Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հայտարարում է «նախագահական ընտրությունների 3-րդ փուլի» մեկնարկը


Մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում շաբաթ օրը անցկացրած հանրահավաքում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, ընդունելով, որ նախագահական ընտրություններից հետո իրենք «չկարողացան իրացնել ժողովրդի պահանջը», հայտարարեց նախագահական ընտրությունների «3-րդ փուլ» մտնելու մասին:

«Վստահության հանրաքվեն ճանապարհ է քաղաքակիրթ ձեւով լուծելու իշխանության լեգիտիմության հարցը Հայաստանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դաշինքի առաջնորդ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ ավելացնելով. - «Եթե այդ հնարավորությունը չօգտագործվի, հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իշխանությունների վրա»:

Ընդդիմության առաջնորդի խոսքերով, իրենք «տրամաբանական ավարտին են հասցնելու իրենց սկսած գործը եւ արդեն «մտել են 3-րդ փուլ»:

Մայրաքաղաքի՝ երբեմնի արդյունաբերական ու հիմնականում բանվորներով բնակեցված թաղամասում անցկացված հանրահավաքի եկած մարդիկ դժգոհում էին, թե նախագահ Քոչարյանը չի կատարում իր նախընտրական խոստումները՝ մասնավորապես «Հայէլեկտո» գործարանը աշխատեցնելու մասին, որի բանվորները աշխատավարձ չեն ստացել 1999 թվականից ի վեր: Բողոքում էին նաեւ ընդդիմությունից, որը «չի կարողանում կազմակերպել ժողովրդին»:

Ստեղծված իրադրությունից ելքի մասին խոսեց ընդդիմության առաջնորդներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը. - «Բնականաբար, ելքը մեկն է՝ վարչախումբը պետք է հեռանա»:

«Գնահատելով պահը՝ կոչ ենք անելու ձեզ ոտքի կանգնել եւ հետ վերցնել ձեզանից զավթված իշխանությունը», - հանրահավաքի մանսակիցներին դիմեց Բազեյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բազեյանը, հայտնելով իր անձնական տեսակետը, ասաց, թե անհրաժեշտ է փակել Բաղրամյան պողոտան՝ «պարալիզացնելով նախագահի աշխատակազմի եւ Ազգային ժողովի գործունեությունը»:

Հարցին, թե արդյո՞ք ժողովուրդը կգնա այդ քայլին, Բազեյանը պատասխանեց. - «Եթե ժողովուրդը չգա, ապա չի ունենա ընդդիմությունից դժգոհելու այն իրավունքը, որը այժմ ունի: Օբյեկտիվորեն այսօր ժողովուրդը դժգոհ է ընդդիմությունից. մենք չկարողացանք իրացնել հասարակական պահանջը... Ուրեմն ինչ-որ սխալներ ենք էլ ունեինք: Հիմա մենք պետք է դասեր քաղենք անցած էտապից եւ նոր մարտավորություն որդեգրենք»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG