Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը վճռորոշ է համարում 2004 թվականը


«Արդարություն» դաշինքի առաջատար ուժի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ)՝ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի կազմակերպության կոնֆերանսում, կուսակցության եւ դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ ընդդիմության պայքարում 2004 թվականը վճռորոշ է լինելու:

«2004 թվականը պետք է դառնա վճռորոշ տարի Հայաստանում ժողովրդավարության եւ արդարության հաղթանակի համար», - կոնֆերանսի իր ելույթում ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Կենտրոն համայնքում հատկապես շատ են ընդդիմադիրների կողմնակիցները: Անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում պաշտոնական տվյալներով այստեղ հաղթել էին Ստեփան Դեմիրճյանը եւ «Արդարություն» դաշինքը: Այդուհանդերձ, այսօրվա կոնֆերանսի մասնակիցները թիվը նկատելիորեն զիջում էր կազմակերպության՝ նախկինում անցկացվող միջոցառումների մասնակիցների թվին:

«Ընկճվածություն կա ժողովրդի մեջ, որ նպատակին չհասանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԺԿ շարքային անդամների մեկը, որի հետ անմիջապես չհամաձայնեցին նրա կուսակիցները: «Փորձությունները ամրապնդում են կուսակցության շարքերը», - հակադարձեց մեկ ուրիշ անդամ՝ Կամո Տիտանյանը:

Կուսակցության մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանի կարծիքով, վերանայման են ենթական մարտավարական որոշ խնդիրներ: Նրա խոսքերով, պայքարը շարունակելու են Սահմանադրության շրջանակներում, սակայն «այդ շրջանակները շատ լայն են» եւ «չի բացառում ավելի համարձակ պատասխանատվություն վերցնելը»:

Իր ելույթում Ստեփան Դեմիրճյանը անդրադարձավ նախագահ Շեւարդնաձեի հրաժարականին հասած վրաստանյան ընդդիմության եւ հայաստանյան ընդդիմության միջեւ տարվող զուգահեռներին:

«Մենք չենք կապել եւ չենք կապում մեր գործողությունները ուրիշ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ», - ասաց Դեմիրճյանը: - «Մենք ունենք մեր ճանապարհը, մեր քայլերը բխում են մեր իրականությունից, մեր քայլերը ունեն իրենց տրամաբանությունը»:

Շարունակելով՝ Ստեփան Դեմիրճանը առանց կոնկերտ քաղաքական ուժերի կամ գործիչների անուն տալու, ասաց. - «Ոմանք այսօր այդ իրադարձությունները օգտագործում են քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար: Երբեմն խրատ են տալիս մարդիկ, որոնք ընդհանրապես դրա տարրական իրավունքը չունեն»:

Նրա խոսքերով, «Արդարություն» դաշինքը եւ անձամբ ինքը թիրախ են դարձել: «Այն տեղը, որ մենք այսօր զբաղեցնում ենք քաղաքական դաշտում, մենք չենք բռնազավթել: Հասարակությունը ինքն է որոշում, թե ում է վստահում», - հայտարարեց ՀԺԿ առաջնորդը:

Դեմիրճյանը կրկին ասաց, թե վստահության հանրաքվեն Հայաստանում իշխանության լեգիտիմության հարցը «անցնցում» լուծելու հնարավորություն է: «Եթե դա չի օգտագործվում, պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա: Միեւնույն է, նրանք հեռանալու են, դա կանխորոշված է», - եզրափակեց Ստեփան Դեմիրճյանը:



Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG