Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը 4 միլիոն եվրո է հատկացնելու Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարձրացմանը


Մեծամորի ատոմակայանի տնօրենի տեղեկացմամբ, հինգշաբթի օրը Եվրամիության «Տասիս» ծրագրի հետ ստորագրվել է 2004-2005 թվականներին Հայկական ԱԷԿ-ի անվտանգության աստիճանի բարձրացման հերթական օժանդակության ծրագիրը՝ 4 միլիոն եվրո արժողությամբ։

Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի փոխանցմամբ, վերջին 8 տարվա ընթացքում ԱԷԿ-ի անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով միայն ԱՄՆ կառավարությունը 35 միլիոն դոլարի անհատույց օգնություն է հատկացրել, եւս 12 միլիոն դոլար հատկացրել էր «Տասիս» ծրագիրը։

Օգնության հերթական չափաբաժնի հատկացումը Մարկոսյանին հիմք է տալիս ենթադրելու, որ Եվրամիությունը հրաժարվել է 2004 թվականին Մեծամորի ԱԷԿ-ը փակելու պահանջից:

«Այլապես Եվրամիությունը չէր սկսի նախագիծ, որով ներդրման ժամկետները 2004-2005 թվականներն են», - լրագրողներին ասաց Մարկոսյանը: - «Մեր պետության հստակ դիրքորոշումը նա է, որ մինչեւ փոխարինող հզորություններ Հայաստանում չստեղծվեն, ատոմային կայանի փակման մասին խոսակցությունները ավելորդն են»:

Ըստ Մարկոսյանի, Մեծամորի կայանի երկրորդ էներգաբլոկի նախագծային հնարավորությունները թույլ են տալիս աշխատել մինչեւ 2016 թվականը:

Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով, ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված օգնությունը, այնուամենայնիվ, կապված չէ դրա հնարավոր փակման ժամկետի հետ:

«Անկախ նրանից, թե որ օրը ատոմակայանը կփակվի, մինչեւ վերջին պահը այդ աշխատանքների [անվտանգության բարձրացմանն ուղղված] իրականացման անհրաժեշտությունը կա», - ասաց նա:

Սա պաշտոնական տեսակետն է։ Մինչդեռ մի շարք այլ փորձագետների համոզմամբ, Մեծամորի ԱԷԿ-ը ավելի երկար կարող է աշխատել։ Մասնավորապես, Ռուսաստանի ատոմային էներգետիկայի ինստիտուտի տնօրեն՝ ակադեմիկոս Արմեն Աբագյանի համոզմամբ, հայկական ատոմակայանը պետք է գործի առաջիկա երեք տասնամյակների ընթացքում՝ անկախ բոլոր տեսակի ճնշումներից։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG