Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը հույս ունի մասնակցել Իրաքի վերականգնողական ծրագրերին


Երեքշաբթի օրը պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ հայկական ընկերությունները դեռ կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Իրաքի վերականգնողական ծրագրերից, չնայած Հայաստանը դուրս է մնացել Միացյալ Նահանգների հայտարարած մրցույթից:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը ասել է, թե հարցը ներկայումս քննարկվում է ամերիկյան կողմի հետ: Գասպարյանը նաեւ վերահաստատել է Հայաստանի մտադրությունը «Իրաք գործուղել իր զինվորական բժիշկներին, սակրավորներին եւ այլ աջակից անձնակազմ»:

«Մրցութային այս փուլին չմասնակցելը ընդհանրապես չի փակում դռները մեր առջեւ», - տարածված հայտարարության մեջ ասել է արտգործնախարարության խոսնակը: - «Ներկա մրցույթը վերաբերում է առաջնային կոնտրակտներին, որոնց շահելու հավանականությունը խիստ նվազ է անգամ ցուցակում ընդգրկված շատ երկրների համար: Ընդհակառակը, հայկական ընկերություններին առաջիկայում հնարավորություն կընձեռնվի շահավետ պայմանագրեր ձեռք բերել որպես ենթակապալառու: Սրա շուրջ ամերիկյան կողմի հետ ներկայումս տարվում են աշխատանքներ եւ հուսով ենք, որ դրանք դրական արդյունք կտան»:

Միացյալ Նահանգներին իրաքյան պատերազմում անվերապահ աջակցություն ցույց տված երկրների ցուցակը, որոնք կարող են մասնակցել վերականգնողական աշխատանքներին, ներառում է 61 երկիր: Հայաստանի հարեւանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը ընդգրկված են այդտեղ:

«Հայաստանը, կիսելով Սադդամ Հուսեյնի վարչակարգի հանդեպ ԱՄՆ տեսակետները, որդեգրել էր առավել զուսպ մոտեցում այս հարցում: Այն թելադրված էր նաեւ Իրաքում եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում բնակվող հայ համայնքների գոյությունը չվտանգելու մտահոգությամբ, ինչը ըմբռնումով է ընդունվել ԱՄՆ-ի կողմից», - ասված է Գասպարյանի հայտարարության մեջ: - «Միաժամանակ, Հայաստանը մշտապես հանդես է եկել Իրաքում կայունության եւ խաղաղության հաստատման օգտին եւ պատրաստակամություն հայտնել իր ուժերի չափով մասնակցել դրան: Հայաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Իրաք գործուղել իր զինվորական բժիշկներին, սակրավորներին եւ այլ աջակից անձնակազմ: Ներկայումս հայկական կողմը բանակցում է այդ ծրագրի իրագործման տեխնիկական մանրամասները:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG