Մատչելիության հղումներ

logo-print
Երկուշաբթի օրը մեկօրյա այցով Հայաստան ժամանեց անցած ամիս իշխանափոխության արդյունքում Վրաստանում իշխանության եկած ընդդիմության առաջնորդներից մեկը, նորանշանակ պետական նախարար Զուրաբ Ժվանիան: Նրա գլխավորած պատվիրակության՝ օրվա ընթացքում Հայաստանի ղեկավարության, այդ թվում նաեւ նախագահ Քոչարյանի հետ հանդիպումներից հետո էլ պարզ չդարձավ ներկա այցի բուն նպատակը:

Նախագահ Քոչարյանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի նախագահն ու Վրաստանի պետնախարարը «քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային խնդիրներ»: Զուրաբ Ժվանիան Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է Վրաստանի ներկա քաղաքական իրավիճակը. - «Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ խորացման կարեւորությունն ու անհրաժեշտությունը, հատկապես` 2004 թ. հունվարի 4-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո»:

Ազգային ժողովում Ժվանիայի կարճատեւ՝ 15 րոպեից ոչ ավելի տեւած հանդիպումից առաջ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը անգամ չգիտեր Վրաստանի պետնախարարի գալու նպատակը: Տպավորությունն այնպիսին է, թե այցը նպատակը սոսկ 2 օր առաջ Ադրբեջան կատարած այցը հավասարակշռելն է:

Որ Վրաստանի պետական նախարարի այցը կոնկրետ նպատակադրում չուներ՝ առնվազն այնպիսին, որի մասին կարելի է ասել բարձրաձայն, պարզ դարձավ նաեւ նրա մամուլի քարտուղար, Վրաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Ավթանդիլ Պավլենիշվիլու բավական ընդհանուր ձւեակերպումից. - «Այցի նպատակը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդումն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով նաեւ, թե այցը որեւէ կերպ կապված չէ հունվարի 4-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Պատասխանելով Բաքու կատարած այցին վերաբերող հարցին, Պավլենիշվիլին ասաց, թե նպատակը Հեյդար Ալիեւի մահվան կապակցությամբ Իլհամ Ալիեւին ցավակցություն հայտնելն էր, ինչպես նաեւ վրաց-ադրբեջանական բարեկամության ամրապնդումը: Պետնախարարը Ադրբեջանում եղել է նաեւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի եւ Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղի շինհրապարակներում: Պավլենաշվիլու փոխանցմամբ, աշխատանքները այդտեղ ընթանում են «վիթխարի չափերով»:

«Վրաստանի նոր ղեկավարության օրոք մենք կարող ենք խթանել հայ-վրացական փոխհարաբերությունները», - արտգործնախարար Օսկանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Զուրաբ Ժվանիան: - «Մեր միջեւ չեն կարող լինել պրոբլեմներ: Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված այդ առումով»:


Արմեն Զաքարյան, Երեւան

(Լուսանկարում՝ Զուրաբ Ժվանիան եւ Վարդան Օսկանյանը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG