Մատչելիության հղումներ

Հունական OTE-ն դիմել է Լոնդոնի միջազգային դատարան


Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ վայելող «ԱրմենՏել»-ի հիմնական բաժնետեր, հունական OTE ընկերությունը Հայաստանի հանրապետության դեմ հայց է ներկայացրել Լոնդոնի միջազգային արբիտրաժին: Նույն ատյանին դիմելու որոշում է կայացրել նաեւ «ԱրմենՏել» ընկերության խորհուրդը:

OTE-ն փաստորեն հակընդդեմ հայց է ներկայացրել, քանի որ Հայաստանի կառավարությունը դեռեւս 2000 թվականին էր Լոնդոնի դատարանին հայց ներկայացրել ընդդեմ հունական այդ ընկերության:

«Մենք ունենք մեր լուրջ առարկությունները», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Հայստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: - «Քանի որ հայցերը մեզ են ուղղված, մենք կպաշտպանվենք եւ եթե տեսնենք, որ պրոցեսը շարունակվում է, մենք ունենք նաեւ մեր ուրույն հայցը, որը կներկայացնենք»:

Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կառավարության նախատեսած իրավական քայլերը բխում են օրենքից: «Մեր խորին համոզմամբ [այդ քայլերը] սուբյեկտիվ չեն, այլ օբյեկտիվ իրավիճակն են արտացոլում, ուստի եւ որեւէ փոփխություն մեր քաղաքականության մեջ տեղի չի ունենալու լոկ այն պատճառով, որ մեր նկատմամբ ներկայացված է հայց»:

Անցած երկուշաբթի «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի նիստում սակագների հետ կապված որեւէ որոշում չի քննարկվել: Այսինքն՝ ուժի մեջ է մնում տնօրենների խորհրդի նախկին որոշումը հունվարի 1-ից հեռախոսավարձի կտրուկ բարձրացման մասին:

Անդրադառնալով սակագների հարցին, նախարարը ասաց. - «Կարծում եմ, շատ շուտով շատ հստակ իր լուծումը կստանա: Տրասպորտի եւ կապի նախարարը ներկայացրել է իր պաշտոնական հանձնարարականը, որը «ԱրմենՏել»-ը չի կատարել, եւ լիցենզիայով նախատեսված են մեխանիզմներ, ինչպես պարտադրել կատարել «ԱրմենՏտել»-ին օրինական պահանջները»:

Տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց, որ սակագների բարձրացման վերաբերյալ «ԱրմենՏել»-ի որոշման դեմ հայցը արդեն վաղը ներկայացվելու է դատարան:

Հարկ է նշել, որ «ԱրմենՏել»-ին տրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը ներկայումս ուսումնասիրվում է կառավարությունում: Նախատեսվում է դրանով «ԱրմենՏել»-ին զրկվել բջջային, ինտերնետային կապի եւ միջազգային ելքի մենաշնորհներից:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG