Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր պատգամավորը համաձայն չէ Եվրախորհրդի զեկույցի որոշ ձեւակերպումներին


Գալիք հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում առանձին հարցով քննարկվելիք Հայաստանին վերաբերող զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր առարկությունները հնչեցրեց Եվրախորհդրի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը:

Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Յերժի Յասկերնիայի եւ Ռընե Անդրեի կազմած զեկույցում, որը արդեն արժանացել է Մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանը, գնահատականներ են տրվել ինչպես Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, այնպես էլ անցնող տարվա հայաստանյան ընտրական գործընթացներին:

Զեկույցի նախնական տարբերակի հատկապես ընտրություններին վերաբերող գնահատականների մասով լուրջ առարկություններ ունի «Արդարություն» խմբակցության պատգամավորը:

Շավարշ Քոչարյանը, հնչեցնելով «Արդարություն» դաշինքի տեսակետը, ասաց, որ փաստաթուղթը ընդհանուր առմամբ օբյեկտիվ է եւ համարժեք է արտացոլում Հայաստանի վիճակը: Միաժամանակ նա հստակ անհամաձայնություն հնչեցրեց զեկույցի այն արձանագրմանը, թե Սահմանադրական դատարանը վերանայել է մեկ տարվա ընթացքում «Հանրավքեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու եւ նախագահ Քոչարյանի նկատմամբ վստահության հանրաքվե անցկացնելու մասին իր իսկ որոշումը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, նման ձեւակերպումը պարզապես կեղծիք է, քանի որ Սահմանադրական դատարանը, ըստ գործող Սահմանադրության եւ օրենսդրության, իրավունք չունի վերանայել իր որոշումները. դրանք վերջնական են եւ ենթակա են կատարման:

Շավարշ Քոչարյանի ենթադրությամբ, այդ ձեւակերպումը փաստաթուղթ է սպրդել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ ավելի ուշ արած հայտարարության հիման վրա, թե վստահության հարցով հանրաքվե անցկացնեու անհրաժեշտություն այլեւս չկա: Գագիկ Հարությունյանը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հնչեցրել է «սոսկ մասնավոր անձի տեսակետ»:

Քոչարյանի խոսքերով, «առարկություն չի կարող չառաջացնել» նաեւ զեկույցում արձանագրվածը, թե զանգվածային օրինախախտումներն ու կեղծիքները չեն ազդել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Ընդդիմադիր պատգամավորը առարկում է նաեւ պնդման վրա, թե խախտումները եղել են երկկողմանի:

«Կեղծել կարող է մեր պայմաններում նա, ով ունի մեծամասնություն հանձնաժողովներում, իսկ ակնհայտ է, որ մեծամասնությունը [իշխանամետ ուժերի ներկայացուցիչների] ճնշող էր այնտեղ», - ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ իբրեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, իր առարկությունների մասին նամակով տեղեկացնելու է Եվրախորհրդի ղեկավարությանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG