Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ դատարանում ի հայտ են գալիս Նաղդալյանի սպանության նոր հանգամանքներ


Վերաքննիչ ատյանի զինվորական եւ քրեական գործերով դատարանում Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով հերթական նիստում ամբաստանյալներ Ջոն Հարությունյանի եւ Ֆելիքս Առուստամյանի ցուցմունքներում ու դատավարության մասնակիցների հարցերին տված պատասխաններում նշվեցին հանգամանքներ, որոնց մասին չէր խոսվել առաջին ատյանի դատարանում:

Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը, ում առաջին ատյանի դատարանը որպես սպանությունը կատարողի դատապարտել է 15 տարվա ազատազրկման, այսօրվա նիստում նախ հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից, հայտարարեց, որ ինքը չի գրել դրանք. պնդեց միայն մեկ ցուցմունք, որը նախաքննության ընթացքում տեսագրվել էր:

Հարությունյանը հրաժարվեց նաեւ ցուցմունք տալ այսօր, սակայն պատասխանեց կողմերի հարցերին: Նրա խոսքերով, Տիգրան Նաղդալյանին սպանելու պատվերը իրենք ստացել էին 2002 թվականի նոյեմբերին: Սա հակադրվում է առաջին ատյանի դատարանի կայացրած վճռին, ուր նշված է, թե հանցագործությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանը պատվերը տվել եւ հաստատել է դեկտեմբերի 15-ին:

Առաջին ատյանի դատարանի կողմից 12 տարվա ազատազկման դատապարտված Ֆելիքս Առւստամյանը, ով պետք է կատարեր սպանությունը, սակայն վերջին պահին հրաժարվել էր, այսօր հայտարարեց, որ Տիգրան Նաղդալյանին հետեւելու ընթացքում նկատել են, որ իրենց «Նիվա» մակնիշի մի մեքենա է հետեւում:

Առաջին ատյանի դատարանում այդ մասին չի խոսվել, չնայած մամուլում հրապարակվել էր Տիգրան Նաղդալյանի այրու նախաքննական ցուցմունքը, որտեղ վերջինս նշել էր, որ երկար ժամանակ իրենց հետեւել են, նկարագրել էր մի մարդու, որին մի քանի անգամ տեսել էին շքամուտքում: Մի քանի անգամ նկատել են, որ իրենց հետեւում են «Ջիփ» եւ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ամբաստանյալներից երկուսի այսօրվա ցուցմունքներից հետո էլ պարզ չէ, թե ամբաստանյալների որ ցուցմունքն է համապատասխանում իրականությանը, քանի որ նրանք տարբեր ցուցմունքներ են տվել նախաքննության մարմնին, առաջին ատյանի դատարանում եւ այսօր՝ արդեն վերաքննիչ դատարանում:

Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն, ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի կրտսեր եղբայրն է՝ Արմեն Սարգսյանը: Ընդդիմությունը, որի առաջնորդներից է Արամ Սարգսյանը, համարում է, որ մեղադրանքը քաղաքական դրդապատճառներ ունի՝ ի թիվս այլ փաստարկների, վկայակոչելով, որ Արմեն Սարգսյանի ձերբակալության մասին հայտարարվել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը նախորդող գիշերը:

Դատական նիստը կշարունակվի վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG