Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների տարեվերջյան հարցերին, նախագահ Քոչարյանը մասնավորապես ընդգծում է. - «Ղարաբաղյան կարգավորման ներկայիս բանակցային գործընթացը չի ենթադրում այնպիսի արտաքին ճնշումներ, ինչպիսիք հույս ունի մեր ընդդիմությունը: Ուստի թող այդ հանգամանքի հետ հույսեր չկապեն: Ընդդիմությունը պիտի պատրաստվի հերթական ընտրություններին, ոչ թե վիճակախաղով զբաղվի»: «Ինչո՞ւ պետությունը ձեր գլխավորությամբ ներքին կյանքում այնպես չի պայքարում անօրինությունների, ստվերի դեմ, որ բոլորին տեսանելի լինի» հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը նշում է. - «Տնտեսական բարեփոխումները էապես նեղացրել են կոռուպցիայի դաշտը, բայց եւ շատ ու շատ անելիք կա այդ առումով: Եվ մենք այդ խնդիրները պիտի լուծենք ոչ թե սրեր ճոճելով, այլ՝ օրենքների կատարելագործման, հասարակության դեմոկրատացման ճանապարհով»: Նախագահը առավել լուրջ է համարում հետեւյալ հիմնահարցը. - «Մեր բնակչությունը հիմա պատրաստ չէ պայքարելու իր իրավունքների համար. հանգիստ նայում է իրեն կողոպտող պաշտոնյաներին, վարժվել է: Իսկ նման մթնոլորտում կոռուպցիայի դեմ պայքարն էլ անհրաժեշտ հասարակական աջակցություն չունի»: Պատասխանելով որոշ պաշտոնյաների շատ թանկարժեք ծառայողական մեքենաների մասին հարցին, նախագահ Քոչարյանը ընդամենը ակնարկում է, որ «մի քիչ ավելի համեստ լինելը վատ չէր լինի»:

«Եթե համբերատարության եւ ամեն ինչ ներել կարողանալու հարցերով մրցույթ կազմակերպվեր, ապա հայերը անպայմանորեն առաջատար կդառնային՝ ողջ մոլորակի կտրվածքով», - գնահատում է այսօր «Առավոտ» թերթը: - «Դիմանում ենք սովին, ցրտին, ապաշնորհներին, անգամ հանցավոր քաղաքական գործիչներին, կոռումպացված չինովնիկներին, անարդարամիտ դատավորներին եւ նույնիսկ շորթիչ «գաիշնիկներին»: Խոսեցրեք ցանկացած մարդու եւ նա ձեզ կասի. «Ժամանակն է դրանց բոլորին վզակոթերին տալով վռնդել»: Բայց, ավաղ, նրանցից հաստատապես ոչ բոլորը կցանկանան անձնապես մասնակցել այդ «վռնդման» գործընթացին... Մեր պետությունում իշխանության եկած ցանկացած մարդ անմիջապես սկսում է զգալ իր անպատժելիությունը: Մենք մեզ չպիտի թույլ տանք վատը լինել՝ ահա ամբողջ գաղտնիքը», - շեշտադրել է «Առավոտ»-ը:

«Ազգ» թերթի մեկնաբանն այսօր ամփոփում է. - «Այս տարի եւս տնտեսական աճի արդյունքները բնակչության գերակշիռ մասը չզգաց: Ավելին, նախ հացի գների բարձրացումը, ապա հանրային ծառայությունների սակագների ակնկալվող բարձրացումն ու դրա շուրջ ստեղծված իրարանցումը հանգեցրին գների համընդհանուր թանկացման՝ էլ ավելի ծանր կացություն ստեղծելով բնակչության նշյալ հատվածի համար»: Մյուս կողմից, «Հայոց աշխարհ» թերթում «Որքանո՞վ է ժողովրդի կյանքի ու կենցաղի վրա այդ տնտեսական աճը նկատելի» հարցին պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը պատասխանել է. - «Չեմ կարծում, թե քանակական ու որակական իմաստով փոփոխություններ չկան։ Մենք սիրում ենք նվնվալ»:

«Հերն էլ անիծած։ Շնչահեղձ եմ լինում եւ պիտի ասեմ». - Ալվարդ Պետրոսյանի այս պորթկումը այսօրվա հարցարզրույցում առնչվում է մշակույթի ոլորտում ստեղծված իրավիճակին, հատկապես՝ ներկային մշակույթի նախարարին. - «Ինչքան էլ ուզեմ տակտը պահպանել՝ ասելով կինը կնոջ մասին չի խոսում, ասեմ, թե նա կոալիցիոն կուսակցության անդամ է եւ այլն։ Բայց չէ՞ որ այդ բոլորից վեր կանգնած ճշմարտություն է մշակույթը հայոց, որին ակնածանքով պիտի վերաբերվես... Այլեւս հանդուրժելի չէ։ Նախարարի անունով պատումներ են գնում, եւ դու շփոթահար մտածում ես՝ մի՞թե սա է քո երկրի մշակույթի նախարարը։ Որը պարզապես շատ մեղմ ասած՝ իր տեղում չէ, պրոֆեսիոնալ չէ»։ «Կարծում եմ», - եզրափակում է Ալվարդ Պետրոսյանը, - «Օրինաց երկիրը» պիտի իր քայլն անի։ Ընդհանրապես կոալիցիայի մեջ եղած կուսակցությունները պիտի կարողանան հասկանալ՝ շատ ավելի բարձր արժեքներ կան, քան կուսակցական սնափառությունն է»։

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի դիտարկմամբ, ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն ու «Օրինաց երկիր»-ը խիստ ցավոտ են վերաբերում իշխանական կոալիցիայի ընդլայնման ցանկացած հեռանկարի: Այստեղ բերված՝ Դաշնակցության խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հետ զրույցում վերջինս արժեվորել է. - «Կոալիցիան երեւի թե ավելի մեծ կարեւորություն ունի, քան պառլամենտում ձայների պարզ մեծամասնության ապահովումը: Թիվն ամեն ինչ չէ, որ որոշում է: Մասնավորապես, խորհրդարանում Դաշնակցության ունեցած թիվը համարժեք չէ նրա ազդեցությանը հանրապետությունում եւ ողջ աշխարհում: Նույնը եւ «Օրինաց երկիր»-ինը»:

Տարեվերջի հայացք ձգելով հայաստանյան ընդդիմությանը, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն արձանագրում է. - «Հայրենի արմատականները ներկայումս հանգել են մի եզրակացության. իշխանափոխության հասնելու իրենց նվիրական երազանքի իրականացումը հնարավոր է միայն ու միայն գործող իշխանության ներքին ու մանավանդ արտաքին քաղաքականության ձախողման հետեւանքով։ Մնացած բոլոր խնդիրները, այդ թվում եւ նախագահի վստահության հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին բարձրագոչ հայտարարությունները, իրականում ժամանակ շահելու, ասպարեզում մնալու եւ քաղաքական պայքարի տպավորություն ստեղծելու նպատակ են հետապնդում»։ «Եթե ունեն մեր բազմաթիվ խնդիրների լուծումները, բայց չեն ասում, ուրեմն ցանկանում են ոչ միայն իշխանության, այլեւ Հայաստանի ձախողումը, իսկ եթե չունեն եւ իրենց ողջ գրավը դրել են միայն ու միայն ներկա իշխանության հավանական անհաջողության վրա, ապա լավ կանեն, որ գոնե կտրեն ձայները», - ներշնչում է մեկնաբանը։ - «Գուցե այդ դեպքում լսելի դառնան նաեւ լուծումներ առաջարկող եւ ծանր պահին ազգն ու պետությունը միավորելու ցանկություն եւ ունակություն ունեցող անհատները՝ անկախ նրանից իշխանամե՞տ են նրանք, թե՞ ընդդիմադիր»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG