Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերը համախմբվելու փորձ են ձեռնարկում


Համախմբվելու փորձեր են ձեռնարկելու հայաստանյան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ խորհրդարանում ներկայացված «Արդարություն» դաշինքն ու «Ազգային միաբանություն»-ը: Արտախորհրդարանական «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը հինգշաբթի օրը համագործակցության առաջին ծիլերի մասին տեղեկացրեց ասուլիսի հրավիրված լրագրողներին:

«Ես այսօր ուզում եմ նախնական փոքր ավետում կատարել», - ասաց Հայրիկյանը: - «Հավանաբար հաջորդ մամուլի ասուլիսի ժամանակ մենք արդեն կներկայանանք որպես գործող Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության»:

ԱԻՄ առաջնորդը, նշելով, որ սահմանափակ են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմության հնարավորությունները, շեշտեց ողջ ընդդիմադիր դաշտը համախմբելու կարեւորությունը:

Հայրիկյանի խոսքերով, երբ ընդդիմադիր ուժերը կներկայացնեն ընդհանրական եւ գուցե ավելի խորքային քաղաքական գնահատականներ, ավելի գործնական քայլեր կիրականացվեն քաղաքական գործիչների եւ ուժերի համագործակցության ուղղությամբ:

«Ընդհանրական գնահատականը տալուց հետո, որը ուղղակի օրերի խնդիր է, կնախանշենք անհրաժեշտ քայլերի համակարգը, որոնց առանցքում ընկած է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու բարձր նպատակը, եւ կհասնենք Սահմանադրության առաջին հոդվածում նշված 4 հիմնական արժեքների կայացմանը», - ասաց Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով, թե համագործակցելու են միայն «ազնիվ քաղաքական գործիչների հետ»:

Հայրիկյանը առայժմ նշեց միայն ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանի անունը:

Վերջինս, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, կուսակցության կողմից լիազորվել է մասնակցել բանակցային գործընթացներին: Գեղամյանի խոսքերով, տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները պարզապես հուշում եւ պարտադրում են ընդդիմադիր ուժերին՝ անհրաժեշտ քայլեր եւ միջոցառումներ ձեռնարկել, համակարգել սեփական գործողությունները՝ իշխանափոխություն իրականացնելու համար:

«Կոռումպացված համակարգ ունեցող Հայաստանը ապագա ունենալ չի կարող», - եզրակացրեց Գեղամյանը:

Թեեւ այլ կուսակցությունների ու քաղաքական գործիչների անուններ դեռեւս չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ «Արդարություն» դաշինքի անդամ որոշ քաղաքական գործիչներ եւս մասնակցում են բանակցություններին:

«Այո, նման տրամադրություններ, մենք ուրախ ենք, որ կան ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի եւ գործիչների մոտ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Պետք է փորձել համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Ընդդիմության համախմբման պարագայում հնարավոր է ժողովրդին ոգեւորել, ոտքի հանել: Հզոր քաղաքացիական անհնազանդության դրոեւորումներով հեռացնել վարչախմբին:

Բազեյանը ասաց նաեւ, որ խնդիրը քննարկվում է «Արդարություն» դաշինքում, գործնական շփումներ են իրականացվում այլ քաղաքական գործիչներ հետ: Առաջիկայում, եթե հաջողվի համախմբել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, ապա հնարավոր է, որ կազմակերպվի համաժողով եւ հուշագիր ստորագրվի:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG