Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության նախկին փոխգնդապետը հերքում է, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի նախաձեռնությունն իրենն է


Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մի քանի ամիս առաջ կանխված մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Լեւոն Աբրահամյանը, ընդունելով, որ պաշտպանության նախարարի դեմ մահափորձ ծրագրվել է, հերքում է, սակայն, թե նախաձեռնությունն իրեն է պատկանում՝ մեղադրելով նույն գործով որպես վկա անցնող Արայիկ Նարիմանյանին:

Ըստ քրեական գործի, նախապատրաստվող մահափորձի մասին տեղյակ են եղել նախկինում արդեն դատապարտված երեք անձ՝ Հայաստանի ազգային անվտանգության նախարարության նախկին փոխգնդապետ Լեւոն Աբրահամյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի (ով ներկայումս Շուշիի բանտում պատիժ է կրում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար) ընկեր Արայիկ Նարիմանյանը, եւ պաշտպանության նախկին փոխնախարար Արծրուն Մարգարյանի բժիշկն ու ընկերը՝ Հրանտ Պապիկյանը: Վերջին երկուսը հանդես են գալիս որպես վկա:

Լեւոն Աբրահամյանը 1998-ին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, սակայն 2002-ի հունիսին նրան երկրի նախագահի հրամանագրով ներում է շնորհվել: Քրեական այլ գործով դատապարտված Արայիկ Նարիմանյանը Աբրահամյանի հետ պատիժը կրում էր նույն կալանավայրում:

Ինչպես Նարիմանյանը, այնպես էլ Պապիկյանը իրենց ցուցմունքներում հաստատել են, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու նախաձեռնությունը Լեւոն Աբրահամյանինն է: Նարիմանյանի պնդմամբ, ամբաստանյալը «նեղացած էր» Սերժ Սարգսյանից, քանի որ հենց վերջինիս «միջոցով էր ազատազրկվել»: Աբրահամյանն էր մշակել մահափորձի ծրագիրը, ինչի մասին ինքը (Նարիմանյանը) ժամանակին հայտնել է հատուկ ծառայություններին: Դրանից հետո նրանց բոլոր հանդիպումները գաղտնի տեսագրվել ու ձայնագրվել են:

Աբրահամյանի պնդմամբ, հակառակը՝ մահափորձի նախաձեռնության հեղինակը Արայիկ Նարիմանյանն է: Ամբաստանյալի խոսքերով, Նարիմանյանն իրեն փոխանցել է Սամվել Բաբայանի մտերիմներից մեկի խոսքերը, թե «Բաբայանի ազատության մեջ լինելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանին սպանելն է. դրանից հետո Հայաստանում իշխանափոխություն կլինի, Սամվել Բաբայանի հարցն էլ կլուծվի»:

Իսկ Հրանտ Պապիկյանը, ամբաստանյալի խոսքերով, շահագրգռված էր իր նկատմամբ «գործ սարքելու» մեջ, քանի որ իրեն 6 հազար դոլար է պարտք:

Առաջին ատյանի դատարանում այս գործի քննության մասին որեւէ լրագրող մինչեւ այսօր տեղյակ չի եղել, թեեւ այսօր դատական արդեն երրորդ նիստն էր: Այսօր էլ ամբաստանյալը դժգոհում էր, թե լրագրողների ներկայությունը կաշկանդում է իրեն, սակայն դատավոր Ռուբեն Ներսիսյանը չբավարարեց ամբաստանյալի խնդրանքը լրագրողներին դուրս հրավիրելու մասին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG