Մատչելիության հղումներ

logo-print

Կտրուկ մեծացել է Իսրայելի հետ Հայաստանի առեւտրատնտեսական կապերի ծավալը


Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի առեւտրական գործընկերների ցուցակի վերին հորիզոնականում նոր երկիր է հայտնվել՝ Իսրայելի պետությունը։ Այդ երկրի հետ Հայաստանի ունեցած առեւտրի ծավալը ընդհուպ մոտեցել է Հայաստանի ավանդական առեւտրատնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ ունեցած առեւտրի ցուցանիշներին։

Ըստ պաշտոնական տվյալների, անցնող տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Իսրայելի հետ Հայաստանի առեւտրի ծավալը կազմել է մոտ 245 միլիոն դոլար, Ռուսաստանի հետ՝ 255 միլիոն դոլար։ Մինչդեռ, ընդամենը երկու տարի առաջ Իսրայելը Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում նույնիսկ չէր էլ նշվում։

Փոփոխությունը բացառապես պայմանավորված է Հայաստանի ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում հրեական կապիտալի շոշափելի ներդրումներով. մասնավորապես, «Շողակն»-ի նոր սեփականատեր Լեւ Լիվայեւի ներդրումները Հայաստանի արտաքին առեւտրի աշխարհագրության վրա նման ծանրակշիռ ներգործություն է ունեցել՝ ներմուծման գծով Իսրայելը դարձնելով Հայաստանի գործընկերների ցուցակի առաջատարը։ Նրան բաժին է ընկնում ներմուծման ամբողջ ծավալի 23 տոկոսը։ Իսրայելին հաջորդում է Բելգիան, երրորդը Ռուսաստանն է։

Մյուս կողմից, Հայաստանի արտահանման գծով գործընկերների ցուցակում առաջատարը Ռուսաստանն է՝ 17 տոկոս ցուցանիշով։ Նրան հաջորդում է Իսրայելը, երրորդը Բելգիան է։ Հայաստանի գործընկերների շարքում թե՛ արտահանման եւ թե՛ ներմուծման գծով չորրորդը Միացյալ Նահանգներն են։ Այդ երկրի հետ իրականցվող առեւտրի ծավալները այս տարվա ընթացքում հատել են 130 միլիոն դոլարի սահմանագիծը։ Այս հարցում անշուշտ գլխավոր դերը խաղում է ամերիկահայ ստվար գաղթօջախի ակտիվությունը՝ ոչ միայն իբրեւ ներդրող, այլեւ որպես Հայաստանում արտադրված ապրանքների խոշոր սպառող։ Հարկ է հիշել, որ վերջերս ամերիկյան Սենատի կողմից Հայաստանին այդ երկրի շուկա ապրանքների արտահանման առավելագույն բարենպաստության ռեժիմի տրամադրման վերաբերյալ որոշման ընդունումը կարող է էապես խթանել փոխադարձ առեւտուրը։

Հայաստանի արտաքին առեւտրատնտեսական գործնկերների շարքում կտրուկ նվազել է մեր հարեւան Իրանի կշիռը։ Նրան բաժին է ընկնում Հայաստանի ներմուծման ընդամենը 3,5, արտահանման՝ 5 տոկոսը։

Ռուսաստանի հետ կատարվող առեւտուրը, մինչդեռ, աճում է՝ թեեւ շատ դանդաղ։ Ավանդաբար, Ռուսաստանից Հայաստան են ներկրվում Էներգակիրներ, հացահատիկ, մեքենասարքավորումներ, ալմաստե հումք, փայտանյութ, սննդամթերք։

Գալով Թուրքիայի հետ ունեցած առեւտրի տեղաշարժերին, հարկ է նշել, որ, պաշտոնական տվյալներով, այս տարվա հունվար-հոկտեմբերին այդ երկրից Հայաստան ներկրվող ապրանքների ծավալն աճել է՝ կազմելով մոտ 30 միլիոն դոլար, իսկ արտահանումը մոտ է 1 միլիոն դոլարի սահմանագծին։ Սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրի ծավալներն անհամեմատ մեծ են՝ կազմելով պաշտոնական թվի առնվազն կրկնապատիկը. պարզապես, այդ երկրից ապրանքները Հայաստան են թափանցում հիմնականում Իրանի եւ Վրաստանի տարածքով:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG