Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ամեն Նոր տարի ինչ-որ մեկը համառորեն փորձում է փչացնել մեր տրամադրությունը։ Այս անգամ», - տարվա առաջին համարում առանձնացնում է «Հայոց աշխարհ» թերթը, - «մեծագույն ջանքեր գործադրեցին հատկապես մեր հեռուստաալիքները»: Ընդհանրապես, «Հայոց աշխարհ»-ի գնահատականով, ցանկացած տոն «մառազմի շքերթի վերածելը հայրենի հեռուստատեսության համար դառնում է բարի ավանդույթ», քանզի «ներկայումս ամեն ոք կարող է մտնել եթեր՝ ինչպես հասարակական զուգարան»։ Հեռուստահաղորդումների եւ հեռուստագովազդի բովանդակությունից ու որակից «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը տպավորված է, որ «շատ շուտով ունենալու ենք մի երկիր, ուր բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, ընտրություններն ու լոտո խաղալը»։ Ըստ որում, լոտոն՝ առաջին հերթին։ Այսուհանդերձ, «Հայոց աշխարհ» թերթը բնավ գերադասելի չի տեսնում հարեւան Վրաստանը՝ ընդգծելով. - «Կոպիտ սխալ, ավելին՝ երեսպաշտություն կլիներ հիանալ ժողովրդավարության բարդ դպրոցի նույն դասարանում մնացած Վրաստանով՝ նրան համարելով ընդօրինակման արժանի ուսման գերազանցիկ»: «Սահակաշվիլու միահամուռ ընտրությունը, Վրաստանի անկախացումից շուրջ 13 տարի անց, գալիս է վկայելու, որ այդ չարաբաստիկ 13 թվի մեջ ամփոփված իր ոչ կարճատեւ պատմության ընթացքում Վրաստանը գտնվել է առնվազն տեղապտույտի, եթե ոչ կորուսյալ ժամանակաշրջանի մեջ», - գրում է մեկնաբանը: - «Հակառակ պարագայում 13 տարի առաջ ժողովրդավարության ուղին բռնած պետության շարքային քաղաքացին չէր կարող քնից արթնանալ եւ վազեվազ ընտրությունների գնալ՝ վրացական հեռուստաալիքներով ցուցադրվող մղձավանջային տեսահոլովակի ազդեցությամբ, ուր պատկերված էր Շեւարդնաձեի անսահմանափակ իշխանության տարիները... Ուրեմն», - բխեցված է «Հայոց աշխարհ»-ում, - «էյֆորիան, որը ներկայումս տիրում է Վրաստանում, կարող է է՛լ ավելի արագորեն վերածվել դժգոհության եւ անգամ քաոսի վերածվող լիակատար հուսալքության»:

«Առավոտ» թերթը այսօր անդրադառնում է. - «Ինչքան էլ վրաց ժողովուրդը ոգեւորված լինի Միխայիլ Սահակաշվիլիով (ի դեպ, այդ ոգեւորության ժամկետը ամենաշատը մեկ տարի է), բացառված է, որ արդար ժողովրդավարական ընտրություններում որեւէ թեկնածու այդպիսի տոկոս հավաքի: Սահակաշվիլու ջախջախիչ հաղթանակի գաղտնիքը պարզ է եւ շատ թափանցիկ. այն թաքնված է Վրաստանի ընտրական օրենսգրքում: Ըստ այդմ՝ ընտրական հանձնաժողովների մի մասը նշանակվում է նախագահի (տվյալ դեպքում նախագահի պաշտոնակատար Բուրջանաձեի) կողմից, մյուս մասը՝ ընդդիմության (այսինքն՝ «վարդերի հեղափոխությունն» իրականացրած կուսակցությունների) կողմից: Նման հանձնաժողովներով իշխանության թեկնածուին կարող էին «նկարել» ուղիղ 100 տոկոս»: Ընդհանրապես, ըստ «Առավոտ»-ի, այս խնդիրների արմատական լուծումն է՝ «մոտակա 50 տարում Հարավային Կովկասում հրաժարվել բոլոր տեսակի ընտրություններից՝ ոչ ինքներս մեզ խաբենք, ոչ՝ ուրիշներին, ոչ էլ ժողովրդի մեջ սին հույսեր արթնացնենք»: «Թող մի հուշագիր էլ Պուտինն ու Բուշը ստորագրեն, ըստ որի՝ Հայաստանում նախագահ է նշանակում Պուտինը, Վրաստանում՝ Բուշը, Ադրբեջանի նախագահը նշանակվում է Պուտինի եւ Բուշի կոնսենսուսով», - առաջարկում է «Առավոտ»-ը: - «Այնուհետեւ Պուտինի եւ Բուշի նախագահները կնշանակեն իրենց երկրների խորհրդարանները: Գործնական կյանքում հենց դա էլ տեղի է ունենում: Պարզապես այդ նշանակումներն ուղեկցվում են ժողովրդավարության բոլորովին անիմաստ իմիտացիայով՝ իբր ընտրարշավ, իբր բանավեճ, իբր քվեարկություն»:

Երեկ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը դիտարկող հանձնախումբը քննարկեց մեր երկրին վերաբերող զեկույցը: «Եվրախորհուրդը ներում է Հայաստանի իշխանության մեղքերը» վերնագրի տակ քննելով արձանագրումները՝ «Առավոտ»-ի մեկնաբանը եզրակացրել է. - «Զեկույցի ներկա բովանդակությունը կարելի է գնահատել իբրեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության՝ իշխանությունը ներկայացնող թեւի քարոզչական հաջողություն: Մինչդեռ հաշվի չեն առնվել ընդդիմության առարկությունները: Եվրախորհուրդը Հայաստանի իշխանություններին կարծես սկսել է ներել հին մեղքերը՝ գուցե մահապատիժը վերացնելու վճռականության, իսկ ավելի շուտ, իբրեւ կանխավճար՝ արցախյան հիմնահարցի լուծման հարցում զիջողականության դիմաց»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG