Մատչելիության հղումներ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) այսօր մայրաքաղաքում 56-րդ դեցիմետրային հեռուստահաճախականության արտոնագրի համար հայտարարված մրցույթի հաղթող ճանաչեց վերջերս ստեղծված «Հուսաբեր» փակ բաժնետիրական ընկերության «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: «Ա1+» հեռուստաընկերությունը, այսպիսով, երկար ժամանակով դուրս կմնա եթերից, քանի որ առաջիկա տարիներին նոր մրցույթներ չեն նախատեսվում:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մրցույթից հետո լրագրողներին, այդուհանդերձ, ասաց, թե առաջիկայում հնարավոր են արտահերթ մրցույթներ, քանի որ տրված արտոնագրի պահանջները չկատարող ու օրինախախտ ընկերությունների նկատմամբ հնարավոր է սանկցիաներ կիրառվեն ու նրանք ժամկետից շուտ զրկվեն կապուղուց։

Հաղթած հեռուստաընկերության վերաբերյալ վերջին շաբաթվա ընթացքում մամուլում արծարծումներ եղան, թե այն կուսակցական ծագում ունի եւ պատկանում է Դաշնակցությանը։ «Հեռուսատատեության եւ ռադիոյի մասին» օրենքը, մինչդեռ, արգելում է արտոնագրեր տալ կուսակցական կառույցներին։

«Ահազանգը, որը հնչել էր մամուլում, պիտի հանձնաժողովի համար եւս դառնար հետաքրքրության, ճշտման առարկա», - այս առնչությամբ ասաց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը՝ վստահեցնելով. - «Կատարվել է ճշտում՝ նման պաշտոնական առնչություն գոյություն չունի»:

Այս ընկերության ներկայացրած ծրագրին հանձնաժողովի 9 անդամների շնորհած գումարային միավորը 36 էր։ «Ա1+» հեռուստաընկերության ծրագիրը ստացել է 30 միավոր: Մրցութային հայտեր ներկայացրած «Նոյյան տապան» եւ «Ավետիս» հեռուստաընկերությունները ստացել են համապատասխանաբար 26 եւ 22 միավոր։

Անձամբ Գրիգոր Ամալյանը այս անգամ «Ա1+»ի ծրագիրը մեկ նիշով ավելի բարձր էր գնահատել: «Դրական առաջընթաց կար նրա առաջարկում», - բացատրեց Ամալյանը: - «Գնահատականները որեւէ դեպքում եղել են ադեկվատ ներկայացված առաջարկներին»:

Թեեւ Ամալյանը կրկին պնդեց, թե մրցութային առաջարկների ֆինանսական կողմը միակ չափանիշը չէ, որով առաջնություն է տրվում այս կամ այն առաջարկին, այդուհանդերձ, «Հուսաբեր»-ի ներդրումային ծրագիրն ամենաբարձրն էր՝ մոտ 6 միլիոն դոլար։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը նախատեսում է 2004 թվականին սեփական արտադրության հաղորդումների ծավալը ապահովել 60-տոկոսով, 2005 թվականին՝ 75 տոկսով, եւ 2006 թվականին՝ 85 տոկոսով։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբինա Ղազարյանի խոսքերով, երկու տարի անց իրենք հեռարձակումները իրականացնեն նաեւ արբանյակային կապի միջոցով՝ ազդանշանը սփռելով նաեւ սփյուռքում:

«2005 թվին մենք պիտի արբանյակով դուրս գանք եթեր», - ասաց Ղազարյանը: - «Նախքան արբանյակն էլ մենք պիտի ունենանք կապեր իրենց (սփյուռքի գործընկերների) հետ՝ ծրագրերի փոխանակման իմաստով, նրանց լուրերը, նրանց մոտ եղած մշակութային ծրագրերը մեզ մոտ հեռարձակելու իմաստով»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG