ, այնպես էլ դատական մարմինների կողմից:

Heritage Foundation-ի եւ The Wall Street Journal-ի հետազոտությունը մեծապես հիմնվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության, Համաշխարհային բանկի եւ այլ միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցների վրա:


Հրայր Թարմազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG