Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց 2004 թվականի բյուջեի նախագիծը: Խորհրդարանի հավանությանն արժանացած երեք տասնյակից ավելի օրինագծերից էր նաեւ հաջորդ տարվա բյուջեին կապակցված ողջ հարկային փաթեթը:

Այսպիսով բյուջեի եկամտային մասը սահմանվեց 287 միլիարդ դրամ, իսկ ծախսային մասի ծավալը՝ 317 միլիարդ դրամ (նախապես ծրագրված 311,5 միլիրարդ դրամի փոխարեն): Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հավաստմամբ, այդ հավելյալ գումարները «հայթայթելի են»:

2004 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական ուժերը 214 փոփոխության-առաջարկ էին հնչեցրել, որոնք ենթադրում էին պետական ծախսերի ավելացում շուրջ 20 միլիարդ դրամով: Կառավարությունը, ինչպես երեքշաբթի օրը ասել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հնարավորություն է գտել հաշվի առնել այդ առաջարկների մոտ տասը տոկոսը:

Բյուջեի նախագծի վերաբերյալ որոշակի անհամաձայնություններ կային կառավարող կոալիցիան կազմող քաղաքական ուժերի միջեւ: Մասնավորապես, «Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանում ներկայացնող պատգամավորները քննադատաբար էին տրամադրված կառավարության կողմից նախապես ներկայացված ծախսերի, ինչպես նաեւ բյուջեին կապակցված հարկային փոփոխությունների փաթեթի նկատմամբ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ զրույցի էր հրավիրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանին: Այս տեղեկատվությունը այսօր հաստատեց «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը:

«Ուղղակի բանակցել են, եւ այսօր մենք փոփոխություն կատարեցինք երեկվա առաջարկությունների մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բալասանյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG