Մատչելիության հղումներ

Բյուջեի նախագծում հաշվի է առնվել պատգամավորների առաջարկների փոքր մասը միայն


Ինչպես երեքշաբթի օրը ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կառավարության արտահերթ նիստում երեկ հաստատված 2004 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված ու լրամշակված տարբերակում հաշվի են առնվել Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների առաջարկների տասը տոկոսը միայն:

2004 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական ուժերը 214 փոփոխության-առաջարկ էին հնչեցրել, որոնք ենթադրում էին պետական ծախսերի շոշափելի ավելացում։

Վարչապետի խոսքերով, խորհրդարանականների առաջարկությունները հաշվի են առնվել այնքանով, «որքանով, որ հնարավորություն ունենք»:

«Եթե նրանք մոտ 20 միլիարդի [ծախսերի գծով] առաջարկություններ էին տվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Մարգարյանը, - «բնականաբար, մենք դա չէինք կարող ընդունել: Դրանց մի մասը որոշակի վարկային ծրագրերով ենք անում՝ բյուջեում դա չպետք է ներառենք»:

Ըստ վարչապետի, քննարկումների ընթացքում հնարավոր է եղել բավարարել խորհրդարանականների առաջարկների տասը տոկոսը, այսինքն՝ բյուջեի նախագծում ծախսերն ավելացել են մոտ երկու միլիարդ դրամի չափով։

Ինչ վերաբերում է այս տարվա բյուջեի կատարմանը, ապա Անդրանիկ Մարգարյանը համոզված է, որ այն կգերակատարվի՝ դա կապելով բյուջեում նախատեսված արտաքին վարկերի ստացմամբ: Այս առումով վարչապետը ընդգծեց տարբեր նախարարությունների լավ աշխատանքը՝ այդ վարկերը տրամադրելու համար անհրաժեշտ պայմանները կատարելու ուղղությամբ:

Վարչապետը ասաց նաեւ, թե բյուջեի նախագծի վերջնական տարբերակում հավելյալ 280 միլիոն դրամ է հատկացվել գիտության բնագավառին՝ մի շարք գիտական ծրագրեր առաջնահերթ կարգով ֆինանսավորելու նպատակով։ Մասնավորապես, գումարներ կտրվեն ակադեմիկոս Պարիս Հերունու մշակած արեգակնային էլեկտրակայանի շինարարությունը ավարտին հասցնելու, ինչպես նաեւ հաշվողական տեխնիկայի ու գերժամանակակից նանոտեխնոլոգիաների բնագավառում հետազոտությունները զարգացնելու նպատակով։

Բյուջեի նախագծի վերջնական տարբերակը խորհրդարանը քննության կառնի հինգշաբթի օրը սկսվող արտահերթ նստաշրջանում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG