Մատչելիության հղումներ

Վարչապետը «գերազանց» է գնահատում իր կուսակից նախարարների աշխատանքը


Իշխող կոալիցիայի ամենախոշոր ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության՝ արդեն ավանդական դարձած տարեվերջյան ներկայացուցչական հավաքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կուսակցության վերնախավը հատկապես մեծ ուշադրություն հատկացրեց կուսակցությունը գործադիր իշխանության մեջ ներկայացնող նախարարների աշխատանքի գնահատմանը:

Հավաքին ներկա էին կառավարության նախագահը, էներգետիկայի, բնապահպանության, առեւտրի եւ տնտեսական զարգացման, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները: Հավաքի աշխատանքներին չէին մասնակցում ՀՀԿ անդամ նախարարներից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը եւ տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Հարցին, թե անցնող տարվա վերաբերյալ ինչպիսի հաշվետվություններ են ներկայացրել կուսակցության անդամ նախարարները եւ ինչպիսի գրահատականների են դրանք արժանացել, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ դրա մենաշնորհը [գնահատական տալու] կառավարությանն է՝ անկախ նրանից, վարչապետը Հանրապետական կուսակցությունից է, թե ոչ: Մենք կարծում ենք, որ պետությունը ինքը պիտի գնահատականներ տա նախարարի աշխատանքին»:

Նրա փոխանցմամբ, այսօրվա հավաքում իրենք ավելի շատ կենտրոնացել են գալիք տարվա անելիքների վրա՝ կուսակցական կառույցների ամրապնդման եւ գաղափարական-քաղաքական աշխատանքի ակտիվացման ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «գերազանց» գնահատեց ՀՀԿ-ական նախարարների աշխատանքը՝ ավելացնելով. - «Ես հույս ունեմ, որ նույն ձեւի էլ կշարունակվի հաջորդ տարիների ընթացքում»:

Վարչապետը խուսափեց պատասխանել քաղաքական կոալիցիայի հնարավոր ընդարձակմանը, 2004-ին հնարավոր քաղաքական զարգացումներին վերաբերող հարցերին: Փոխարենը լրագրողների միջոցով փոխանցեց իր ամանորյա մաղթանքները» - «Բոլորին հաջողություն եմ ցանկանում: Թող բոլոր ընտանիքներում լինի խաղաղություն եւ մեր պետությունը կարողանա իր հզորությունը ամրապնդել եւ ավելի հզորանալ»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG