Մատչելիության հղումներ

Դատարանը հետաձգում է «ԱրմենՏել»-ի դեմ հայցի լսումը


Հայաստանի տնտեսական դատարանը հինգշաբթի օրը հետաձգեց «ԱրմենՏել»-ի դեմ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի՝ սակագների բարձրացման հարցի շուրջ հայցի լսումը:

Անցած հոկտեմբերին «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհուրդը որոշել էր հունվարի 1-ից գրեթե կրկնակի բարձրացնել հեռախոսային խոսակցությունների սակագները: Տրանսպորտի եւ կապի նախարարի՝ դատարան դիմելուց հետո՝ դեկտեմբերի 24-ից հայցի ապահովման միջոց է կիրառվում: Սա նշանակում է, որ«ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի որոշումը սառեցված է:

Սակայն սակագինը բարձրացնելու մասին որոշումը եւ «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրեն Վասիլակիսի հայտարարությունը անվավեր ճանաչելու համար, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց դատարանում տրանսպորտի եւ կապի նախարարության շահերի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը, հարկավոր է «դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում»:

Դատական նիստը հետաձգվեց դատարանում «ԱրմետՏել»-ի շահերը ներկայացնող Արմեն Ղազարյանի միջնորդությամբ: Վերջինս միջնորդությունը հիմնավորեց ներկայումս Հայաստանից բացակայող Վասիլակիսի՝ դատավարությանը մասնակցելու ցանկությամբ:

«Պարոն Վասիլակիսը ցանկանում էր մասնակցել հենց առաջին դատական նիստից», - ասաց Ղազարյանը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, ինչի կապակցությամբ իր դժգոհությունը հայտնեց Գեւորգ Կոստանյանը: «Որովհետեւ ես որեւէ հիմք, որեւէ օբյեկտիվ պատճառ չեմ գտնում դատական նիստը հետաձգելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Դատավոր Անատոլի Մաթեւոսյանը, «ԱրմենՏել»-ի ներկայացուցչի միջնորդությունը բավարարելով հանդերձ, զգուշացրեց որ հաջորդ նիստին դատարանն արդեն չի անդրադառնալու «ոչ հարգելի, ոչ անհարգելի պատճառների»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 30-ին:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG