Մատչելիության հղումներ

Ամանորյա տոներին ճանապարհային պատահարներում զոհվել է 9 մարդ


Նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում, Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տվյալներով, երկրում տեղի է ունեցել 26 ճանապարհատրանսպորտային պատահար. զովել է 9 մարդ, մարմնական վնասվածք են ստացել 34-ը:

Մայրաքաղաքում, ոստիկանության Երեւանի վարչության ավտոտեսչության պետ Ավետիք Էվինյանի փոխանցմամբ, տոնական օրերին ընդամենը 40 արձանագրություն է կազմվել:

«Ունեցել ենք ընդհանուր առմամբ 12 ճանապարհատրասպորտային պատահար», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց Էվինյանը՝ ավելացնելով, որ մայրաքաղաքում մահվան դեպքեր չեն գրանցվել Վիրավորվել է 17 մարդ:

Էվինյանի խոսքերով, պատահարների մեծամասնությունը տեղի է ունեցել երեկոյան ժամերին, երբ փողոցներում մերկասառույց է եղել:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետ Վարդգես Եղիազարյանը այդ կապակցությամբ ասաց, թե իրենք ունեն անհրաժեշտ տեխնիկայի պակաս:

«Դժվար աշխատանք է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եղիազարյանը՝ այդուհանդերձ ավելացնելով. - «Ինչպիսի ձյուն էլ գա, քաղաքապետարանը, թաղապետարանները պատրաստ են դիմակայելու, եւ մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG