Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Իլհամ Ալիեւին


Երեկ Միացյալ Նահանգներում՝ Քլիվլենդի հիվանդանոցներից մեկում վախճանվել է Արդբերջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը: Նրա աճյունը կբերվի Բաքու, որտեղ երկուշաբթի օրը կկայանա հուղարկավորությունը: Ադրբեջանում 7-օրյա սուգ է հայտարարվել:

80-ամյա Հեյդար Ալիեւի մահվան պատճառը չի հրապարակվում: Հայտնի է, սակայն, որ Քլիվլեդում նա բուժում էր ստանում սրտի եւ երիկամների հետ կապված:

Հեյդար Ալիեւի մահվան կապակցությամբ նրա որդուն՝ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամլո գրասենյակը, երեկ ուշ երեկոյան Իլհամ Ալիեւին հեռախոսով իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ահմադ Սեզերը՝ նշելով, որ դա կորուստ էր նաեւ միջազգային հանրության համար: Ըստ նույն աղբյուրի շաբաթ առավոտյան Իլհամ Ալիեւին ցավակցել են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի անունից Ադրբեջանի նախագահին ցավակցել է երկրի ազգային անվտանգության խորհրդի խոսնակը:

«Սառը պատերազմի պատմության մեջ եւս մի էջ փակվեց», - Վաշինգտոնից փոխանցում է Ամերիկայի հայկական համագումարը: Այդ կազմակերպության գործադիր տնօրեն Ռոսս Վարդյանի խոսքերով, Հեյդար Ալիեւը «բաց թողեց» իր ժողովրդին ու կովկասյան իր հարեւաններին «խաղաղություն բերելու մեծ հնարավորությունը». - «Նա չկամեցավ ընդունել, որ այժմ անկախ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընտրել էր Ադրբեջանի իշխանությունից ազատ լինելու ուղին եւ հաջողությամբ այդ ընտրությունը պաշտպանել էր նաեւ ճակատամարտի դաշտում»:

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը այսօր հույս է հայտնել, որ իրենց պետությունը, որի հիմնադիրը Հեյդար Ալիեւն էր, կապրի ու կզարգանա եւ «չի դառնա տարածաշրջանում վատ փոփոխությունների ականատես»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG