Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամփոփելով տարին, Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը շեշտադրում է. - «Հայաստան ժամանող ու առաջին իսկ պահից երկրում նորմալ որեւէ երեւույթ տեսնելու հույսը կորցրած զբոսաշրջիկը, հայրենակիցը այսօր ժամանում են անհամեմատ բարվոք պայմաններով երկիր, ինչը, իհարկե, կատարյալ չէ, բայց ուղղման ճանապարհին է: Օրինակները, ցավոք, այնքան էլ շատ չեն, բայց եղածները փաստում են. վճռականությունն ու քաղաքական կամքը կլուծեն երկրում ցանկացած հիմնախնդիր: Դրա պահանջարկը ներկայումս շատ մեծ է»: Ընդհանուր առմամբ, որպես տարվա արդյունք, այստեղ արձանագրված է. - «Մեր պետական ու քաղաքական համակարգերը կարողացան առանց ցնցումների դիմակայել ընտրությունների լուրջ քննությանը եւ մեկ քայլ եւս արձանագրել պետականության կայացման դիտանկյունից»: Կոալիցիոն կառավարության հուշագիրն էլ, ըստ «Երկիր»-ի, դարձավ մեր նորօրյա քաղաքական կյանքի այն կարեւոր փաստաթուղթը, որի հիմնադրույթների հետագա մշակումը, կատարելագործումը եւ կյանքում իրականացումը լուրջ առաջխաղացում կարձանագրի մեր պետության ու հասարակության զարգացման դիտանկյունից»:

«Սոցիալական որոլտում մենք կարողացանք կատարել մեր խոստումները», - «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է վարչապետ Մարգարյանը: - «Կարողացանք բարձրացնել տնտեսական ցուցանիշները, բայց դեռ ժամանակ կպահանջվի, որպեսզի բնակչությունը կոնկրետ զգա կատարվածի արդյունքը»: Ժողովրդավարության ճանապարհին էլ Հայաստանը, ըստ վարչապետի, առաջընթաց է ապրել, որովհետեւ «կյանքը ցույց է տալիս, որ ով ինչի մասին ցանկանում է՝ խոսում է, անում է»:

«Իրավունք» թերթի գնահատականով, երկրի վերնախավը այս անգամ էլ խայտառակ եղավ միջազգային հանրության եւ սեփական ժողովրդի առջեւ եւ կրկին ապացուցեց, որ սեփական իշխանությունը կարող է պահպանել ոչ թե քաղաքակիրթ ընտրական տեխնոլոգիաներով, այլ հիմնականում ապօրինի մեթոդներով: «Խոշոր հաշվով, այդ քննությունը չկարողացավ հանձնել եւ ընդդիմությունը», - համադրում է «Իրավունք»-ը: - «Ընտրությունների իրական արդյունքին, ինչպես ցույց տվեց Վրաստանի փորձը, հնարավոր է տեր կանգնել՝ եթե ընդդիմության բոլոր թեւերը միավորում են իրենց ջանքերը եւ առաջնորդում ժողովրդին: Իշխանությունը չկարողացավ հանձնել նաեւ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու քննությունը: Թմբկահարվող 16 տոկոսանոց տնտեսական աճը իրենց գրպանի վրա չզգացին ժողովրդական լայն զանգվածները, ինչը նշանակում է, որ դա կա'մ զուտ թվային աճպարարություն է, կա'մ՝ բացարձակապես անարդար տնտեսակարգի պատճառով այդ աճի պտուղները վայելեցին հիմնականում օլիգարխները եւ նրանց բավականին նեղ շրջապատը»: «Իրավունք»-ը, ի վերջո, նախանշել է. - «2004-ը սկսվելու է բավականին մեծ անորոշություններով, որոնք պայմանավորված են Ղարաբաղյան հիմնահարցով: Դա նույնպես շատ լուրջ քննություն է, եւ այդ քննությունից «կտրվելու» դեպքում կլինեն լուրջ հետեւանքներ»:

«Եկեք փորձենք մի կողմ դնել բոլոր այդ կիսախելագար փրկիչներին ու առաջնորդներին, դատավարությունները, ընտրություններն ու կոալիցիաները եւ խոսել անհամեմատ ավելի կարեւոր բաների մասին», - առաջարկում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբաններից մեկը՝ նկատի ունենալով հետեւյալը. - «Մեր շատ դժբախտությունների պատճառն այն է, որ իշխանությունը մեզանում աստիճանաբար դարձավ շահամոլական ձգտումների առարկա եւ առանձին խմբերի շահերի միավորման միջոց։ Արդյունքում իշխանական էլիտան կորցրեց սոցիալական պատասխանատվության զգացումը։ Պետական չինովնիկները, եթե անգամ ինչոր բանի համար պատասխանատու են, ապա ոչ թե բնակչության, այլ ղեկավարության առջեւ, եւ հասարակության կողմից չեն վերահսկվում։ Իշխանությունն ու հասարակությունը ընդհանուր առմամբ չափից ավելի կոռումպացված են։ Արժեքային գլխավոր դեֆիցիտն այսօր վստահությունն է։ Եւ դա սասանում է հասարակության բարոյական հիմքերը»։ Այս ելակետից մեկնաբանը ընդգծում է. - «Նախ եւ առաջ անհրաժեշտ է տեղափոխել բարեփոխումների շեշտադրումը տնտեսական հիմնախնդիրներից քաղաքական հենքի վրա։ Մեր քաղաքական ինստիտուտներն սկսել են հետ մնալ տնտեսականներից... Ժողովրդավարություն չի լինում այնտեղ, ուր մարդը չի զգում, որ իրենից ինչ-որ բան կախված է: Հիմա հստակ առկա է «քաղաքական էլիտա» կոչվածի ձգտումը՝ արգելակել քաղաքական համակարգի բարեփոխումներն ու հավերժացնել սեփական կարգավիճակը»։ Այսուհանդերձ, «Հայոց աշխարհ»-ում մատնանշվում է այդ էլիտայի բարեփոխման, արդիականացման երկու ռեսուրս՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը եւ կուսակցական շինարարությունը:

Նոյեմբերի վերջերին «Արդարություն» դաշինքի ամերիկյան գրասենյակը մի նամակ էր հղել հայրենի ընդդիմությանն ու նրա առաջնորդներին՝ մասնավորապես ընդգծելով. - «Ողջ ամերիկահայության անունից խնդրում ենք, ինչ-որ տեղ նաեւ պահանջում՝ այս անգամ հաղթելու համար չկրկնեք անցյալի պարզունակ սխալները, առանց անհարմար զգալու օգտագործեք վրացիների փորձն ու մարտավարությունը»: «Ով բացի Քոչարյանին ու իր հարցավոր բանդային քշելուց ուրիշ հարց բարձրացրեց, կա'մ տգետ է, կա'մ պարզապես տհաս», - որակվել է այդ նամակում եւ հույս հայտնվել, որ Հայաստանում առաջիկա շաբաթների ընթացքում «համաժողովրդական անհնազանդության ու վստահության հանրաքվեի միջոցառումներ են լինելու»: Այսօր ներկայացնելով այս նամակը, «Առավոտ» թերթը նշում է. - «Ցանկալի կլիներ, որ ԱՄՆ-ում ապրող Հայաստանի քաղաքացիները «Հայրենիքի դարդով տառապեն» հենց Հայրենիքում, ոչ թե Լոսում»:

Ի՞նչն էր ամենազավեշտալին ավարտվող տարում: Պատասխանելով «Հայկական ժամանակ» թերթի այս հարցին, ընդդիմադիր գործիչները առանձնացնում են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությունը փշալարերի հետեւում: Մյուս կողմից՝ վարչապետի եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի համար քաղաքական տարի 2003-ի ամենազվարճալի իրադարձությունը խոստացված թեժ աշունն էր: Այս թեւից նշվում է նաեւ ընդդիմադիր որոշ գործիչների կողմից իշխանափոխության ժամկետներ նշանակելը: Իսկ ահա մշակույթի նախարար Թամար Պողոսյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է. - «Ինձ համար տարվա զվարճանքն այն էր, որ բամբասանքը գերազանցեց քաղաքական հավասարակշիռ արգումենտներին: Ես այնքան լուրջ քաղաքական փորձ ունեցող կին եմ, կիբեռնետիկ, բյուջե եմ գրում, բյուջե եմ կատարում, միակ նախարարն եմ, որ 100 տոկոսով կատարել եմ կառավարության բոլոր որոշումները: Մինչդեռ ողջ անցած տարին ողողված էր անհեթեթ քաղաքական բամբասանքներով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG