Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր շուկայական տնտեսությունն ունի որոշակի տարօրինակություններ, որոնք առավել ակնհայտ են դառնում Նոր տարվա շեմին, երբ գները թռչում են աստղաբաշխական բարձունքների վրա», - անդրադառնում է «Առավոտ» թերթի խմբագրականը: - «Եթե հարցնես մեր վարչապետին, թե ինչու է դա տեղի ունենում, ապա նա կբացատրի, որ կառավարությունն այստեղ որեւէ դերակատարություն չունի: Գները, հասկանում եք, ղեկավարվում են ոչ թե կառավարության կողմից, այլ շուկայի անտեսանելի ձեռքով: Բայց զարգացած երկրներում այդ ինքնակարգավորումը Նոր տարուն ու Ծննդյան տոներին բերում է գների իջեցմանը, ոչ թե բարձրացմանը»: Ուստի միանգամայն տեղին են կասկածները, որ «ինչ-որ մեկը մենաշնորհային ձեւով գներ է սահմանում», - ընդգծում է «Առավոտ»-ը: - «Այդ դեպքում հարգարժան վարչապետի պնդումները շուկայի անտեսանելի ձեռքի մասին այնքան էլ հիմնավոր չեն: Որովհետեւ հենց հանուն շուկայական հարաբերությունների կառավարությունը պարտավոր է անցկացնել հակամենաշնորհային քաղաքականություն եւ նպաստել մրցակցության զարգացմանը»:

Մեկնաբանելով Հայաստանի տնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակը, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը «Հայոց աշխարհ» թերթում մասնավորապես նշում է. - «Ցավոք, մեր ունեցած փակ տնտեսական համակարգը ծնում է փակ տնտեսական մտածելակերպ ունեցող գործիչների։ Նրանց հայտնվելը օրենսդիր մարմնում... միայն ունեցած դիրքերը չկորցնելու ու ամրապնդելու խնդիր է հետապնդում»։ «Մեր նեղ շուկայում ծավալվելու հնարավորություն ստանում են միայն նրանք, ովքեր գտնվում են պետական հովանավորչության պաշտպանության տակ։ Ցավոք, այո, մեր շուկայում առանց պետական հովանավորչության գործունեություն ծավալելը դառնում է դժվար եւ տեղի է ունենում բիզնեսի ու իշխանության սերտաճում», - արձանագրում է նախկին վարչապետը։ - «Ցավոք, պետությունն այսօր ստեղծված վիճակի վրա լուրջ ներազդելու բավարար ուժ չունի։ Մեր շուկայում կան մոնոպոլիաներ, ինչը անվերապահորեն կործանարար է տնտեսության համար»։

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը, կիսահեգնական ներկայացնելով, թե բուռն գործունեության ինչպիսի դաշտ ունեն իշխող կոալիցիայի կուսակցությունների կողմից վերջերս նշանակված փոխնախարարները, ամփոփում է. - «Տպավորությունն այնպիսին է, որ մեր պետական կառավարման համակարգը կարող է եւ մի 800 կոալիցիոն փոխնախարարներ մարսել: Բայց նշենք, որ յուրաքանչյուր փոխնախարար հարկատուների հաշվին ստանում է ամսական 240 հազար դրամ, մեկ ծառայողական մեքենա՝ վարորդի աշխատավարձով ու օրական 4 լիտր բենզինով, առնվազն մեկական քաղաքային եւ բջջային հեռախոս՝ իրենց հեռախոսավարձերով եւ այլն... Օր-օրի սպասվում է կոալիցիոն սկզբունքով նոր՝ հինգ փոխնախարարների նշանակում»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբաններից մեկի հայացքով, կառավարող կոալիցիայի վերջին ամիսների գործունեությունը «ավելի ու ավելի է հիշեցնում առանձին ավատատերերի կողմից սեփական իրավունքների ու տարածքների ընդլայնման եւ կենտրոնական իշխանություններից ունեցած կախվածության թուլացման համար իրականացվող երբեմն բացահայտ, երբեմն էլ քողարկված պայքար»: «Կարծում ենք՝ կոալիցիան ինքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի կառավարության համար քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու գործում», - ընդգծում է մեկնաբանը: - «Այլապես կոալիցիային մաս կազմող քաղաքական երեք ուժերը ներկայումս այդ նախաձեռնությունը կամովին զիջել են գործադիրին եւ զբաղված են միայն նրանով, որպեսզի վերջինից որքան հնարավոր է շատ պաշտոններ կորզեն: Նման գիտակցված ինքնամեկուսացումը եւ նախաձեռնության զիջումը գործադիրին արժեքից ու իմաստից զրկում է կոալիցիայի գոյության փաստը՝ այն դարձնելով կառավարությանն առընթեր գործող խորհրդակցական մարմնի նման մի բան»: «Նման իրավիճակը կասկածի տակ է դնում նաեւ կոալիցիոն կառավարության գոյության անհրաժեշտությունը», - գնահատվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Ժողովուրդը չի տեսնում քաղաքական կոալիցիայի դեմքը, նպատակները, քայլերի հաջորդականությունը եւ դրանցից ստացվող արդյունքները, ու նախկինի պես ամեն ինչ վերագրվում եւ հասցեագրվում է մեկ անձի՝ գործող նախագահին»:

Ամփոփելով ավարտվող տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունները, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում խտացրել է. - «Հիմա, իրոք, հանրապետությունում հեղափոխական իրավիճակ չկա, սակայն ներքին լարվածությունն առկա է: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ մեր ժողովուրդն այսպես քնած չի մնա: Մենք միշտ էլ ցնցումներին դեմ ենք եւ խաղաղ զարգացումներ ենք ակնկալում, բայց այս նիրհը մեզ լավ ապագա չի խոստանում»: «Մեր երկրի քաղաքական միջավայրում, իշխանության թեւերի միջեւ եւ ընդդիմության շարքերում բավականին շփոթվածություն կա», - ասում է Վազգեն Մանուկյանը: - «Չեմ ուզում խոսել մի քանի բութ մարդկանց մասին, որ կան ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ճամբարներում, որ գոհ են իրենց վիճակից կամ փող աշխատելու ստացած հնարավորությունից: Բանն այն է, որ ողջ քաղաքական դաշտն է հայտնվել մի վիճակում, որը զարգացում չունի, ապագան չի տեսնում: Սա երկար տեւել չի կարող: Արդեն տեսանելի են որոշակի բյուրեղացումներ: Կարծում եմ` այս ընթացքը լուրջ ձեւեր կընդունի եւ ինչ-որ նոր բան կծնի»:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը վերջին մրցույթից առաջ «Առավոտ»-ի հարցազրույցում վստահ շեշտում է. - «Միանշանակ չենք ստանա կապուղի... Պատճառը միակն է՝ մենք ունենք ղարաբաղցի «պինդ» նախագահ, որին երեւի հավակնությունները թույլ չեն տալիս ետ կանգնել իր ասած խոսքերից: Սակայն բոլոր նախագահներն էլ ժամանակավոր են: Եվ ես չեն շտապում»: «Ա1+»-ի նախագահը նաեւ իրենց կողմից բազմաթիվ տհաճ անակնկալներ է խոստանում Հեռուստառադիոհանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG