Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պրյախին. «Հայաստանը մեծ քայլ է կատարել ժողովրդավարացման ուղղությամբ»


Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը նշանակալի է համարում անցնող տարվա ընթացքում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարացման ուղղությամբ:

«Հայաստանը մեծ քայլ է կատարել ժողովրդավարացման ուղղությամբ», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պրյախինը՝ հավելելով, թե նկատի ունի նաեւ անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Դրանց անցկացման վերաբերյալ, հարկ է նշել, քննադատություն է հնչել նաեւ ԵԱՀԿ-ից:

«Բայց ամեն ինչ ենթակա է համեմատության», - ասաց Պրյախինը՝ փաստարկելով, որ այլ տեղերում (ակնհայտորեն նկատի ունենալով Վրաստանը) ավելի բարդ իրավիճակներ առաջացան եւ նույնիսկ չեղյալ հայտարարվեցին ընտրությունների արդյունքները:


«Հայ հասարակությունը անցավ անարխիայի եւ կոշտ ավտորտարիզմի կրակների միջով», - ասաց նա: - «Հաջողվեց պահպանել ամուր պետականությունը եւ ապահովել քաղաքացիների հիմնական ազատություններն ու իրավունքները»:

Վլադիմիր Պրյախինի գնահատականները, թերեւս, համահունչ չեն նրա՝ Հայաստանում ներկայացրած կազմակերպության դիտորդական խմբի տեսակետերին: Մյուս կողմից՝ ոչ հեռու անցյալում հնչեցված բավական խիստ քննադատությունից հետո ԵԱՀԿ-ն որեւէ գործնական քայլ չի ձեռնարկել իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այս հարցադրումներին, ԵԱՀԿ փոխդեսպան Իլեյն Կոնկեւիչը ասաց, թե դիտորդական առաքելության հավաքած տեղեկատավությունը, որ ուղարկվել է եվրոպական կառույցներ, արդեն տալիս է պտուղներ. անցյալ շաբաթ Վենետիկի հանձնաժողովը որոշ առաջարկություններ է ներկայացրել ոչ միայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարելավման, այլեւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման առումով: Այդ առաջարկությունները կքննարկվեն գալիք հունվարի վերջին՝ Երեւանում կայանալիք սեմինարում՝ ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ասուլիսում արծարծվեց նաեւ Հայաստանում խոսքի ազատության հարցը:
Այդ շրջանակում, խոսելով «Ա1+» հեռուստաընկերության մասին, որը անցած տարի կապուղուց զրկվելուց հետո մասնակցել-պարտվել է մի քանի կապուղիների մրցույթներում, Վլադիմիր Պրյախինը ասաց. - «Մրցույթի սկզբունքը, որին մասնակցում է «Ա1+»-ը, այնպիսին է, որ մեկը պիտի պարտվի, եւ չկա որեւէ երաշխիք, որ հետագայում պարտվողներից մեկը չի դիմի ԵԱՀԿ՝ թե ինքը պարտվել է սեփական քաղաքական գծի համար»: ԵԱՀԿ ներկայացուցչի կարծիքով, առաջին հերթին պետք է պարզապես ժողովրդավարական մրցույթ անցկացնելու մեխանիզմներ ստեղծել:

Այդուհանդերձ, Վլադիմիր Պրախինի կարծիքը հայաստանյան մամուլի ազատության մասին հետեւյալն է. - «Հայաստանյան մամուլում կա ժողովրդավարություն, եւ խոսքի ազատությունն իրականացվում է»:

ԵԱՀԿ ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակին, եւ, նրա տվյալներով, Հայաստանը համախառն ներքին արդյունքի 15, 9 տոկոս աճի տեմպերով զբացեղնում է երկրորդ տեղը աշխարհում՝ զիջելով միայն Բրազիլիային: Հարկ է նշել, այդուհանդերձ, թե Պրյախիինի համար նույնպես գաղտնիք է, թե դա ինչ է տվել Հայաստանի շարքային քաղաքացիներին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG