Մատչելիության հղումներ

Արդեն երրորդ ամբաստանյալն է պնդում, թե Նաղդալյանի սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանը չէ


Տիգրան Նաղդալյանի սպանության գործով վերաքննիչ ատյանում դատաքննության ընթացքում Գեղամ Շահբազյանը արդեն երրորդ ամբաստանյալն է, որ հայտարարում է, թե սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանը չէ:

Շահբազյանը, ով ամբաստանվում է որպես օժանդակող (նա կապող օղակ է հանդիսացել կատարողների ու պատվիրատուների միջեւ), ի տարբերություն Արմեն Սարգսյանի պատվիրատու լինելը անուղղակիորեն հերքած երկու մյուս ամբաստանյալների՝ Ջոն Հարությունյանի եւ Ֆելիքս Առուստամյանի, ուրբաթ օրվա դատական նիստում այդ մասին հայտարարեց միանշանակ կերպով եւ իր հայտարարությունը կրկնեց մի քանի անգամ:

«Ես ճիշտն եմ ասում», - ասաց նա: - «Իմ ցուցմունքների մեջ էլ կա գրված»:

Ինչպես մեղադրողները, այնպես էլ դատավորները խաչաձեւ հարցաքննությամբ փորձում էին պարզել, թե ինչո՞ւ ամբաստանյալը նախաքննության ընթացքում եւ առաջին ատյանի դատարանում չի ասել այն, ինչ պնդում է այսօր վերաքննիչ դատարանում:

Գեղամ Շահբազյանը ի պատասխան կրկնում էր. - «Ամբողջ ճշմարտությունը վերհիշել եմ ու ասում եմ՝ պատմել եմ այստեղ: Ոնց եղել է դեպքը, իսկությունը ոնց եղել է՝ ես պատմել եմ այստեղ»:

Շահբազյանը հայտարարեց նաեւ, թե նույնն ասել է նաեւ նախաքննության եւ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:

Պատասխանելով դատավոր Արշակ Խաչատրյանի հարցին, թե ինքը ենթադրե՞լ է, թե պատվիրատուն կարող է Արմեն Սարգսյանը լինել, Շահբազյանը պատասխանեց, թե նման կասկածներ սկզբում ունեցել է: «Ապերին հարցրել եմ՝ ասել է՝ չէ, Արմենի անունը հանկարծ չտաս», - ասաց Շանբազյանը: - Ես եմ, իմ մորաքրոջ տղայի վրեժն եմ լուծում»:

Խոսքը ամբաստանյալ, Սարգսյանների ազգական Հովհաննես Հարությունյանի մասին է, ում համար առաջին ատյանի դատարանը բավական մեղմ պատիժ է սահմանել՝ 7 տարվա ազատազրկում:

Առաջին ատյանի դատարանում, երբ ամբաստանյալների ցուցմունք տալու ժամանակ մեղադրողների միջնորդությամբ դահլիճից հեռացվեց Արմեն Սարգսյանը, նրա շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը միջնորդեց դահլիճից հեռացնել Գեղամ Շահբազյանին եւ Հովհաննես Հարությունյանին, որպեսզի մյուսներն անկաշկանդ ու ճիշտ ցուցմունքներ տան: Միջնորդությունը այն ժամանակ չբավարարվեց: Եվ այժմ տպավորություն է ստեղծվում, որ ամբաստանյալներից հատկապես նրանք, ովքեր անմիջական կապ են ունեցել սպանության հետ, Հովհաննես Հարությունյանի բացակայությամբ եւ Արմեն Սարգսյանի ներկայությամբ փոխում են իրենց ցուցմուքները:

Տիգրան Նաղդալյանի քրոջ՝ Կարինե Նաղդալյանի խոսքերով, Շահբազյանը վախենում է: «Ով կողքը նստած է, ում նայում է ու վախենում է՝ նրա օգտին էլ խոսում է»:

Պատասխանելով հարցին, թե առաջին ատյանի դատավճիռը հրապարակելուց հետո ինքը կասկած էր հայտնել, թե Արմեն Սարգսյանը իրոք հանցագործության պատվիրատուն է, Կարինե Նաղդալյանը ասաց. - «Ես այն ժամանակ, ճիշտ է, ասել եմ՝ կարող է ինքը միջնորդ է, բայց որ Արմեն Սարգսյանը պատվիրատուների հետ ամենաուժեղ կապող օղակն է, դա ակնհայտ է»:

Կարինե Նաղդալյանը այսօր շեշտեց, թե ինքը նկատի ունի, որ պատվիրատուների «ոչ լրիվ ցանկն է դատարանում կանգնած՝ օրենքի առջեւ պատասխան տալու»:

Այս՝ առանց այդ էլ խճճված գործում, ամեն ինչ օր-օրի ավելի է խճճվում: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG