Մատչելիության հղումներ

Այսօր օրը Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովում քվեարկությամբ ընդունված որոշմամբ բարձրացվեց գազի սակագինը՝ մասնակիորեն միայն բավարարելով «Հայռուսգազարդ»-ի հայտը, որով ընկերությունը սակագնի ավելի մեծ բարձրացում էր հայտավորել:

Մարտի 1-ից ամսեկան մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար սակագինը կբարձրանա 16 տոկոսով. ներկայիս 51 հազար դրամի փոխարեն հասնելով 59 հազար դրամի: 10 հազարի խորանարդ մետրից ավելի գազ սպառողները յուրանքաչյուր 1000 խորանարդ մետր գազի դիմաց պետք է վճարեն գործող սակագներով. այսինքն՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար 79,1 դոլարին համարժեք դրամ:

Հանձնաժողովի որոշման համաձայն, սակագնի բարձրացումը վերաբերում է միայն մանրածախ սպառողներին՝ բաժանորդ բնակիչներին, իսկ արդյունաբերության համար սակագինը մնաց անփոփոխ:

Ըստ հաշվարկների, այս սակագնի դեպքում ներկայումս «Հայռուսգազարդ»-ի կողմից ստացվող 3 տոկոս շահույթը կկրկնապատկվի: Հանձնաժողովի սահմանած սակագինը բավականին ցածր է «Հայռուսգազարդ»-ի հայտի պահանջից, ըստ որի շահույթը կդառնար 10 տոկոս:

«Հայռուսգազարդ»-ի հայտում ներկայացվել էր, թե 2003 թվականին ընկերությունը 3 մլրդ 900 միլիոն դրամի ներդրում է կատարել՝ մեծացնելով գազաֆիկացման տեմպերը, սակայն այդ ներդրումը ընդգրկված չէր հաշվարկների մեջ: Այս կապակցությամբ Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ասաց. - «Քաղաքական որոշումների է գնացել [«Հայռուսգազարդ»-ը]: Նախընտրական շրջանում առանձին քաղաքական գործիչների ճնշման տակ մի գյուղում, որտեղ առանց տնտեսական էֆեկտը հաշվի առնելու գազաֆիկացում է կատարել»:

Նազարյանը ասաց, թե «կոնկրետ օրինակ չգիտի», թե մասնավորապես որ քաղաքական գործիչներն են իրականացրել այդ ճնշումները անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրարշավների ընթացքում:

«Հայռուսգազարդ»-ի գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, մինչդեռ, գազաֆիկացման ընթացքում քաղաքական ճնշումները բացառեց:

«Որեւիցե գյուղ գոյություն չունի, որտեղ մենք քաղաքական առումով գազաֆիկացիա անենք», - ասաց նա՝ այդուհանդերձ ավելացնելով. - «Բայց կան միջնորդություններ, որ այս կամ այն գյուղը գազաֆիկացնենք: Եթե կա համաֆինանսավորումը դիմողից, անկախ նրա քաղաքական պատկանելությունից, ապա մենք, այո, անում ենք»:

Կարապետյանի խոսքերով, բնակիչ բաժանորդները միասին վերցրած սպառում են ոչ ավելի քան 200 միլիոն խորանարդ մետր գազ, սակայն բնակիչներին մատակարարելու համար «Հայռուսգազարդ»-ը 2-3 անգամ ավելի մեծ ծախսեր է կատարում, քան արդյունաբերությանը սպասարկելիս:

Ներկայումս ընկերությունն ունի 186 հազար բաժանորդ: Նախատեսված է երկրի գազաֆիկացումը ավարտել 2007 թվականին: Այդ տեմպերը չթուլացնելու եւ ժամանակացույցը չխախտելու նպատակով, «Հայռուսգազարդ»-ը, Կարապետյանի փոխանցմամբ, այս տարի կրկին սակագնի բարձրացման հայտ կներկայացնի: Նման հայտ ընկերությունը ըստ օրենքի կարող է ներկայացնել 6 ամիս հետո:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG