Մատչելիության հղումներ

Կառավարությունը հատուկ զարգացման ծրագիր է հաստատում ակնագործության եւ ոսկերչության համար


Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2004-2006 թվականներին Հայաստանի ակնագործական եւ ոսկերչական ոլորտի զարգացման միջնաժամկետ ծրագիրը։

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի փաստարկմամբ՝ նման ծրագրի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին 6 տարիներին ակնագործության եւ ոսկերչության բնագավառի աննախադեպ թռիչքով. տասնապատկվել է ակնագործական ընկերությունների թիվը, գրեթե տասնապատկել է Հայաստանում արդյունաբերության եւ արտահանման առաջատար ճյուղի թողարկումը՝ 23 միլիոն դոլարից հասցնելով 223 միլիոնի: Բնագավառում զբաղվածների թիվը 1000-ից հասել է 7000-ի:

Այս ամենի արդյունքում, ըստ Կարեն Ճշմարիտյանի, Հայաստանը առաջնակարգ դիրքեր է զբաղեցնում աշխարհում:

«Այս ոլորտում համաշխարհային շուկայում Հայաստանը իր ծավալներով զբաղեցնում է 9-րդ տեղը, իսկ արտադրողականությամբ՝ 5-րդ տեղը», - ասաց նախարարը:

Նրա մատուցմամբ, 2006 թվականին մշակված ակնեղենի ու ոսկերչական իրերի թողարկման ու արտահանման ծավալը կհասնի 500 միլիոն դոլարի, կստեղծվի եւս 10 հազար աշխատատեղ։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված պետության միջամտությունը, եթե առանց դրա ակնագործությունը կարողացել է տասնապատկել իր թողարկումը ու աննախադեպ զարգացում ունենալ, Ճշմարիտյանը ասաց, թե եռամյա ծրագիրը ներկայացնում է ակնագործական ոլորտի մասնավոր ընկերությունների հավաքական շահերը, եւ լուծումներ է տալիս այն խնդիրներին, որոնք տարիների ընթացքում այդ ընկերությունները առաջադրել են պետությանը։

Նախարարի խոսքերով, ակնեղենի պահանջարկն ամբողջ աշխարհում աճում է, համապատասխանաբար աճում է նաեւ առաջարկը։ Այսօր ակնհայտ է նաեւ զարգացած երկրներից դեպի զարգացող երկրները (ուր աշխատուժը շատ ավելի էժան է) այդ արտադրությունը տեղափոխելու միտումը: Օրինակ, նույն որակավորում ունեցող նիստավորողը Միացյալ Նահանգներում, Բելգիայում կամ Իսրայելում 6-10 անգամ ավելի բարձր է վարձատրվում, քան Հայաստանում կամ Չինաստանում։

Հայաստանի ակնագործական ոլորտում այսօր միջին աշխատավարձը 120-130 դոլար է։ Առաջիկա երեք տարիներին այն կաճի ոչ մեծ չափով՝ հասնելով 200 դոլարի։

Ոլորտի ընդլայնման ծրագրերին, սակայն, կարող է խոչընդոտել բնական ալմաստե հումքի պրոբլեմը։ Մինչ այժմ հումքի գերակշիռ մասը շուկայականից շատ ավելի ցածր գներով Հայաստանը միջպետական պայմանագրերով սահմանված քվոտաներով ստացել է ռուսաստանյան մենատեր «Ալռոսա» ընկերությունից։ Իսկ այս տարի Ռուսաստանի կառավարությունն ազատականացրել է այդ ոլորտը, ինչի հետեւանքով հումքի գները կտրուկ բարձրացել են՝ մոտենալով միջազգային գներին։ Այդ պատճառով քվոտայով նախատեսված 400 հազար կարատի փոխարեն Հայաստան է ներկրվել ընդամենը 100 հազար կարատ ալմաստե հումք՝ հիմնականում խոշոր ընկերությունների պահանջով։

Այդուհանդերձ ոլորտը աճել է, ինչը լավատեսություն է ներշնչում Կարեն Ճշմարիտյանին, թե հնարավոր կլինի հաջորդ տարի կարգավորել հարաբերությունները «Ալռոսա»-ի հետ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG