Մատչելիության հղումներ

logo-print

«ԱրմենՏել»-ը կասեցնում է հեռախոսավարձի բարձրացման մասին որոշման կատարումը


«ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը դեկտեմբերի 24-ի հրամանով կասեցրել է ընկերության տնօրենների խորհրդի որոշումը գալիք հունվարի 1-ից հեռախոսավարձի կտրուկ բարձրացման վերաբերյալ:

«Այդ հրամանով ժամանակավորապես կասեցվել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության 2003 թվականի նոյեմբերի 13-ի հրամանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Կարապետ Կարապետյանը: - «Մասնավորապես՝ 2004 թվականի հունվար ամսվա հաստատագրված վճարները պետք է գանձվեն 2003 թվականի դեկտեմբերի 24-ից մինչեւ 2004 թվականի հունվարի 15-ը»:

«ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի որոշումը կասեցվել է մինչեւ Հայաստանի տնտեսական դատարանի կողմից տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի՝ «ԱրմենՏել»-ի դեմ հայցի քննությունը գալիք հունվարի 8-ին:

Այսօր արդեն «Հայփոստ»-ի բաժանմունքներում եւ «ԱրմենՏել»-ի տեղամասային կենտրոններում կանխավճարներ ընդունվում էին, բայց ոչ թե նախկինի պես 3600, այլ 4800 դրամ՝ բնակիչներից եւ 7500 դրամ՝ գործարար բաժանորդներից: Սա արդեն «ԱրմենՏել»-ի քմահաճույքը չէ. կանխավճարի այդ չափը սահմանվել է դեռեւս 2002 թվականի հունվարի 21-ին Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել»-ի միջեւ կնքված պայմանագրով: Ըստ այդմ՝ 2004 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը գործելու են նշված հաստատագրված վարձավճարները:

Տնօրենների խորհրդի որոշման կատարումը կասեցնելու մասին «ԱրմենՏել»-ի որոշմանը նախորդել էր երեկ օրվա երկրորդ կեսին արդարադատության փոխնախարար, գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանի դիմումը գլխավոր դատախազ Արամ Թամազյանին՝ Վասիլակիսի դեմ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, քանի որ վերջինս չէր կատարել հարկադիր կատարողների որոշումը՝ արգելել «ԱրմենՏել»-ի՝ նոյեմբերի 13-ի որոշման կիրառումը: Հարկադիր կատարողի որոշումը ենթակա էր անհապաղ կատարման՝ անգամ համապատասխան ատյաններում բողոքարկվելու դեպքում:

Սրանով Հայաստանի կառավարություն - «ԱրմենՏել» հակամարտությունը չի ավարտվում: Առաջիկայում հունական OTE եւ «ԱրմենՏել» ընկերությունների հայցերը լսվելու են Լոնդոնի միջազգային արբիտրաժում: Իսկ գալիք տարվա առաջին քառորդում Ազգային ժողովը. ամենայն հավանականությամբ, կընդունի «Հեռահաղորդակցության մասին» օրենքի փոփոխված տարբերակը, իսկ կառավարությունը կհաստատի թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը, որով «ԱրմենՏել»-ը, փաստորեն, զրկվելու է որոշ ոլորտներում ունեցած մենաշնորհներից:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG