Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը դիմել է քաղաքական կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին


Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով առաջին ատյանի դատարանի կողմից իբրեւ հանցագործության պատվիրատու ճանաչված Արմեն Սարգսյանը նամակով դիմել է մի շարք քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների՝ ակնկալելով նրանց համապատասխան ուշադրությունը վերաքննիչ դատարանում գործի քննության նկատմամբ:

Ներկայացնելով, որ թե' նախաքննության մարմինը եւ թե' առաջին ատյանի դատարանը ոչ թե փորձել են ճշմարտությունը բացահայտել, այլ՝ «ապօրինի միջոցների կիրառմամբ լուծել Արմեն Սարգսյանին սպանության պատվիրատու ճանաչելու՝ նախապես կանխորոշված խնդիրը», ամբաստանյալը իր նամակում գրել է. - «Դատական նիստում ձեր ներկայացուցչի ներկայությունը, կարծում եմ, կնպաստի գործի մասին օբյեկտիվ, պատշաճ ու լրիվ տեղեկատվություն ստանալուն եւ արդարադատության ներկա վիճակի մասին կարծիք կազմելուն»:

Թերեւս սրանով է բացատրվում նախորդ նիստում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, իսկ այսօր ՀԺԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության անդամների ներկայությունը:

«Օրինաց երկիր» կուսակցությունից եւ խորհրդարանական խմբակցությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե նման նամակ չեն ստացել: «Ազգային միաբանություն» կուսակցությունից հաստատեցին, որ ստացել են Արմեն Սարգսյանի նամակը: Արտաշես Գեղամյանի խոսքերով, կուսակցության անդամներ Կորյուն Առաքելյանին եւ Աղասի Արշակյանին հանձնարարվել է մասնակցել դատական նիստերին:

Այսօրվա նիստում վերաքննիչ բողոքների ամփոփ բովանդակությունը հրապարակելուց, դրա վերաբերյալ կողմերի կարծիքները լսելուց հետո նախագահող Արշակ Խաչատրյանը դատական նիստը կրկին հետաձգեց՝ ամբաստանյալներից Գեղամ Շահբազյանի շահերի նոր պաշտպանին ժամանակ տալով գործի նյութերին ծանոթանալու համար:

Վերաքննիչ բողոք ներկայացրած հինգ ամբաստանյալներից 4-ի կարծիքով, առաջին ատյանի դատարանը իրենց նկատմամբ չափազանց խիստ պատիժ է սահմանել: Նրանք խնդրում են վերանայել գործն ու ավելի մեղմ պատիժ սահմանել: Իսկ ամբաստանյալ Արմեն Սարգսյանը եւ նրա շահերի պաշտպանները գտնում են, որ առաջին ատյանի դատարանը կարեւոր նշանակություն ունեցող որոշակի փաստական հանգամանքներ չեն հետազոտվել, եւ դատարանի կայացրած վճիռը միակողմանի է:

«Դատավճիռը որպես այդպիսին իր հետեւություններով հիմնավորված չէ, պատճառաբանված չէ», - «Ազատություն» ռադիոկայանի ուրբաթ օրը ասաց Արմեն Սարգսյանի շաների պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը:

Մեղադրող կողմը հակառակ տեսակետն է պնդում, թե՝ ներկայացված վերաքննիչ բողոքն է անհիմն, իսկ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը օրինական է ու հիմնավորված:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք հաջորդ դատական նիստում ցուցմունքներ պետք է տան ամբաստանյալները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG