Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախընտրական օրերից ցայսօր, գործի վերածված խոստումները, որոնք գյուղաբնակների ու քաղաքաբնակների մտահոգություններից են ծնվել, վկայում են, որ երկրի գործող նախագահը շարունակում է հետեւողական լինել ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորություններում», - հավաստագրում է այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ դրանում տեսնելով իշխանության եւ հասարակության վստահելի գործընկեր դառնալու միտման ամրապնդում: Մյուս կողմից, պատասխանելով «Առավոտ» թերթի հարցին՝ «Չե՞ք կգտնում, որ իրականում «Արդարություն» դաշինքը պահը բաց է թողել, եւ ժողովրդի այնպիսի ակտիվացում, ինչպես եղավ այս տարվա փետրվարին, դժվար թե կրկնվի», «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ասում է. - «Մեր ժողովուրդը չի համակերպվել եւ իր մենթալիտետով չի էլ կարող համակերպվել իշխանության բռնազավթման հետ, այնպես որ, իշխանությունը որեւէ հենարան չունի»: Անդրադառնալով Հայաստանի ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ) - «Հանրապետություն» կուսակցություն փոխհարաբերություններին, Դեմիրճյանը հավաստիացնում է. - «Դաշինքում առողջ, գործնական մթնոլորտ է: Դաշինքը եղել ու մնում է այն ուժը, որը ի զորու է երկրում փոխել վիճակը: Դաշինքի բոլոր անդամները պետք է գիտակցեն, որ ամեն ինչ պետք է անեն դաշինքի ամրապնդման համար: Ով այդ սկզբունքներից կշեղվի, տուժողը նա է լինելու»: «Այն տեղը, որ զբաղեցնում եմ քաղաքական դաշտում, ես չեմ բռնազավթել», - «Առավոտ»-ի հարցազրույցում շարունակում է Ստեփան Դեմիրճյանը: - «Առհասարակ, արհեստական ճանապարհով որեւէ բան չի ստացվում: Հասարակությունը ինքն է որոշում ում վստահել: Իսկ վճռականությունը խոսելով չէ պայմանավորված: Դա էլ ենք տեսել, երբ ամպագոռգոռ, այսպես կոչված՝ սուր խոսում են, բայց ինչ-որ պահի կերպարանափոխվում են»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի հավատում, թե «վստահության հանրաքվեն» լինելու է. - «Առաջին հերթին այն պատճառով, որ այսօր շատ մեծ հիասթափություն կա հենց ընդդիմության նկատմամբ: Ընդդիմությունը, բացի Ռոբերտ Քոչարյան անձին հակադրվելուց, այդպես էլ ի վիճակի չեղավ որեւէ կոնստրուկտիվ գաղափար առաջ քաշել... Ընդդիմությունը բացառապես անձի փոփոխության խնդիր է դնում: Բայց այս պարագայում բնականաբար հարց է առաջանում. իսկ որտե՞ղ է այն անձը, հանուն որի արժե ամեն գնով իշխանափոխություն անել: Եթե կա, եւ հասարակությունը նրան վստահում է, իշխանափոխության խնդիրը կարելի է նույնիսկ սահմանադրական ճանապարհով լուծել», - «Հայոց աշխարհ» թերթում ասում է Հրանուշ Խառատյանը:

Նույն թերթում Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը այսօր գնահատում է. - «Ընդհանրապես, ի պատիվ մեր ընդդիմության պետք է ասել, որ ոչ նախկին, ոչ ներկա նախագահի օրոք, նա չի արել պետության հիմքերը խարխլող քայլեր։ Ես դրական եմ համարում, որ «Արդարություն» դաշինքը, անձամբ Ստեփան Դեմիրճյանը, հանրահավաքների փուլում չգնացին գործողությունների, որոնք կարող էին մեզ ազգային կործանման հասցնել»: «Պոպուլիզմը մարդկանց զզվեցրել է», - այս հարցազրույցում ընդգծում է Մկրտչյանը: - «Պետք է գործնականում ապացուցել, որ իրական քայլեր են կատարվում: Ներկայումս հասարակության լայն շերտերի մեջ կա անվստահություն իշխանության նկատմամբ։ Դա հաղթահարելու առումով շատ մեծ է քաղաքական կուսակցությունների դերը՝ ամենից առաջ անիրականանալի խոստումներ չտալու տեսանկյունից»։

Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, «Հայկական ժամանակ» թերթում արձագանքելով իշխանական կոալիցիայի մեջ իրենց ընդգրկվելու մասին խոսակցություններին, նշում է. - «Ցանկացած առաջարկ մենք ինքնանպատակ չենք համարում եւ այն կարծիքին չենք, որ նախարարական պորտֆել ստանալը գերխնդիր է: Թող կոալիցիան առաջադրի խաղի իր կանոնները, եւ այդ ժամանակ մենք էլ կասենք՝ այո կամ ոչ: Սակայն մինչ այդ կոալիցիան շատ ավելի լուրջ խնդիր ունի՝ կոալիցիայի կուսակցությունները պետք է հստակեցնեն հարաբերությունները հենց կոալիցիայի ներսում: Մեզ համար բնավ հաճելի չէ աշխատել նման հարաբերությունների առկայության պայմաններում: Սկզբունքային խնդիրների մասին կոալիցիայի որոշ կուսակցություններ նախընտրական փուլում այլ բան էին հայտարարում, իսկ հիմա այլ բան են ասում»: «Մենք չենք կարող եւ մտադիր էլ չենք աջակցել կոալիցիային այն դեպքում, երբ նրանք շեղվում են իրենց հռչակած ծրագրերից եւ պատասխանատվությունից», - շեշտում է Կարեն Կարապետյանը: - «Ինչ վերաբերում է կոնկրետ առաջարկին, կոալիցիայի մաս կազմելու առաջարկ այս պահին չի եղել»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի ամփոփմամբ, 2003 թվականը որեւէ շոշափելի առաջընթաց չարձանագրեց: «Մարդկանց շարունակում են կերակրել աննախադեպ տնտեսական աճի մասին թվերով», - գրում է մեկնաբանը: - «Որեւէ դրական տեղաշարժ չեղավ եւ բարոյահոգեբանական առումով: Չինովնիկության մեծամասնությունը շարունակում է իրեն համարել ոչ թե պետական ծառայող, այլ իշխանիկներ, որոնք իրենց կարող են թույլ տալ քամահրանքով վերաբերել քաղաքացիներին: Այդ ամենը, բնականաբար, գալիս է ամենավերեւից: Բայց այդ ամենում կա նաեւ բնակչության մեղքը, քանզի մարդիկ մեծամասամբ հեշտ ու հանգիստ հանդուրժում են այդպիսի վերաբերմունքը եւ այդպես էլ չեն սովորել հակահարված տալ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG