Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու կրտսեր Ալիեւը գոհ են իրենց առաջին հանդիպումից


Հինգշաբթի օրը ժնեւում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Վարած բանակցությունները երկու նախագահները բնութագրել են որպես «շատ անկեղծ»:

Ըստ լրատվամիջոցների հաղորդումների, Ռոբերտ Քոչարյանը եւ Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւը լավ տրամադրությամբ են դուրս եկել բանակցություններից հետո: Լրագրողներին նրանք ասեն են, թե հիմնականում «տեսակետեր են փոխանակել», թե ինչպես ինչպես աշխուժացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային պրոցեսը, որը սառեցվել են տարեսկզբին՝ երկու երկրներում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հիմնականում նախագահները առանձին են բանակցել. Մինսկի խմբի միջազգային միջնորդները ներսում են եղել հանդիպման սկզբում՝ շատ կարճ ժամանակ: Հանդիպումը տեւել է մեկուկես ժամից ավելի:

Հայաստանի հանրային հեռուստատեսության մեջբերմամբ, Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե ինքն ու Ալիեւը «վերլուծել են նոր իրադրությունը» հակամարտության գոտում, սակայն կարգավորման կոնկրետ ծրագրեր չեն քննարկել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը ընդհանուր առմամբ գոհ է հանդիպումից:

Ադրբեջանի նախագահը, իր հերթին, լրագրողներին ասել է, որ հանդիպման փաստն իսկ դրական է եւ որ երկու նախագահները «պատրաստ են շարունակել բանակցությունները»: Իլհամ Ալիեւը ասել է, թե նման հանդիպումները «շարունակականության տարր» են պարունակում՝ ակնհայտորեն նկատի ունենալով իր հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ երկու տասնյակից ավելի հանդիպումները 1999-2002 թվականներին:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. - «Մենք այսօր սպասում ենք Ադրբեջանի նախագահի կողմից դրական ազդանշանների` բանակցություններն առկա հիմքի վրա շարունակելու համար: Այդ դեպքում 2004-ի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հասնել հարցի խաղաղ կարգավորմանը, եւ մեր կողմից որեւէ միտումնավոր ձգձգում չի լինի»:

Ադրբեջանը, մինչդեռ, հերքում է ինչ-ինչ համաձայնությունների առկայությունը: Այսօրվա բանակցություններից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը, ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, հայտարարել է, թե չի բացառվում, որ կողմերը սկսեն նոր խաղաղ գործընթաց՝ պայմանավորելով, թե Ադրբեջանի նորընտիր նախագահը կարող է ունենալ «նոր գաղափարներ»:

Քոչարյանն ու Ալիեւը Ժնեւում մասնակցում են երեկ սկսված տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին: Նրանց հանդիպումը հետեւեց ընդամենը մի քանի օր առաջ՝ անցած շաբաթավերջին միջազգային միջնորդների՝ Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ այցին, որի ընթացքում նրանք կողմերին առաջարկել էին քննարկել հակամարտության լուծման իրենց չհրապարակված «նոր գաղափարները»:

Օսկայանը, այդուհանդերձ, նույն հարցազրույցում պնդում է, որ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում համանախագահները «նոր առաջարկություններ չեն արել, նոր մտքեր չեն հայտնել»: «Այսինքն, կարելի է եզրակացնել, որ, թերեւս, նրանք հաշվարկել են, որ Իլհամ Ալիեւը այս պահին դեռեւս պատրաստ չէր այդ գաղափարները լսելուն», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG